Հայաստանում է Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը

2017-05-17

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները: Նախարարներն ընդգծել են, որ երկու երկրների գիտակրթական համակարգերում առկա են միևնույն մարտահրավերները, որոնց պետք է լուծումներ գտնել համատեղ ջանքերով և տարածաշրջանային ծրագրերով:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև ստորագրվել է հուշագիր` ի դեմս ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և Վրաստանի փոխվարչապետ, ԿԳ նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի: ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկերոջը՝ Հայաստանում հյուրընկալվելու համար: «Ալեքսանդրե Ջեջելավայի` նախարար նշանակվելուց հետո կտրուկ և լուրջ փոփոխություններ են եղել մեր երկկողմ հարաբերություններում՝ հանրակրթության, միջին և բարձրագույն կրթության ոլորտներում, ինչպես նաև գիտության բնագավառում այն իմաստով, որ փորձելու ենք անցնել գործնական ծրագրերի՝ մեր երկու երկրների կրթական հիմնախնդիրները քննարկելու և համապատասխան լուծումներ գտնելու համար: Մեր երկու երկրներն էլ նույն կրթական բարեփոխումների փուլում են՝ միաժամանակյա և միաձև հիմնախնդիրներով, և իսկապես համագործակցության մեծ հնարավորություն կա ոչ միայն երկկողմ, այլ նաև Հայաստան-Վրաստան դեպի Եվրոպա ուղղությամբ: Թե բարձրագույն կրթության, և թե գիտության մեջ մենք ունենք լուրջ համատեղ ծրագրեր, որոնք կարող ենք ներկայացնել մեր եվրոպացի գործընկերներին, քանի որ նաև նույն ակումբների անդամ ենք թե Հորիզոն-2020-ի, և թե Բոլոնիայի գործընթացի մասով, և այս ուղղությամբ կա լուրջ հնարավորություն: Այսինքն՝ պետք է փորձենք մեր երկրները դիտարկել իբրև մեկ միասնական կրթական տարածք՝ նույն խնդիրներով և նույն արժեհամակարգով»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ստորագրված փաստաթուղթը շատ կարևոր է այն իմաստով, որ այն ոչ միայն մտադրությունների հուշագիր է, այլ նաև ունի հստակ առաջադրանք աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի արդյունքում ընդամենը մի քանի ամսից անցում կարվի գործնական աշխատանքի:

Վրաստանի ԿԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Լևոն Մկրտչյանին հյուրընկալության համար՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացումը: «Իմ աշխատանքային առաջին այցերից մեկը հենց եղել է  Ախալքալաքում հայ մանկավարժների հետ հանդիպումը: Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ մեր երկու երկրների համագործակցությունը լավագույն մակարդակում է վերջին տասնամյակում, իսկ այս պահին, կարծում եմ, այն ամենաբարձրն է: Մենք ունենք ընդանուր խնդիրներ, նպատակներ և մոտեցումներ, որի արդյունքում մի շարք հստակ քայլեր են ձեռնարկվելու տարբեր ուղղություններով մոտակա մի քանի ամսում: Առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը և հայոց լեզվի դասավանդման ծրագիրը: Հետևաբար մեր առաջին երկկողմանի համագործակցությունը հենց այս ուղղությամբ է լինելու: Այստեղ շատ կարևոր է երիտասարդ ուսուցիչների վերապատրաստումը, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն նորովի մտնել դպրոցներ և կատարել մեծ փոփոխություններ: Մենք նախատեսում ենք որոշակի համատեղ գործընթացներ նաև բարձրագույն կրթության ոլորտում և հավատում ենք, որ կկարողանանք այդ ամենն իրականացնել միջազգային մակարդակով»,-նշել է վրացի նախարարը՝ ընդգծելով, որ ձևավորվող աշխատանքային խմբերի գործունեության առաջին արդյունքը մինչև տարեվերջ տեսանելի կլինի: «Երկու հարևան երկրները դարեր շարունակ թե պատմական զարգացումների առումով, թե կրթության և գիտության ոլորտներում ունեցել են համընդհանուր նպատակներ, որը պետք է շարունակական լինի և լավագույնս ներկայացվի միջազգային ատյաններին»,-նշել է Վրաստանի ԿԳ նախարարը:

Նշենք, որ համաձայն հուշագրի` կողմերը պարտավորվում են զարգացնել անմիջական համագործակցություն երկու երկրների բարձրագույն կրթական, գիտական և հետազոտական հստատությունների միջև, խթանել կրթական համակարգերի կառուցվածքի, բովանադակության և կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը՝ համագործակցությունը բարելավելու նպատակով:

Ըստ համաձայնագրի` կողմերը հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, գիտության և հետազոտության ոլորտներում կստեղծեն աշխատանքային խմբեր: Նախատեսվում է փոխադարձ հիմունքներով տրամադրել բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական աստիճանի առավելագույնը 10 կրթաթոշակ:

կողմը պարտավորվում է Հայաստանի քաղաքացիներին ազատել Վրաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե այն չի գերազանցում 2250 վրացական դրամական միավոր: Հայկական կողմը պարտավորվում է Վրաստանի քաղաքացիներին ազատել Հայաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում  ուսման վճարից, եթե վերջինս չի գերազանցում 1.000.000 դրամը:

Երկու կողմերից առաջադրված ուսանողները պարտավորվում են հավաստել դասավանդման լեզուների որոշակի մասնագիտացման մակարդակ (անգլերեն և ռուսերեն), հակառակ դեպքում` ուսանողները պարտավորվում են հանձնել որոշ ներքին քննություններ՝ կազմակերպված տվյալ բարձրագույն կրթական հաստատության կողմից:

Վրաստանի ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան, ծանոթացել հին ձեռագրերին, եղել Մ. Սեբաստացի կրթահամալիրում և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։