Իթվինինգ ծրագրի 5-ամյակը Հայաստանում

2017-05-16

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում այսօր մեկնարկել է համաժողով` նվիրված Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին։ Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրին մասնակից ՀՀ ուսհաստատությունների,  Լեհաստանի Էրազմուսպլյուսի և Իթվինինգի ազգային գրասենյակների և Իթվինինգի Կենտրոնական աջակցման ծառայության ներկայացուցիչներ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայումս խիստ կարևորվում է էլեկտրոնային կրթությունը, որի ձևաչափի մեջ առկա է ակնառու հաջողություն: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծրագրում ներգրավված բոլոր ուսումնական հաստատությունների պատասխանատուներին, մասնակիցներին, ԿՏԱԿ-ին, մեր գործընկեր կառույցներին և ԵՄ գործընկերներին, որովհետև այս ծրագիրը մեծ հնարավորություններ է բացել մեր կրթական համակարգի համար: Մենք հնարավորություն ունենք մաս կազմել եվրոպական մտածողության և ունենալ լավագույն գործիքները, որ այսօր կիրառվում են աշխարհում: Մեր խնդիրը մեր տարածքի բազմազանության և մեր դպրոցների աշխարհագրության մեջ է: Այսօր ունենք հարյուրավոր դպրոցներ, որոնք ունեն փոքրաքանակ աշակերտություն և միակն են իրենց բնակավայրերում: Դրա համար պետք է փորձենք ունենալ մի ծրագիր, որով 20-30 աշակերտ ունեցող դպրոցներին ապահովենք ժամանակակից կրթությամբ: Եվ այլ ձևաչափ, քան էլեկտրոնային կրթությունն է, չկա: Սա ենթադրում է բավականին լուրջ, հետևողական աշխատանք: Բացի Իթվինինգ ծրագրից, ունենք մենթոր դպրոցների համակարգ, շատ դպրոցներ իրենց նախաձեռնությամբ են աշխատում, և ներկայումս կարիք ունենք այս ամենն ամփոփել, ձևավորել  մեկ ամբողջական ուղղվածություն, որն իսկապես կմտնի մեր դպրոցների առօրյայի մեջ»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ հաջորդ խնդիրն ուսուցիչների որակի հարցն է: «Սա բերում է մեր հաջորդ բարեփոխմանը՝ ուսուցիչների վերապատրաստումների գաղափարախոսության փոփոխությանը: Այս համատեքստում ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի բարեկամներին, որ բացեցին մեզ համար Իթվինինգ ծրագիրը և գնահատեցին մի քանի տարիների մեր լուրջ և հետևողական աշխատանքը: Այն, որ այսօր Հայաստանը բացված է եվրոպական ընտանիքի համար, մեծագույն արժեք է մեզ համար: Այսօր որպես թիրախ` դրված է հասնել 800 դպրոցի, որը կբերի որակական փոփոխության մեր կրթական համակարգում: Եթե կարողանանք սա իրականացնել, ապա իսկապես կունենանք ժամանակակից, բոլորովին այլ հանրակրթական համակարգ: Ծրագիրն իրավամբ կարող է բանալի հանդիսանալ կրթության որակի հետ կապված շատ հիմնախնդիրներ լուծելու համար»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ ծրագրի մասնակիցներին մաղթելով հաջողություն: Նախարարը շնորհակալագրեր է հանձնել մի շարք դպրոցների` Իթվինինգ ծրագրում հաջող և արժեքավոր համագործակցության համար:

Համաժողովի ընթացքում ներկայացվել է 2013-2017թթ. ծրագրի ընթացքը, «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման» ազգային ծրագիրը, ինչպես նաև նախանշվել հետագա  զարգացման հիմնական ուղղությունները։

Նշենք, որ 2013թ․ Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում հնարավորություն ստացավ միանալու Եվրոպական դպրոցների համագործակցության Իթվինինգ համայնքին։ Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005թ․, որպես Կոմենիուս ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայումս Էրազմուս+ ծրագրի մաս է։ Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել և գործում են աջակցման ծառայություններ։ Հայաստանում որպես աջակցող գործակալություն ընտրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։ Մինչ այժմ տարբեր փուլերում Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրով միասնական համայնքում ներառվել են Հայաստանի 150-ից ավելի դպրոց և շուրջ 700 ուսուցիչ:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։