ՏՏ գործիքների ներգրավումը՝ ժամանակի հրամայական

2017-02-16

Տեղի է ունեցել «ԻմԴպրոց» կրթական կայքի միջոցով կազմակերպված    «Մաթեմատիկա» առարկայի մրցույթի արդյունքների ամփոփումը և հաղթողների պարգևատրման արարողությունը:  Միջոցառումն իրականցվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, որին մասնակցել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 23 դպրոց: Մրցույթն անցկացվել է 2 փուլով, 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև: 5-րդ դասարանների մրցույթի 1-ին փուլի արդյունքներով 2-րդ փուլ են անցել 12 դպրոց, իսկ 6-րդ դասարանների միջև մրցույթի արդյունքներով՝ 10 դպրոց: Մրցույթի 2-րդ փուլի արդյունքներով հաղթող են դարձել Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցի 5-րդ «Ա» դասարանը՝ վաստակելով ամենաբարձր միջինացված միավորը` 37,6 (առավելագույն 50 միավորից) և Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցի 6-րդ «Գ» դասարանը՝ վաստակելով 31,53 միավոր: Հաղթող դասարանների յուրաքանչյուր աշակերտ` որպես մրցանակ ստացել է պլանշետ, իսկ այդ դասարանների մաթեմատիկայի 2 ուսուցիչները՝ համակարգիչներ: Խրախուսական պարգևներ են հանձնվել նաև լավ արդյունքեր ցուցաբերած դպրոցներին:

Դպրոցական մրցույթի հաղթողներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն ու Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: «21-րդ դարը տեղեկատվական տեխնոլոգիաների հաղորդակցության ժամանակաշրջան է. մեր ժամանակի փոքրիկները դեռ մինչև դպրոց հաճախելն իրենց առօրյայում դառնում են նոր տեխնոլոգիաների կրողներ: Նրանք կարողանում են օգտագործել պլանշետ, հեռախոս, զբաղվում են համակարգչային խաղերից, օգտվում տեսակապից և այլ միջոցներից: Ակնհայտ է, որ ժամանակակից երեխայի ներաշխարհում համակարգչային տեխնոլոգիաները համարվում են ամենակարևոր հետաքրքրություններից մեկը, որը լուրջ մարտահրավեր է կրթության համակարգի համար: ՀՀ կառավարության, Կրթության   և գիտության նախարարության զարգացման ծրագրերում մեծ տեղ է տրվում կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը: Մենք պետք է կրթական գործընթացում չափանիշներ սահմանեք, որպեսզի երեխան դպրոցն ավարտելու ժամանակ  ունենա համակարգչային լիարժեք գիտելիքներ և տիրապետի տեղակատվական հաղորդակցության բոլոր միջոցներին: Այդ տեսանկյունից բոլոր նախաձեռնությունները, որոնք միտված են կրթության պրոցեսում ՏՏ գործիքների ներգրավման խթանմանը, ողջունելի են»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ շնորհավորելով մրցույթին մասնակցած բոլոր աշակերտներին:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ մրցույթի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ գնահատման համակարգում սուբյեկտիվ գործոնի նվազեցումն է, քանի որ այս կարգի մրցույթներում գնահատողի դերում  էլեկտրոնային գործիքներն են. «Ես ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել թվային դարաշրջանի աշակարտներին, ովքեր համարձակություն են ունեցել գրանցվել կայքում և մրցել իրենց գիտելիքներով»,- նշել է քաղաքապետի տեղակալը:

Նշենք, որ մրցույթի կազմակերպմանը և մրցանակների ձեռքբերմանը աջակցություն են ցուցաբերել «Յունիքոմփ» կազմակերպությունը և «Մայքրոսոֆթ» կազմակերպության Հայաստանյան գրասենյակը:

2015 թվականի նոյեմբերին ստեղծված «ԻմԴպրոց» imdproc.am կայքը կրթության ոլորտում ՏՀՏ եզակի ռեսուրս է՝ նախատեսված  նախադպրոցական երեխաների, դպրոցականների, ուսանողների, մանկավարժների, ծնողների և ուսումնական հաստատությունների ղեկավարների համար: «ԻմԴպրոցը» պարունակում է տեսական նյութեր` համալրված անիմացիաներով և տեսահոլովակներով, մինչև 1500 չկրկնվող առաջադրանք, տնային աշխատանքներ և ամփոփիչ ստուգողական թեստեր: Կայքը հնարավորություն է տալիս ուսուցչին իրականացնել ինչպես առցանց և հեռավար ուսուցում, այնպես էլ կայքի շտեմարանը կիրառել դպրոցում՝ դասի ժամանակ: Ուսուցիչը կարող է հանձնարարել դասարանային, տնային և ստուգողական առաջադրանքներ` կայքում առկա առաջադրանքների հսկայական շտեմարանից, հետևել աշակերտների ուսումնական ձեռքբերումներին և ստանալ ամբողջական վերլուծական տեղեկատվություն յուրաքանչյուր աշակերտի առաջընթացի վերաբերյալ: Համակարգը ավտոմատ ստուգում, գնահատում և վերլուծում է աշակերտների արդյունքները և տրամադրում այն ուսուցիչներին` զերծ պահելով մի շարք ժամանակատար աշխատանքներից:

Աշակերտները կարող են կայքում կարդալ ու սովորել հանձնարարված դասի տեսական նյութը, այնուհետ ամրապնդել այն գործնականում՝ կատարելով կայքի առաջադրանքները, լուծելով խնդիրներն ու վարժությունները, իսկ վերջում ստուգել իրենց գիտելիքները՝ լրացնելով թեմայի վերաբերյալ ամփոփիչ թեստերը: «ԻմԴպրոց» կայքում տեղադրված առարկաների ուսումնական նյութերը մշակված են Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի հիման վրա: Կայքի ուսուցման համակարգը հիմնված է մտքի վարժանքի սկզբունքի վրա: Բազմաթիվ անգամ կատարելով առաջադրանքների չկրկնվող տարբերակները, սովորելով սեփական սխալների վրա, աշակերտը կարող է խորապես յուրացնել թեմաները:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։