Հիմքում «երեխայակենտրոն դպրոցների» գաղափարախոսությունն է

2010-04-02

«Հիմնական կրթության և երեխայի զարգացում. Հայաստանի ազգային ծրագիր 2010-2015»-ի շրջանակում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին ստորագրեցին 2010-2011 թվականների համագործակցության ծրագիր: Շարունակական աշխատանքային ծրագիրի նպատակն է` բարձրացնել որակյալ կրթության հասանելիությունը և շարունակականությունը բնակչության առավել խոցելի խմբերի համար:

Կարևորելով ստորագրվող փաստաթուղթը` նախարարը նշեց, որ կրթական բարեփոխումների գործընթացում ՄԱԿ-ը, իր բոլոր գործակալություններով և կազմակերպություններով հանդերձ, հանդիսանում է նախարարության կարևոր գործընկերը: «ՄԱԿ-ի և նախարարության միջև համագործակցությունն ունի երկարամյա և արդյունավետ պատմություն: ՄԱԿ-ը մեծ ուշադրություն է դարձնում կրթական հիմնախնդիրներին և հանդիսանում է համաշխարհային մասշտաբով համապատասխան ոլորտում նպատակներ, գաղափարներ ներմուծող հիմնական կազմակերպություններից մեկը»,-նշեց նախարարը` հավելելով, որ ստորագրվող գործողությունների ծրագիրը նախևառաջ  միտված է երեխաների կրթական և այլ իրավունքների պաշտպանությանը հանրակրթական բնագավառում: Ըստ Ա. Աշոտյանի` 2010-2011թթ. գործողության ծրագիրը նախատեսում է բազմակողմանի աջակցություն այն բարեփոխումներին, որոնք շարունակական են և իրականացվում են այլ միջազգային կազմակերպությունների հետ միասին: Նախարարը, մասնավորապես, անդրադարձավ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման, հատուկ կրթության բնագավառում երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ներառական կրթության բարեփոխումների խնդիրներին: «Ծրագրում մեծ տեղ է հատկացված «երեխայակենտրոն դպրոցների» ստեղծման գաղափարախոսությանը, որը դրված է նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հիմքում և ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների շրջանակում է»,-ընդգծեց Ա. Աշոտյանը` անդրադառնալով նաև ծրագրում քաղաքացիական դաստիարակության բաղադրիչների ապահովման և դպրոցների կառավարման բարեփոխումների խնդրին` վերջինիս հարցում կարևորելով դպրոցներում ինքնագնահատման և ինքնավերլուծության ինստիտուտների ստեղծումը, որը թույլ կտա դպրոցներին լինել ավելի ինքնավար և թափանցիկ ու գնահատելի դարձնել ինքնագնահատման մեխանիզմները: Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից նախարարն անդրադարձավ նաև նշված ոլորտում քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ներդրմանը` ոլորտում հայտնի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:  Նախարարը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել վերոնշյալ խորհրդի անդրանիկ նիստը  և հույս հայտնեց, որ նաև մշտադիտարման միջոցով ուշադիր և հետևողական վերաբերմունքը կօգնի բացահայտել հատուկ դպրոցների համակարգում երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները, որոնք, ըստ նախարարի, այսօր համաշխարհային տարածում ունեն և  հանդիսանում են համընդհանուր ոչ միայն Հայաստանի, այլ նաև շատ քաղաքակիրթ պետությունների համար;
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին նշեց, որ կրթության և գիտության նախարարության դերն առանցքային է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Լեյլի Մոշիրին ևս ընդգծեց ծրագրում երեխայակենտրոն սկզբունքների, քաղաքացիական մասնակցության և ներառական կրթության ապահովումը; ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը նշեց, որ բացի ծրագրով նախատեսված 280 հազար դոլար ներդրումներից, ակնկալվում է նաև լրացուցիչ ֆինանսավորում, որը միտված կլինի կրթական ծրագրերում արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցման և կառավարման ռազմավարության ինտեգրմանն ուղղված գործընթացներին:
ՀՀ կառավարության, հիմնական դոնորների և քաղաքացիական հասարակության հետ համատեղ ծրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 2012  թվականն օժանդակել նախադպրոցական կրթության զարգացման պետական ծրագրին, որն ուղղված է 70 խոցելի համայնքներում քիչ ծախսատար նախադպրոցական ծառայությունների ստեղծմանը, ինչպես նաև աջակցություն և վերահսկողություն իրականացնել ներառական կրթության ընդլայնման և զարգացման ուղղությունների փոփոխության ոլորտում, հատուկ կարիքներով երեխաների ծառայությունների որակի բարելավման հարցում: Համաձայն ստորագրված փաստաթղթի` աջակցություն կցուցաբերվի կրթական համակարգի ամրապնդմանը հանրապետական  և տեղական մակարդակներում, ինչպես նաև դպրոցի կառավարման և ղեկավարման կարողությունների զարգացմանը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել դպրոցի ինքնագնահատմանն ու պլանավորմանը, տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու հնարավորություն ստեղծող տեղեկատվական համակարգի ամրապնդմանը և դպրոցի կառավարման հարցերում սովորողների, ինչպես նաև ընտանիքների և համայնքների մասնակցությանը: Բացի այդ, ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի պետական կրթակարգում կյանքի հմտությունների զարգացմանը միտված ծրագրերի ներառմանը` կարևորելով առողջ ապրելակերպի, ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի կանխարգելումը և շրջակա միջավայրին առնչվող թեմաները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։