Ուսուցչի ձեռնարկի քննարկում` ՀՀ կրթության և գիտության նախարարությունում

2017-03-01

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ուղեցույցի քննարկումը, որին մասնակցել են Երևանի ավագ դպրոցների մի խումբ մանկավարժներ: Հեղինակը հանդես  է եկել դասախոսությամբ ՝ անդրադառնալով թեմայի դասավանդման բարդություններին և նրբություններին: «Հայաստանում ցեղասպանության դասավանդումը բավական երկար ճանապարհ է անցել: Անկախությունից հետո այս խնդիրը բարձրացվել է, որ Հայոց ցեղասպանությունն ու հայկական հարցը պետք է դասավանդվեն դպրոցում: Բավական երկար ճանապարհ կտրելուց հետո որոշ արդյունքի ենք հասել՝ շնորհիվ նախարարի: Այն ժամանակ էլ ԿԳ նախարարը Լևոն Մկրտչյանն էր, երբ ինձ առաջարկեցին գրել դասագիրքը, որը մի քանի փուլ ունեցավ՝ նախ Հայոց ցեղասպանության պատմությունը գրեցինք, որ ավելի բարձր դասարաններում պարապեն, և նոր պատմությունը, որ երեխաներին փոքր տարիքից կարելի է պարապել: Փոքր տարիքի երեխաների հետ մահվան, ցեղասպանության մասին խոսելու հարցը բավականին ծեծվել է, ԱՄՆ-ում մանկավարժների, հոգեբանների հետ խորհրդակցել ենք: Նկատի ունենալով այլ ժողովուրդների փորձը, օրինակ՝ հրեաներինը, կարևորել ենք այն, թե ինչ մեթոդով և որքան պետք է ցեղասպանությունից խոսել երեխաների հետ: Ցեղասպանությունը բարդ հասկացություն է, և այդ հասկացությունը դասավանդելու համար երեխան պետք է մտավոր պատրաստություն ունենա: Զանազան թեմաներով երեխային պետք է պատրաստել: Օրինակ, առաջին դասարանում երեխան պետք է սովորի՝ ինչ է արդարությունը, ինչպես կարելի է դժվար վիճակից դուրս գալ, ինչ է կորուստը, ինչպես կարելի է հաղթահարել այն և այլն: Սրանք թեմաներ են, որ փոքր երեխաները կարող են ընկալել: Եվ երբ ապրիլն է գալիս, ուզենք, թե չուզենք, երեխաներն առնչվում են ապրիլի 24-ի, Ծիծեռնակաբերդի հետ: Արդեն այդտեղ կարելի է իրենց մտավոր պատրաստության մակարդակի սահմաններում խոսել՝ առանց արյունալի, սոսկալի տեսարանների: Մենք զոհի հոգեբանություն չի, որ տալիս ենք երեխաներին. ցեղասպանությունը մեր պահանջատիրության հիմքն է, չէ՞ որ մեր հանդեպ այդպիսի անարդարություն է կատարվել: Մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք, որն ամեն օր կրում է իր վրա այդ անարդարությունը: Ցեղասպանությունը մեր առօրյա կյանքի մեջ է, դրա համար էլ մեր կրթական ծրագրերը պետք է մշակվեն ավելի շեշտված ազգային գաղափարախոսությամբ: Պետք է երեխաներին սովորեցնել, որ թուրք և քուրդ ժողովուրդը մեծ մասնակցություն է ունեցել ցեղասպանություն իրականացնելիս, բայց նրանց հանդեպ պետք չէ ատելություն սրսկել»,-նշել է ձեռնարկի հեղինակը: 
Նշենք, որ ձեռնարկն, ի սկզբանե  նախատեսված է եղել սփյուռքի հայկական դպրոցների համար. այն  դեռևս 2011 թվականին ՀՀ ԿԳՆ-ի կողմից  երաշխավորվել է գործածության Սփյուռքում՝ որպես ուսումնաօժանդակ նյութ /Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը տեղադրվել է  www.spyurq.dasagirq.am կայքէջում/ :
2016թ. ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով լրամշակված ձեռնարկը երաշխավորվել է գործածության ՀՀ հանրակրթական դպրոցների համար՝ որպես ուսումնամեթոդական գրականություն՝ մինչև 2018 թվականը: Ձեռնարկը տպագրվել է և բաժանվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններին, այն նախատեսված է կրտսեր և միջին դպրոցում դասավանդող ուսուցիչների և դասղեկների համար: ԿԳՆ-ում կազմակերպված հանդիպումից հետո  հեղինակի և ուսուցիչների միջև ևս երկու հանդիպում տեղի կունենա Երևանի թիվ 19 և 24 դպրոցներում՝ մարտի 2-ին և մարտի 10-ին:
Ռուբինա Փիրումյանն ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս է: Կրթություն է ստացել Թեհրանում և ԱՄՆ-ում՝ մասնագիտանալով արևելագիտության ոլորտում: Նա ինը առաջատար մասնագիտական ընկերակցությունների անդամ է, 12 մենագրությունների ու  50-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ, ակտիվ հասարակական գործիչ: Մենագրություններից հատկապես առանձնանում են վերջին տարիներին հրատարակված երեք գրքեր, որոնցում արտացոլված է Հայոց ցեղասպանությունից հետո ԱՄՆ-ի երեք սերունդների վերաբերյալ հետազոտություններ: 
Ռ.Փիրումյանը զգալի ներդրում ունի նաև մանկավարժության ոլորտում` հանդիսանալով Հայ Դատին և Հայոց Ցեղասպանությանը նվիրված մի շարք դասագրքերի հեղինակ: Նա Հայոց ցեղասպանության դասավանդման  մեթոդիկայի վերաբերյալ  վերապատրաստումներ  է իրականացրել ԱՄՆ-ում և եվրոպական մի քանի երկրներում: Հայաստանում գործածվում է Ռ.Փիրումյանի «Հայոց հարցի պատմություն» դասագիրքը, որը երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից` որպես լրացուցիչ ուսումնական ձեռնարկ 10-11-րդ դասարանների համար:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։