«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ընդլայնում է աշխարհագրությունը

2017-02-08

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոյին  և աշխատանքային այցով ՀՀ-ում  գտնվող Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովին: Հանդիպմանը
ներկա  է եղել նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են  Հայաստանի Հանրապետության մարզերի դպրոցներում «Պարենի համաշխարհային ծրագրի» աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին և ազգային փուլի ընդլայնմանն առնչվող հարցեր: ԿԳ նախարարն իր խոսքում, բարձր գնահատելով ծրագիրը, շնորհակալություն է հայտնել «Պարենի համաշխարհային ծրագրին» և ՌԴ կառավարությանը՝ Հայաստանում այն կյանքի կոչելու համար: Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ «Կայուն դպրոցական սնունդը» սոցիալական և կրթադաստիարակչական կարևոր բաղադրիչ ունեցող արդյունավետ  ծրագիր է, և ՀՀ կառավարությունը կարևորում է դրա շարունակականությունն ու ազգային փուլի ընդլայնումը: Այս նպատակով նախորդ տարվա վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է  «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, որը ստանձնելու է ծրագրի ազգային փուլի իրականացումը:
Կողմերն այս համատեքստում կարևորել են նորաստեղծ հիմնադրամի արդյունավետ  և բարձրակարգ աշխատանքը: Մասնավորապես Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել  հիմնադրամի կարողությունների հզորացմանը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված դպրոցներում  սննդի կազմակերպման տեխնիկական համալրմանը: Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոն տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին Հայաստան կհասնի Տավուշի մարզի դպրոցների համար նախատեսված սարքավորումների խմբաքանակը, որը հնարավորություն կտա ծրագիրն ավելի արդյունավետ դարձնել:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մի շարք աշխատանքային և կազմակերպչական հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։