Հանրակրթության ոլորտն ուշադրության կենտրոնում
2010-04-01
«Իրավունք դե ֆակտո» ակումբի հյուրն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն էր: Լրագրողների հետ հանդիպման թեման էր` հանրակրթության ոլորտի բարեփոխումները: Անդրադառնալով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին` նախարարի տեղակալը նշեց, որ օրենքի ընդունումը կարևոր էր հանրակրթական բարեփոխումների քաղաքականության համապատասխանեցման տեսանկյունից:
Որպես բարեփոխումների հիմնական բաղադրիչ` Մ. Մկտչյանն անդրադարձավ առանձնացված ավագ դպրոցների ցանցի ստեղծման գործընթացին` նշելով, որ ավագ դպրոցներն անցնում են նախարարության ենթակայությանը: Մ. Մկրտչյանը նշեց, որ նախապես ենթադրվում էր ունենալ շուրջ 150 դպրոցից բաղկացած ցանց, բայց գյուղական համայքներում նմանատիպ դպրոցների ձևավորման հետ կապված առաջացել են խնդիրներ, հետևաբար գյուղական համայնքերում կպահպանվեն միջնակարգ դպրոցները, իսկ մայրաքաղաքում և մեծ քաղաքներում կգործեն միայն ավագ և հիմնական դպրոցներ: Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև դպրոցների կադրային քաղաքականությանը` այդ համատեքստում նշելով, որ նախկինում նախարարությունն առանձնակի մասնակցություն չուներ տնօրենների ընտրության գործընթացում: Տնօրենների ընտրության նոր կարգը ենթադրում է տնօրենների հավաստագրում , համաձայն որի տնօրեն աշխատելու համար անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան հավաստագիր, որը տրվում է հինգ տարի ժամկետով: Հավակնորդը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթաց, հանձնել քննություն և նոր միայն իրավունք ստանալ մասնակցելու տնօրենի ընտրությանը: Բացի այդ, համապատասխան խորհրդում նախարարությունը կունենա իր ներկայացուցիչը, որը, ըստ փոխնախարարի, կավելացնի պատասխանատվություն վերոհիշյալ գործընթացում: Մ. Մկրտչյանն անդրադարձավ նաև գնահատման նոր համակարգին, որը դպրոցներում այս տարի է ներդրվել:
Ասուլիսի ընթացքում քննարկվեց նաև դպրոցական դասագրքերի և ծրագրերի խնդիրը: Նախարարի տեղակալը նշեց, որ վերանայվում է ծրագրերի գերբեռնվածության խնդիրը: Ավագ դպրոցների քաղաքականության համաձայն` կիրականացվի ծրագրերի ճշգրտում. կբեռնաթափվի հիմնական դպրոցների ծրագրերի մի մասը, որը կլինի ավելի մատչելի և, կտեղափոխվի ավագ դպրոց: Մ. Մկրտչյանն անդրադարձավ նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացին և տարակարգերով ֆինանսավորման խնդիրներին:
Ասուլիսի ընթացքում լրագրողները նաև հարցեր ուղղեցին փոխնախարարին, որոնք հիմնականում վերաբերում էին միասնական քննություններին, ավագ դպրոցներում ռուսերեն դասարանների առկայությանը, 12-ամյա համակարգի բացթողումներին և ձեռքբերումներին, ուսուցիչների հնարավոր կրճատումներին և այլ խնդիրներին:












