Արվեստի մասնագիտությունների դասավանդումը ՄԿՈՒ հաստատություններում
2017-05-12
Աղվերանում մեկնարկել է «Ստեղծագործական արվեստի մասնագիտությունների դասավանդումը նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատությունների մասնագիտական կրթական ծրագրերում. մարտահրավերներ» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցում են արվեստի մասնագիտություններով ուսուցում կազմակերպող քոլեջների և ուսումնարանների, արվեստի բուհերի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), միջազգային կառույցների և ԿԳՆ-ի ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի անունից ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ քննարկում: Նա նաև նշել է, որ աշխատաժողովը կազմակերպվել է ԿԳ նախարարի մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տրված հանձնարականի շրջանակում: «Մինչև օգոստոս պետք է մշակվի ՄԿՈՒ զարգացման ռազմավարությունը, գործողությունների ծրագիրը և ժամանակացույցը՝ 2017-2021 թվականների համար: Մենք ՄԿՈՒ ոլորտի զարգացման ռազմավարության մեջ ոլորտային, այդ թվում նաև արվեստի մասնագիտությունների զարգացումը դիտարկում ենք որպես առանձին ուղղություն: Այս աշխատաժողովի նպատակն է՝ քննարկումների միջոցով վեր հանել առկա բոլոր խնդիրները, ձևավորել շահեկան առաջարկներ, որոնք օգտակար կլինեն ներկայացվող ծրագրերի մշակման, արվեստի մասնագիտություններով կրթության որակի բարելավման և զարգացման համար»,- նշել է Ա. Աղբալյանը:
ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանն իր խոսքում ընդգծել է, որ արվեստի մասնագիտությունների շուրջ երկու տասնյակ կրթական չափորոշիչ է մշակվել: Դրանք ներդրված են 12 ՄԿՈՒ հաստատություններում և պարբերաբար վերանայվում են՝ հաշվի առնելով ուսումնական հաստատություններից ստացված առաջարկներն ու աշխատաշուկայի զարգացող պահանջները:
Աշխատաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել Երևանի թիվ 1 տարածաշրջանային, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական, Արմավիրի արվեստի պետական քոլեջների և Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարանի պատասխանատուները: Նրանք հիմնականում անդրադարձել են համապատասխան մասնագիտություններով կրթական չափորոշիչներին և մոդուլային ուսուցմանը, որն առանձին դեպքերում՝ մասնագիտական առանձնահատկություններից ելնելով, ուսուցման գործընթացում առաջ է բերում որոշակի խնդիրներ:
Աշխատաժողովին մասնակիցներն առանձնակի կարևորել են քոլեջից բուհ անցումը: Քննարկման ժամանակ ընդգծվել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արվեստի մասնագիտությունների ուղղությամբ բուհերում հեռակա ուսուցում հիմնականում չի կազմակերպվում, խնդիր է առաջանում ուսանողների կրթության շարունակականության ապահովման տեսանկյունից: Հարց է բարձարացվել նաև ՄԿՈՒ մասնագիտությունների /որակավորումների/ ցանկի և ուսուցման տևողության վերանայման վերաբերյալ:
Աշխատաժողովի ընթացքում տեղի են ունեցել խմբային քննարկումներ՝ տարբեր մասնագիտությունների թեմատիկ ուղղվածությամբ, քննարկվել են 2017-2021 թվականների ՄԿՈՒ բարեփոխումների ծրագրում արվեստի մասնագիտությունների զարգացման հետ կապված առաջարկությունները: