ՀՀ կրթության և գիտության նախարարն այցելել է «Գլաձոր» համալսարան

2017-05-12

Երևանի  «Գլաձոր»  համալսարանում մայիսի 12-ին  տեղի է ունեցել բուհի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Բուհի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը շնորհակալություն է հայտնել նախարարին  նիստին մասնակցելու համար՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակը կրթության ոլորտում էական նշանակություն ունեցող բարձրագույն կրթության որակին առնչվող հիմնախնդիրների քննարկումն է:

Նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել բուհի ողջ անձնակազմին՝ շեշտելով, որ  «Գլաձոր» համալսարանն առաջին բուհերից  մեկն է, որը, ըստ նախարարի, Հայաստանում փորձեց կայացնել ոչ պետական բուհական համակարգը: «Երկիրն ունի լիարժեք կրթական համակարգ, եթե առկա են նաև որակ ապահովող ոչ պետական բարձրագույն ուսհատատություններ:  «Գլաձոր»  համալսարանն իր պատմության ընթացքում անցել է դժվարությունների միջով, սակայն կարողացել է պահպանել իր որակը: Այս համատեքստում շատ կարևոր է, որ  բուհի հիմնադիրը, դասախոսն ու ուսանողը գիտակցում են համալսարանի առաքելությունը: 25-ամյա անկախության ճանապարհին մենք կարողացել ենք ձևավորել մեր ազգային կրթական համակարգը: Որդեգրելով եվրոպական կրթական համակարգը՝ մենք մոտեցել ենք բարեփոխումների երկրորդ փուլին, երբ արդեն ունենք միջազգային չափանիշներին համապատասխան ձևաչափ, և եկել է ժամանակը՝ այն լցնել համապատասխան բովանդակությամբ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ներկայումս ընթացող բարձրագույն կրթության բարեփոխումների ծրագրում առանձնացվել են մի քանի սկզբունքներ՝ գիտելիք, հմտություններ և դաստիարակություն: «Բարեփոխումների համատեքստում պետք է հստակեցվեն նաև համալսարանական կրթության համակարգը, ֆինանսավորման մեխանիզմները, ուսանողակենտրոն կրթությունը: Վերջինիս կապակցությամբ ցանկանում եմ շեշտել, որ պետք է ապահովել ուսանողների շարժունություն նաև երկրի ներսում, և բուհերը պետք է բացեն իրենց լաբորատորիաները, գրադարանները, առհասարակ, իրենց ռեսուրսները բոլոր ուսանողների համար՝ այսպիսով մոտենալով ցանցային համալսարանների գաղափարին: Սա իր հերթին ենթադրում է եռանկյունի՝ բուհ, գիտական հաստատություն, մասնավոր հատված: Բացի այդ, Հայաստանը բարձրագույն կրթության ոլորտում պետք է որդեգրի սոցիալական պատասխանատվության խնդիր, և կրթությունը պետք է մատչելի լինի սոցիալական բոլոր շերտերի համար»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ առկա է նաև ՀՀ վարչապետի հանձնարարական՝ սահմանված ժամկետներում անցկացնել բուհերի  առարկայական հավատարմագրում:

Ելույթից հետո ներկաները նախարարին ուղղել են մի շարք հարցեր: Մասնավորապես, վերջիններս հետաքրքրվել են, թե պետությունն ինչպիսի ուշադրություն է դարձնում հիմնարար գիտությունների զարգացմանը, հասարակագիտական առարկաների կարևորությանը, ուսանողների համար գիտությամբ զբաղվելու մատչելիությանը, պետական աջակցությանը երիտասարդ գիտնականների ծրագրերին և այլն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։