«Համալսարանների միջազգայնացումը համաշխարհային միտում է»
2017-02-21
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացել է «Էրազմուս+» Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացման գործողության շրջանակներում «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում /Բուսթ/» ծրագրի մեկնարկային հանդիպումը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել և խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացմանը` մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքներ: Այն համակարգում է Հայկական պետական մանկավարժական համալսարանը:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությունը «Էրազմուս+» ծրագրերին: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ տարեցտարի այդ ծրագրերի համակարգողներ են դառնում հենց հայաստանյան բուհերը, որը դրական միտում է. «Համալսարանների միջազգայնացումը համաշխարհային միտում է. ամբողջ աշխարհում բուհերի համար առաջնային է միջազգայնացմանն ուղղված աշխատանքները: Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունները ևս կարևորում են իրենց գործառույթներն ու կարևոր քայլեր նախաձեռնում այդ ուղղությամբ»,-նշել է Կ. Հարությունյանը՝ կարևորելով, որ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում /Բուսթ/» ծրագրին հայաստանյան բուհերից բացի, մասնակցում են նաև եվրոպական առաջատար ուսումնական հաստատություններ:
Եռամյա ծրագրի համակարգող բուհի՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանը նշել է, որ բուհը միջազգային ծրագրեր ղեկավարելու բավականին լուրջ փորձ ունի: Նրա խոսքով՝ Հայաստանում միջազգային փորձը բարելավելու նպատակով ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային ծրագրի շրջանակներում կմշակվի միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ և գործիքակազմ: Կստեղծվի ազգային հարթակ, կուժեղացվեն ՀՀ բուհերի միջազգային բաժինների ռեսուրսները.««Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում /Բուսթ/» ծրագիրն ընդգրկում է լայն շրջանակ և նպատակաուղղված է ամենատարբեր գործընթացների միջազգայնացմանը»,-հավելել է Արա Երեմյանը:
Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան վստահություն է հայտնել, որ ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումն ու ազգային ծրագրի արդյունավետությունը հնարավոր է մասնակիցների համագործակցության և համապատասխան քայլեր ձեռնարկելու շնորհիվ:
Լանա Կարլովան կարևորել է, որ եռամյա ծրագրում ընդգրկված հայաստանյան բուհերն ու ՀՀ ԿԳՆ-ի ներկայացուցիչները, իրականացնելով ծրագրով նախատեսված դրույթները, համագործակցեն Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերների հետ՝ վերջիններիս միջազգայնացման հարուստ փորձը ներդնելով ազգային ծրագրում:
ՀՊՄՀ-ի Միջազգային բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանն էլ նշել է, որ բուհերի միջազգայնացման համար նախևառաջ մշակվելու է ազգային ռազմավարություն, համապատասխան մարքետինգային գործիքակազմ, որը կբարձրացնի համալսարանի տեսանելիությունը միջազգային մակարդակում: Ծրագրի կոնսորցիումն ընդգրկում է 12 անդամ, ներառյալ՝ 5 հայաստանյան համալսարաններ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը, ինչպես նաև 5 եվրոպական երկրներ: