Հայ-ռուսական կրթագիտական համագործակցությունը` հանդիպման առանցքում

2017-02-08

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Հանդիպման հիմնական առանցքում եղել է կրթական համակարգում հայ-ռուսական  փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում ամփոփման փուլում է Հայաստանում օտար լեզուների` մասնավորապես ռուսաց լեզվի  զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները: Նա ընդգծել է, որ այդ հայեցակարգով կհստակեցվի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը, ինչպես նաև օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջները և համապատասխան մեթոդաբանությունը:
Անդրադարձ է եղել Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուսումնական տարվա համար ՀՀ ԿԳՆ-ի և ՌԴ գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ հայտարարված մրցույթին վերաբերող հարցերին: Այդ համատեքստում քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից գերակա համարվող մասնագիտությունների համար այս ուսումնական տարում ուսանողներին տարկետման իրավունք տրամադրելու հարցը: 
ԿԳ նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 28-ի որոշմամբ հիմնադրված «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի առաջնահերթությունները` ընդգծելով, որ այն նպատակ ունի ապահովելու ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականությունը:
Կողմերն անդրադրաձել են նաև Հայաստանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցերի:
Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ կրթության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը դինամիկ են զարգանում, իսկ հարցերը կարգավորվում են փոխըմբռնման և փոխահամաձայնեցման մթնոլորտում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերվող  այլ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։