Գնահատման համակարգի բարելավմանը նվիրված երկօրյա համաժողով
2017-02-23
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կրթության որակի շաբաթվա շրջանակներում այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալության նախագահ, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) խորհրդի անդամ Քրիստոֆ Գրոլիմունդը հայտարարել է, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը դարձել է ENQA լիիրավ անդամ: Նշվել է, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ անդամակցում է ENQA-ին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով ՈԱԱԿ-ին և կրթական համակարգի ներկայացուցիչներին ENQA անդամակցության առթիվ, նշել է. «Փոքր երկրները կարող են իրենց կրթությունը զարգացնել միմիայն մեծ քաղաքակրթական դաշտում: Եվ անդամակցությունը եվրոպական կառույցին նաև վստահության քվե է այն գործընթացներին, որ այսօր տեղի են ունենում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում»,-նշել է նախարարը` կարևորելով նաև առաջիկայում սպասվող ծրագրային հավատարմագրման գործընթացը: «Չի կարող լինել ինստիտուցիոնալ հավատարմագրում` առանց ծրագրային հավատարմագրման: Այն շատ կարևոր է և ուղղակիորեն առնչվում է որակին»,-շեշտել է Լևոն Մկրտչյանը:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով` ENQA-ին անդամակցությունը նշանակում է, որ Հայաստանում կարելի է դնել նման հավակնոտ նպատակներ և հասնել դրան:
Համաժողովի մասնակիցները քննարկել են, թե ինչպիսի գնահատում են ակնկալում բուհից ուսանողը, գործատուն և դասախոսը: Գործատուները կարևորել են, որ ուսանողներն իրենց մոտ գան որոշակի գործնական հմտություններով, իսկ որպես դրա ապահովման միջոց` առաջարկել, որ իրենք էլ ներգրավվեն ուսանողի գնահատման գործընթացում:
«Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով համաժողովի շրջանակներում վաղը կներկայացվեն կլաստերային աուդիտի նպատակը, չափանիշները, ոլորտները: Կհաջորդեն ոլորտային աշխատաժողովներ` նվիրված կլաստերային աուդիտի չափանիշների քննարկմանը: Կներկայացվի նաև որակի ապահովման ոլորտի միջազգային փորձը` Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի օրինակով: