Նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
2017-03-03
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` կրթության ծրագրերի պատասխանատու, Կրթության բարելավման ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում մեր երկրում իրականացվել են համակարգային կարևոր փոփոխություններ` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ:
Հանդիպման առանցքում եղել է ՀԲ-ի կողմից հաստատված նոր դրամաշնորհային ծրագրի իրականացման մանրամասները: Հայաստանին տրամադրվող 340 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հիմնական իրականացնողը Գնահատման և թեստավորման կենտրոնն է: Դրամաշնորհը 2 բաղադրիչ ունի` ավարտական միասնական քննություններում համակարգչային մեթոդների ներդրում. որպես փորձնական ծրագիր ընտրվել է «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկան և երկրորդ` բուհական համակարգում ներդնել մագիստրոսական նոր կրթական ծրագիր` գնահատման համակարգի, թեսթավորման և ուսումնական այլ բաղադրիչների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀԲ-ի կողմից ակնկալվող դրամաշնորհային նոր ծրագրին: Նախատեսվում է, որ այն կուղղվի դպրոցական համակարգի արդյունավետության ուսումնասիրմանը, որի արդյունքում կմշակվի ծրագիր դպրոցական շենքերի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: