Լևոն Մկրտչյանի ողջույնի խոսքը շրջանավարտներին
2017-05-25
Հայաստանի բոլոր դպրոցներում այսօր հնչում է Վերջին զանգը, և կրթօջախի սաներին այս ղողանջները կրկին ազդարարելու են նոր ճանապարհի մեկնարկը:
Սիրելի շրջանավարտներ, դուք կյանք եք մտնում մեր պետության և ժողովրդի համար անչափ կարևոր ու բարդ ժամանակաշրջանում և անգամ ամենախաղաղ մասնագիտությունն ընտրելիս պետք է առաջնորդվեք առաջնագծում գտնվողի պատասխանատվությամբ, քանի որ մենք չունենք առաջնագիծ և թիկունք, ու մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է լինել զգոն և պատասխանատու:
Սիրելի մանկավարժներ, այս օրը հիշարժան է նաև ձեզ համար: Դուք կարողանում եք տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ կրթել ու դաստիարակել հայրենիքին նվիրված, գիտելիքներով հարուստ և արժանապատիվ սերունդ:
Մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը դարձնել տնտեսապես ու քաղաքականապես հզոր, բոլոր մարտահրավերներին դիմակայող, զարգացած և ամուր պետություն, հասնել նրան, որ կարողանանք հպարտանալ մեր անվանի գիտնականներով, մշակույթի և սպորտի գործիչներով, բարեկիրթ և օրինապահ քաղաքացիներով:
Համոզված եմ, որ ձեր սերունդը հենց այդ Հայաստանը կառուցող սերունդն է լինելու:
Նոր ճանապարհի մեկնարկը տրված է, և ակնհայտ է մի բան, որ ցանկալի ապագան պայմանավորված է ձեր աշխատասիրությամբ և գիտակցված քայլերով:
Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ ու անմոռանալի օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ Վերջին զանգի ղողանջները դառնան ձեզ համար անհասանելի թվացող բարձունքների նվաճման, նոր և ցանկալի հաջողությունների ձեռքբերման սկիզբն ու ավետաբերը: