ԿԳ նախարարն ընդունել է Գյոթեի ինստիտուտի նախագահ Կ.Դ. Լեհմանին

2017-06-02

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանին: 
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է հայ-գերմանական կրթական համագործակցությունը և առանձնակի ընդգծել Գյոթեի ինստիտուտի ներդրումն այդ ասպարեզում: Շեշտելով, որ Գյոթեի ինստիտուտի հայաստանյան թիմն արդյունավետ և կարևոր աշխատանք է կատարում մեր երկրում գերմաներենի տարածման և զարգացման ուղղությամբ՝ Լևոն Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգում նախատեսվող փոփոխությունները: Լևոն Մկրտչյանի տեղեկացմամբ՝ նախարարության կողմից մշակվել է օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների հայեցակարգը, որտեղ առանձնակի կարևորվում է լեզուների, այդ թվում նաև գերմաներենի ուսուցման զարգացումը: Հայեցակարգի շրջանակում օտար լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցներում բացի լեզվի, գրականության և մշակույթի ուսուցումից, դիտարկվում է նաև որևէ բնագիտական առարկայի ուսուցման կազմակերպումը համապատասխան լեզվով: Նախարարը նշել է, որ այս հարցում հայկական կողմն ակնկալում է Գյոթեի ինստիտուտի աջակցությունը՝ նկատի ունենալով, որ Հայաստանում գերմաներենով դասավանդող բնագիտական առարկաների նեղ մասնագետներ չկան.«Մենք ակնկալում ենք, որ DAAD-ի ծրագրերի շրջանակում մանկավարժները կարող են համապատասխան վերապատրաստում անցել»,- նշել է ԿԳ նախարարը:
Իր հերթին Գյոթեի ինստիտուտի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ գործնական առաջարկության համար, ընդգծելով, որ իրենք մեծ սպասումներ ունեն նախաձեռնության իրագործումից և պատրաստակամ են խորացնել համագործակցությունը:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում Գյոթեի ինստիտուտի գրասենյակի գործունեությանը և ընդգծել, որ հետևողական քայլեր են ձեռնարկվում Հայաստանում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղի բացման ուղղությամբ: Նշվել է, որ Հայաստանի դպրոցականները գրավել են երրորդ պատվավոր տեղը Գյոթեի ինստիտուտի կողմից 2 տարին մեկ կազմակերպվող գերմաներեն լեզվի միջազգային օլիմպիադայում: Հայաստանում Գյոթեի ինստիտուտի ներկայացուցչության աջակցությամբ կազմակերվում են գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, առաջիկայում երրորդ անգամ անցկացվելու է գերմաներեն դասավանդողների համաժողովը:  
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-գերմանական համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր, մասնավորապես կարևորվել է համագործակցության կապերի ամրապնդումը ՄԿՈՒ ոլորտում, Գյոթեի ինստիտուտի շրջանակում տարածաշրջանային ծրագրերի իրականացումը: 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։