ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդունել է ՌԴ թատերական արվեստի ինստիտուտի ռեկտորին
2017-02-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեկտոր, թատերական քննադատ Գրիգորի Զասլավսկուն: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական իստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը:
Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է Ռուսաստանի հետ կրթամշակութային հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված երկկողմ ջանքերը: Ներկայացնելով ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները` նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Հայաստանն անդամակցում է Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրին, որը մեծ հնարավորություններ է բացում տարբեր երկրների միջբուհական համագործակցության համար: Այդ համատեքստում նախարարն առաջարկել է ակտիվացնել միջբուհական հորիզոնական կապերըր` ինչպես ուսանողների շարժունության, այնպես էլ` դասախոսների վերապատրաստումների առումով:
Գրիգորի Զասլավսկին տեղեկացրել է, որ Հայաստան կատարած իր այցը խիստ գործնական բնույթ է կրում, մասնավորապես Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը համագործակցության պայմանագիր է ստորագրել՝ հինգ տարի ժամկետով: Պայմանագիրն իր մեջ ներառում է վերապատրաստումներ, ուսանողների փոխանակման ծրագրեր, փորձի և ուսումնամեթոդական ձեռնարկների փոխանակում, համատեղ նախագծերի իրականացում:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև բարձրագույն կրթության համակարգին վերաբերող մի շարք հարցերի: