Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր
2017-06-01
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և երեխայի խնամքի համակարգի ու ներառական կրթության ոլորտում ներկայումս իրականացվող բարեփոխումների շրջանակներում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Միջոցառումը նվիրված էր Երեխայի իրավունքների կոնվենցիայում ամրագրված երեխաների հիմնարար իրավունքների լուսաբանմանը, ինչպես նաև՝ 2014-2017թթ. հիմնական ձեռքբերումներին և մարտահավերներին, մասնավորապես, թե ինչու է Հայաստանը նախաձեռնել բարեփոխումների գործընթացը: Ասուլիսին մասնակցում էին ԱՄՆ ՄԶԳ կողմից համաֆինանսավորվող «Խոցելի երեխաների սոցիալական ներառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության հիմնական գործընկերները: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շնորհավորել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ` ընդգծելով, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: «Մինչև 2025 թվականը մեր երկիրն անցնելու է համընդանուր ներառականության: Առհասարակ, ներառական կրթության ոլորտում Հայաստանը մեծ և բավականին հաջողված փորձ ունի: Երբ քննարկում ենք վերոնշյալ երեխաների հարցը, մենք հաճախ կենտրոնանում ենք միայն ուսուցման պայմանների վրա՝ թեքահարթակ, շինություն այլն: Կարծում եմ` այն սխալ հարցադրում է. երբ գլխավոր խնդիրը դնում ենք ֆիզիկական հարթության մեջ, մենք մոռանում ենք անձնավորությանը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մշտապես պետք է իրենց զգան որպես կոլեկտիվի անհրաժեշտ անդամ, հետևաբար ներառական կրթության խնդիրը մանկավարժական է` ինչպես կազմակերպել նրանց կյանքը ուսումնական խմբում, որպեսզի այդ երեխաներն օգտակար լինեն մյուսների համար: Այսինքն, այս խնդիրն ունի մեկ՝ գաղափարախոսական լուծում` բացառապես համագործակցային հիմքերով: Եթե գործունեության կազմակերպման սկզբունքը մրցակցային է, դա արդեն փակուղի է»,-նշել է նախարարի տեղակալը:
Ասուլիսի մյուս բանախոսները` ՀՀ աշխաատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանն անդրադարձել է Երեխայի խնամքի համակարգի բարեփոխման խնդիրներին` խնամքի հաստատությունների վերակազմակերպումն ու այլընտրանքային ծառայությունների հիմնումը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը` այլընտրանքային խնամքին և ծառայություններին, ինչպես նաև ներկայացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Ֆորմալ այլընտրանքային խնամքի համակարգում երեխաների թվաքանակի գնահատում. մարտահրավերներ ու արդյունքներ» զեկույցը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բուլղարիայի գրասենյակի փորձագետ, ծրագրի ղեկավար Միլենա Հարիզանովան իր հերթին ներկայացրել է Բուլղարիայում երեխայի խնամքի համակարգի բարեփոխման գործընթացը, քաղած դասերը և իրականացված բարեփոխումների առավելություններն ու թերությունները:
Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձել են նաև երեխայի կրթության իրավունքի իրացմանը երեխայի իրավունքների համատեքստում, հաշմանդամություն ունեցող երեխաների վաղ հայտնաբերման և նրանց հանրակրթական դպրոցներում ներառելու կարևորությանը: