Բարեփոխումների շարունակականության ապահովումը` առաջնահերթ պայման
2017-04-07
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ԵՄ աջակցության հնարավոր ուղղություններն ու հիմնական գերակայությունները: Շնորհակալություն հայտնելով Եվրոպական Միությանը կրթության բարեփոխումների գործընթացին ցուցաբերված աջակցության համար՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այս փուլում առաջնայինի շեշտը պետք է դնել երկու հիմնական ուղղությունների վրա. բարձրագույն կրթության և հանրակրթության որակի բարելավում: Նախարարն ընդգծել է, որ բարձրագույն կրթության ոլորտում գերակա խնդիր է դիտարկվում գիտակրթական կլաստերի ստեղծումը, իսկ հանրակրթության ոլորտում՝ կրթական ծրագրերի փոփոխությունը, ինչպես նաև գյուղական փոքր դպորցների հզորացումը: Հանրակրթության ոլորտի խնդիրներից նախարարը կարևորել է ծրագրերի արդիականացման, ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի ստեղծման և բովանդակային բարելավման հարցը, որն ենթադրում է մի շարք համակարգային փոփոխություններ: Այս համատեքստում մասնավորապես անդրադարձ է եղել Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխմանը: Լևոն Մկրտչյանի ընդգծմամբ՝ գյուղական փոքր դպրոցների զարգացումն ու հզորացումը ՀՀ կառավարության գերակայությունենրից է, որտեղ առաջնահերթ պետք է դիտարկել հեռավար կրթության հնարավորությունենրի ընդլայնումը, բնական գիտությունների, մաթեմատիկայի և տեխնոլոգիաների կրթության զարգացումը: Ներկայացնելով կրթության ոլորտի բարեփոխումների ընթացքը՝ նախարարն ընդգծել է, որ կրթության բարեփոխումները կարիք ունեն շարունակականության ապահովման և շատ կարևոր է, որպեսզի միջազգային կառույցների աջակցությամբ որևէ բարեփոխման մեկնարկից առաջ այդ պայմանը հաշվի առնվի: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մի շարք աշխատանքային հարցեր: