Ամփոփվել է «Նոր սերնդի դպրոց 2015-2016» վարկանիշավորման մրցույթը
2017-04-14
Հայաստանի Հնարապետության կրթության և գիտության նախարարությունը Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի և Dasaran կրթական ծրագրի հետ համատեղ կամակերպել է «Նոր սերնդի դպրոց 2015-2016» վարկանիշավորման մրցույթը: Հաղթողների անուններն արդեն հայտնի են։ Ապրիլի 13-ին Dasaran կրթական կենտրոնում տեղի է ունեցել մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողությունը:
Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը նշել է, որ «Նոր սերնդի դպրոց» ծրագիրն իրականացվում է արդեն 6 տարի շարունակ և նպատակ ունի նպաստել հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համակարգչային գիտելիքների վերազինմանը, դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառման և Dasaran-ի էլեկտրոնային հարթակի լիարժեք գործածման խրախուսմանը, ծնողների համար ուսումնական գործընթացն ու աշակերտների առաջադիմությունն առավել թափանցիկ և վերահսկելի դարձնելուն:
Հաղթող ճանաչվելու համար մասնակից դպրոցների ուսուցչական անձնակազմերն ուսումնական տարվա ընթացքում պետք է արդյունավետ կերպով կիրառեին Dasaran-ի կողմից մշակված արդիական մեխանիզմներն ու բազմաճյուղ հնարավորություններ տվող էլեկտրոնային գործիքները:
«Նոր սերնդի դպրոց 2015-2016» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողության ժամանակ ընդհանուր առմամբ 71 դպրոց պարգևատրվեց տարբեր մրցանակներով, այդ թվում՝ համակարգիչներով, գրադարաններով և պատվոգրերով:
Հայաստանյան և արցախյան դպրոցներից ամենաբարձր արդյունավետությունն են դրսևորել հետևյալ դպրոցները`
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոց,
ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց,
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Հայրենյացի միջնակարգ դպրոց,
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Զորավանի միջնակարգ դպրոց,
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամաբակի հիմնական դպրոց,
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Մուղնու Մեսրոպ Աշճյանի անվան հիմնական դպրոց,
ԱՀ, Ասկերանի շրջան, գ. Նորագյուղի միջնակարգ դպրոց: