Դպրոցականների օլիմպիադա` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի

2017-05-18

Տեղի է ունեցել 2016-2017 ուումնական տարվա «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների առարկայական օլիմպիադան: Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Արցախի թիմերը: ՀՀ ԿԳՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի փողային նվագախմբերի կատարումների ներքո տեղի են ունեցել օլիմպիադիայի հանդիսավոր բացման և փակման արարողությունները. հնչել են ՀՀ հիմնը, բարձրացվել ՀՀ և Արցախի պետական դրոշները: 
Օլիմպիադայի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտադպրոցական կրթության վարչության պետ Ա. Պետրոսյանը: Նա կարևորել է դպրոցականների մասնակցությունը նման միջոցառումներին` ընդգծելով, որ հաղթանակից առավել կարևոր է մասնակցությունը, քանի որ, ըստ Ա. Պետրոսյանի, նման մրցումների ժամանակ մասնակիցները ձեռք են բերում նորանոր գիտելիքներ և լավ ընկերներ: Այնուհետև Օլիմպիադայի պաշտոնական բացումն իրականացրել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Վերջինս շնորհավորել է օլիմպիադայի բոլոր մասնակիցներին` նրանց մաղթելով հաջողություն: Արկադի Տեր-Թադևոսյանը կարևորել է դպրոցական թիմերի մասնակցությունը նման միջոցառումներին` առաջնային համարելով հայրենիքի պաշտպանությունն ու զինվորականի անբասիր կերպարը: 
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվել է 7 մրցաձևերից` թեստային առաջադրանքներ, հրաձգություն, ինքնաձիգի ոչ լրիվ քանդում հավաքում, կրոսավազք /տղաները` 1000 մետր, աղջիկները` 500 մետր/, նռնակի նետում, ձգումներ պտտաձողի վրա /տղաներ/, հենում պառկած դիրքում հրումներ /աղջիկներ/, շարային պատրաստություն:
Օլիմպիադայի փակմանը մասնակցել և մրցանակները հանձնել է ՀՀ հանրապետական զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: Նա լավագույն արդյունք ցուցաբերած դպրոցականներին հորդորել է ընտրել զինվորականի մասնագիտությունը` ներկայացնելով այդ մասնագիտության մի շարք գրավիչ կողմեր:
2016-2017 ուսումնական տարվա «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի օլիմպիադային առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրել են Արցախի, Լոռու և Տավուշի մարզերի թիմերը: 
Օլիմպիադայի թեստային առաջադրանքներից լավագույն մասնակիցներ են ճանաչվել` 1-ին մրցանակ` Հակոբյան Հասմիկ Սուրենի /Արցախ/, Մարկոսյան Էմմա Արմենի /Կոտայք/, 2-րդ տեղ` Ղումաշյան Գուրգեն Ռոբերտի /Լոռի/, Հայրիյան Տիգրան Ժիրայրի /Արցախ/, 3-րդ տեղ` Գրիգորյան Արամ Էռնեստի /Արցախ/, Պետրոսյան Քրիստինե Գեղամի /Շիրակ/: 
Օլիմպիադայի առանձին մրցաձևերից հաղթողներ են ճանաչվել` ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում` Սարգսյան Արմեն Էդիկի /Արցախ/, հրաձգություն` Ծերունյան Մերուժան Հարությունի /Լոռի/, նռնակի նետում նշանակետին` Հախվերդյան Համլետ Վալերիկի /Կոտայք/: 
Օլիմպիադայի մասնակիցների ժամանցն առավել հետաքրքիր և լեցուն անցկացնելու  նպատակով Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի սաների կատարմամբ հնչել են բազմաթիվ ռազմահայրենասիրական երգեր ու պարեր:

 

 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։