Որակյալ կրթության ապահովման նորարարական մեթոդներ
2017-05-29
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս նախարարի պաշտոնակատար Լ. Մկրտչյանի և «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը` ի դեմս նախագահ Ա. Իսպիրյանի, կարևորելով ՀՀ հանրակրթության բնագավառում նորարարական կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ որակյալ կրթության ապահովումը, այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր:
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հուշագրի միջոցով փորձելու են «Մանկավարժական նախաձեռնություն» ասոցիացիայի` հանրակրթական համակարգում տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը դարձնել հանրային սեփականության առարկա: Ըստ Լևոն Մկրտչյանի` Հայաստանն ունի փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում որակյալ կրթություն կազմակերպելու խնդիր, քանի որ երեխաները մեղավոր չեն, որ մի դպրոցում են սովորում, որտեղ ընդամենը 12 աշակերտ կա: «Մենք պետք է հասկանանք, թե եղած պայմաններով ինչպես կարող ենք կրթության որակ ապահովել: Օրինակ, «Բյուրակն» կրթահամալիրի փորձը շատ հետաքրքիր է մեզ համար թե՛ կիրառելիության իմաստով, թե՛ այն առումով, որ նույն ձևով կիրառելի է դառնում, երբ աշակերտն ընտրում է իր մասնագիտությունը: Բացի այդ, կրթահամալիրի արձանագրած արդյունքները բավականին հուսադրող են, իսկ արդյունքի խորքում դրված է մեթոդ, որը կարողացել է հարմարեցվել ոչ միայն մեր երկրում, այլև նախկին ԱՊՀ երկրներում: Այնտեղ գիտակրթական փորձարկումների մեջ առաջացել են ձևավորված համակարգեր, որոնք յուրաքանչյուրն իր տեղում արժեք է արտադրում` բավականին լավ որակով: Ճիշտ է, այդ արժեքների մի մասը միայն կրթահամալիրինն է և բացի «Բյուրակն»-ից ոչ մի տեղ չի լինի այն ներդնել, քանի որ դրա համար հարկավոր է` անցյալ, ուսուցիչների հատուկ պատրաստվածություն, բայց կան մեթոդներ, որոնք կարելի է կիրառել այլ դպրոցներում: Ուստի, ցանկանում եմ, որ բոլորս մեկ անգամ ևս հիշենք և մեր հարգանքի տուրքը մատուցենք «Բյուրակնի» երջանկահիշատակ տնօրենին` Սպարտակ Մանուկի Մկրտչյանին, ով հեռացավ մեզնից: Շատ հետաքրքիր մի փաստ եմ ուզում արձանագրել` մարդը լքում է այս աշխարհը, բայց իր տեսակետը, իր գործը շարունակություն է ունենում և նա մեր բոլորի մեջ է, որովհետև իր կարճատև կյանքի ընթացքում կարողացել է ձևավորել թիմ, գաղափար և այդ գաղափարը տարածվելով` դարձել է ոչ թե մեկ դպրոցի սեփականություն, այլ Հայաստանում գործ ունենք ցանցային համակարգի հետ»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարանների խնդրին:
«Մանկավարժական նախաձեռնություն» ասոցիացիայի նախագահ Արա Իսպիրյանն էլ իր հերթին նշել է, որ իրենց նպատակն է ՀՀ-ում նպաստել նոր կրթական իրողության կայացմանը, այսինքն` նորարարական նախաձեռնություններով հանդես գալ, որը որոշակի խնդիրներ կլուծի կրթական ոլորտում: «Ուսուցման կոլեկտիվ եղանակի գաղափարախոսության հիմքում ընկած են ընդհանուր ճակատի բացակայության և յուրաքանչյուր երեխայի համար անհատական ուսումնական ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Մենք ունենք բազմակազմ դասարաններ, որտեղ տարբեր դասարանների ներկայացուցիչներ հավաքված են մեկ լսարանում: Աշակերտներն ուսումնասիրում են տարբեր ուսումնական նյութեր, իսկ ուսումնասիրության հնարավորությունը հենց մեր նորարարական նյութերն են տալիս»,-նշել է նա:
Հանդիպմանը ներկա, հիմնականում փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող և նշված փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրենները կիսվել են իրենց ուսհաստատությունների փորձով:
Նշենք, որ հուշագրի շրջանակում կողմերը համատեղ կիրականացնեն ՀՀ-ում ուսուցման կոլեկտիվ եղանակի կայացման ու տարածման գործընթացը: Համաձայն փաստաթղթի` կողմերը կհամագործակցեն կադրերի վերապատրաստման, կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման, համապատասխան նյութերի, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, մշակման և հրատարակման, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծման, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպական բնույթի այլ ուղղություններով:
«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան պատրաստ է աջակցել փոքրաթիվ աշակերտական թվաքանակ և բազմահամակազմ դասարաններ ունեցող դպրոցներում ներդնել ուսուցման կազմակերպման նոր, տվյալ դպրոցների հնարավորություններին համապատասխան տեխնոլոգիաներ` արդյունավետ և որակյալ ուսուցում կազմակերպելու համար: