Լևոն Մկրտչյանն ընդունել է Բրանդենբուրգի երկրամասի գիտության նախարարին
2017-05-24
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում աստղաֆիզիկայի զարգացմանը նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով :
Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններում կրթագիտական համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի: «Շնորհակալ ենք Հայաստանի կրթության և գիտության ոլորտներում գերմանական կողմի ցուցաբերած աջակցության և համագործակցության համար: Մեր կրթական համակարգում ներկայում կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, և այդ համատեքստում մենք բարձրագույն կրթության, նաև գիտության նոր մոդելի մշակման առջև ենք կանգնած: Այս առումով Գերմանիայի հետ համագործակցությունը շատ կարևոր է: Շնորհակալ ենք նաև Եվրոպական Միությանը՝ իր թիրախային համագործակցության համար»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը՝ կարևորելով Հայաստանի անդամակցությունը Հորիզոն 2020-ի գիտական ծրագիրն և այդ շրջանակում համատեղ գիտական նախագծերի իրականացման հնարավորությունը: Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ առաջիկայում կամրապնդվեն ու կզարգանան հայ-գերմանական գիտական հարաբերությունները ոչ միայն աստղաֆիզիկայի այլ նաև տարբեր ուղղություններով: Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ դրանք ուղղված են կրթության որակի բարձրացմանը կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև կրթություն-գիտություն, կրթություն-աշխատաշուկա կապի հնարավոր օպտիմալ մոդելի մշակմանը: Այդ առումով Լևոն Մկրտչյանը կարևորել է գերմանական փորձի ուսումնասիրությունը:
Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարարն իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ ուրախությամբ է ընդունել Հայաստան այցելելու հրավերը և շատ տպավորված է Բյուրականում անցկացվող աստղաֆիզիկայի և գեոհետազոտությունների խնդիրներին վերաբերվող գիտաժողովից: «Համաժողովն իսկապես արդյունավետ էր, մենք համոզվեցինք, թե աստղաֆիզիկայի ոլորտում որքան արդյունավետ են համագործակցում մեր երկու երկրների, կրթական, գիտական հաստատությունները: Համաժողովի արդյունքում պայմանավորվեցինք ամրապնդել և զարգացնել հետագա համագործակցությունը՝ մասնավորապես նպաստելով ուսանողների փոխանակումներին, կրթաթոշակների տրամադրմանը, գիտական շփումներին, այդ հարցում ակտիվացնելով Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայության (DAAD ջանքերը»,-նշել է տիկին Մյունխին: Պատրաստակամություն հայտնելով համագործակցությունն ակտիվացնել նաև կրթության ոլորտում՝ տիկին Մյունխին շեշտել է,- «Ի դեմս կրթության և գիտության՝ Դուք ղեկավարում եք Ձեր երկրի համար կարևորագույն ոլորտներ: Ես ևս եղել եմ կրթության նախարար և գիտեմ, որքան պատասխանատու է երիտասարդներին կրթելու հանձնառությունը, քանի որ այդ գործունեությունից մեծապես կախված է երկրների ապագան»:
Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի հետ համագործակցության սկիզբը դրվել է անցած տարվա մարտ ամսին` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Բոլոնիայի գործընթացին, Եվրոպական կրթական տարածքի ընդհանրական խնդիրներին, միջդպրոցական կապերի ամրապնդմանը և հայ-գերմանական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի: