Կարևորը գիրք նվիրելու ավանդույթի արմատավորումն է. Լ. Մկրտչյան

2017-02-20

Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հաճելի անակնկալ են մատուցել Avedisian School Ավետիսյան դպրոցի աշակերտները: Գիրք նվիրելու օրվա առիթով դպրոցի աշակերտության կողմից պատվիրակված 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Գալստյանը և 10-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի գլխավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին նվիրել են Ղևոնդ Ալիշանի «Այրարատ», իսկ փոխնախարար Մանուկ Մկրտչյանին «Կոմիտաս» գրքերը՝ փոխադարձաբար կրթության ոլորտի պատասխանատուներից նվեր ստանալով Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու գործերը: Աշակերտների հետ ունեցած կարճ զրույցի ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով գեղեցիկ անակնկալի համար, կարևորել է հասարակության մեջ, հատկապես երեխաների ու երիտասարդների շրջանում գիրք նվիրելու ավանդույթի արմատավորվումը: Նա երեխաներին հորդորել է լավ սովորել ու երբեք չհուսահատվել անհաջողություններից. «Կյանքը երբեք միայն հաջողություններից կամ էլ անհաջողություններից կազմված չէ, միշտ էլ անհաջողությանը փոխարինում է հաջողությունը և հակառակը, կարևորը՝ կյանքում չհուսահատվեք և առաջ գնաք ձեր ընտրած ազնիվ ճանապարհով»,-ասել է նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարը, օգտագործելով հանդիպման առիթը, հետաքրքրվել է, թե ինչպես են աշակերտներն ընդունում դպրոցում իրականացվող փոփոխությունները` մասնավորապես ավագ դպրոցի բեռնաթափման նախաձեռնությունը. «Շատ լավ, բայց ավելի շատ ուրախացել եմ, որ 4-րդ և 9-րդ դասարաններում վերականգնվել է թելադրություն, փոխադրություն գրելու պահանջը, քանի որ դրանց միջոցով կարողանում ես ներկայացնել քո ազատ մտածողության հնարավորությունը»,-ասել է Զավեն Անտոնյանը, ով, ի դեպ, նամակագրության 45-րդ միջազգային մրցույթի հատուկ մրցանակակիր է:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։