Փոխհատուցվել է 745 ուսանողի ուսման վարձ

2017-03-03

ՀՀ բուհերի 745 ուսանող այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից ստացել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։ Հավաստագրերն ուսանողներին է հանձնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Շնորհավորելով ուսանողներին կրթաթոշակ ստանալու կապակցությամբ՝ վարչապետն իր խոսքում անդրադարձել է կառավարության գործունեությանը և նշել, որ գործադիրն ախտորոշել է բոլոր ոլորտների խնդիրները, ձևակերպել տեսլականն ու այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն: «Հորիզոնը, որը մեզ համար ձևակերպել ենք՝ շատ ամբիցիոզ է, վստահ ենք, որ որոշ ժամանակ անց ունենալու ենք մի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք: Մեր տարածաշրջանը, այն մարտահրավերները, որ ունենք, դրդում են մեզ, պահանջում, դարձնում հրամայական՝ լինել խելացի և կիրթ»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: 
Կառավարության ղեկավարը նշել է, որ շահագրգռված է, որպեսզի ուսանողները շարունակեն գիտելիք ստանալ, կրթվել և այդպիսով մոտիվացնեն մյուսներին: Գործադիրը հետազոտություններ է կատարել, թե ինչ պետք է անել, որպեսզի տնտեսությունը զարգանա: «Կրթված զանգվածը մեր հասարակության մեջ բավականին մեծ է, բայց այն արդյունավետությունը, որ այսօր ունենք, չի բավարարում: Հետևաբար, մեր խնդիրն ու հրամայականն է՝ բուհական համակարգը դարձնել ժամանակակից, որը կարձագանքի շուկայի պատվերներին: Այդ առումով, չափազանց շահագրգռված եմ, որ շարունակեք նույն տեմպերով, կարողանաք ձեր վերաբերմունքը գիտելիքի, ուսման նկատմամբ վարակի նման տարածել, լինեք հայրենասեր և սիրեք ձեր երկիրը»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ շահագրգռված է նաև, որպեսզի երիտասարդները ցուցաբերեն քաղաքացիական ակտիվություն, լինեն հանդուրժող մեկը մյուսի նկատմամբ, բայց անհանդուրժող՝ անարդարության հանդեպ: «Մենք իրականում ունենք ունիկալ շանս՝ լինելով ավանդապաշտ, հարգելով մեր պատմությունը, կրթվելով՝ լինել բաց, տոլերանտ և ժամանակակից»,- ասել է վարչապետը:
Նշենք, որ ՀԵՀ-ը ՀՀ կառավարության աջակցությամբ ուսման վարձերի փոխհատուցման ծրագրեր իրականացնում է 2011 թվականից։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տարբեր ծրագրերի շրջանակներում մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցել է շուրջ 6000 ուսանողի ուսման վարձ։ Երիտասարդական հիմնադրամը պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի առաջին կուրսում սովորողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ Այս տարի մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 1305 ուսանող։ 
Մրցույթի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել սոցիալապես անապահով ընտանիքների, երրորդ խմբի հաշմանդամ, սահմանամերձ համայնքների, ինչպես նաև գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողները։ Մասնավորապես, Հայկական պետական մանկավարժական համալսարանից մրցույթին դիմել է 299 առաջին կուրսեցի, որոնցից փոխհատուցվել է 156-ի ուսման վարձը։ Երևանի պետական համալսարանից փոխհատուցվել է 157 ուսանողի (դիմել են 237-ը), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից 69 ուսանողի (դիմել են 189-ը) ուսման վարձը և այլն։ 
Մրցույթի շրջանակներում ներգրավված են նաև մարզերում գործող բուհերի ուսանողները։ Մասնավորապես, ուսման վարձի փոխհատուցման ծրագրից օգտվում է Վանաձորի պետական համալսարանի 44 (դիմել են 57-ը), Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 25 ուսանող (դիմել են 32-ը) և այլն։
Ուսման վարձի փոխհատուցում է ստանում նաև զինծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած 11, ինչպես նաև՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած 5 ուսանող։ 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։