Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ գիրք նվիրելու խորհրդանիշ

2017-02-21

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին,  Հյուսիսային համալսարանի  ուսանողներն ու դասախոսները ծաղկեպսակ են դրել Ամենայն հայոց բանաստեղծի հուշարձանին: 

Բացման խոսքում Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը նշել է, որ գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում բուհում ամեն տարի մեծ շուքով է նշվել Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, իսկ վերջին  տարիներին 4 գիտաժողով է կազմակերպվել՝ նվիրված մեծ գրողի ստեղծագործական ժառանգությանը. «Եվս  երկու տարի  և ողջ հայությունը մեծ շուքով կնշի մեծ բանաստեղծի ծննդյան 150-ամյակը: Մենք բոլոր ջանքերը կներդնենք հոբելյանը միջազգային  չափանիշներով նշելու համար.  նախատեսում ենք գիտաժողովներ, հանրապետական օլիմպիադաներ, թումանյանական թեմաներով տարաբնույթ այլ միջոցառումներ:Մենք նպատակ ունենք այդ առիթով համախմբելու համայն հայությանը, քանի որ Թումանյանը այն եզակի գրողն է, ով ուղեկցում է յուրաքանչյուր հայի օրորոցից մինչ խոր ծերություն»,- իր խոսքում նշել է Բ. Մակիչյանը:  

Ողջույնի խոսքում ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ,  «Լոռվա ձոր» ՀԿ նախագահ Ս. Երիցյանը նշել է, որ Հյուսիսային համալսարանի հետ համատեղ  Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կազմակերպչական հարցերի վերեբերյալ մի շարք առաջարկներ են քննարկվում. մասնավորապես, նախատեսվում է թվայնացնել Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը, հրատարակել երկերի լիակատար ժողովածուն, կարգի կբերել նաև գրողի թանգարանները Դսեղում և Երևանում: 

Միջոցառման ավարտին գիրք նվիրելու օրվա առթիվ Բ. Մակիչյանը ներկաներին նվիրել է «Սանահինի համալսարան-1050. համառոտ պատմություն» աշխատությունը (հեղինակ՝ Ս. Սարգսյան), որը հրատարակվել է Հյուսիսային համալսարանի հովանավորությամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։