Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել առարկայական օլիմպիադաների հաղթողներին

2017-05-24

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է 2016-17 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմակիր աշակերտներին: Շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին` Լևոն Մկրտչյանը, մասնավորապես, նշել է. «Հաջողությունները ձեզ համար պետք է լինեն լուրջ հիմք` ապագան կերտելու համար: 21-րդ դարի սերունդն է այստեղ հավաքվել, և դուք բոլորովին տարբեր եք, քանի որ աշխարհը շատ արագ փոխվում է` կրթական համակարգի բովանդակությունն ու որակն էլ դրա հետ մեկտեղ: Դուք մեր երկրի քաղաքացիներն եք, և ուր էլ ձեզ կյանքը նետի, ինչ մասնագիտական ու անձնական ճանապարհով էլ գնաք, պետք է հիշեք, որ դուք 5000 տարվա պատմություն ունեցող ժողովրդի ավանդույթների շարունակողն եք: Պետք է այնպես անենք, որ ինչպես 5000 տարվա մեջ մեր ժողովուրդն աշխարհի ժողովուրդների գրադարանում ունեցել է իր հատուկ տեղն ու ձեռագիրը, այնպես էլ այս նոր աշխարհում պետք է ունենա իր տեղը: Վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ ունենք անընդհատ զարգացող պետություն, և մեր երկրի բախտը ձեր ձեռքին է լինելու: Ինչ հաջողություններ ունեք, պետք է շարունակեք, իսկ բացասականը պետք է թողնենք անցյալում, քանի որ դուք մեծ առաքելություն ունեք: Հիշեք, որ հաջողությունն ու անհաջողությունը իրար հետ են գալիս: Դուք այսօր հաղթողներ եք, բայց միշտ չէ, որ պետք է հաղթեք, երբեմն կունենաք նաև անհաջողություններ ու պարտություններ, բայց դուք պետք է շարունակեք ձեր ընտրած ճանապարհով առաջ գնալ»: Լևոն Մկրտչյանը հատուկ շնորհակալություն է հայտնել մանկավարժական կազմին՚ ընդգծելով, որ այն իր ուսերին տանում է օլիմպիական շարժումը:

Նախարարի պաշտոնակատարը պատվոգրեր է հանձնել առաջին կարգի դիպլոմների արժանացած ավելի քան 60 աշակերտի:

Նշենք, որ 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 47500 սովորող: Դպրոցական օլիմպիադաները կազմակերպվում են 16 առարկայից, որոնց հանրապետական փուլին մասնակցել է շուրջ 1700 աշակերտ: Առաջին կարգի դիպլոմների է արժանացել 62, երկրորդ կարգի դիպլոմի` 120 և երրորդ կարգի` 156 աշակերտ: «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաներից մեր սովորողները մասնակցում են նաև միջազգային օլիմպիադաներին, որոնց թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից:

 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։