ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հարցազրույցը «ՀԱՅԵՐ» կայքին
2017-02-08
«...Գուցե շվեյցարականի նման չէ, բայց մեր կրթական ժամացույցն աշխատում է...». ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Չնայած, որ Լևոն Մկրտչյանի հետ հանդիպումը աշխատանքային ժամի ավարտին էր, որպեսզի զրուցենք առանց խանգարող հանգամանքների, այնուամենայնիվ մոտ երեսունհինգ րոպե սպասեցինք. կրթության և գիտության նախարարի մոտ էր «Քվանտի» տնօրենը: Ժամանակի պահանջն է: Սա չեմ գրում որպես դժգոհություն, քանի որ հանդիպման ավարտին, որը տևեց ավելի քան երկու ժամ, նախարարի ընդունարանում դեռ բազմաթիվ մարդիկ էին սպասում, որոնք, անկասկած դժգոհ էին մեզնից:
Անկեղծ ասած, նախանձելի չէր նախարարի օրը, որովհետև մենք նրան հրաժեշտ տվեցինք գրեթե ուշ երեկոյան, իսկ նա դեռ մի քանի հանդիպում ուներ:
Ավելի քան երկու ժամվա զրույցից հետո հասկացա, որ դեռ մի քանի ժամ էլ կարող էինք զրուցել ու հարցերս՝ որքան էլ համակարգված, կմնային չսպառված: Զգացի, որ մի քսանհինգ տարվա հարց կար նախարարին տալու, չնայած չգիտեմ, թե որքան է ազնիվ կրթության ու գիտության ոլորտում կուտակված բոլոր խնդիրների պատասխանները հենց Լևոն Մկրտչյանից պահանջել: Նույնիսկ, եթե նա առաջին անգամ չի զբաղեցնում այս ոլորտների նախարարի պաշտոնը:
Եվ այնուամենայնիվ, կրթության փիլիսոփայությունից մինչև միագույն ու միաձև սանրվածքներով դպրոցների տնօրենուհիներ փորձել ենք անդրադառնալ: Կարդալու համար ընդամենը քսան րոպե կպահանջվի: Կարդացեք:
-Մի առիթով ասել եք, որ «առհասարակ, կրթությունը հենված է երկու բազային արժեքների վրա՝ ազատություն և պատասխանատվություն: Նախ փորձենք մի քիչ ավելին ասել և արդյոք արտահայտվա՞ծ են այդ արժեքները հայաստանյան կրթական համակարգում:
-Փորձենք: Կրթության վերջնական նպատակը, ի վերջո գիտելիք ունեցող պատասխանատու անձի ձևավորումն է: Կրթությունը դիտարկվում է որպես գործիք՝ տվյալ տեսակի վերարտադրության համար՝ լինի դա քաղաքակրթական, պետական, թե՝ ազգային տեսակ, բայց այդ ձևաչափն ապահովելու համար ձևավորվում է կրթական համակարգ, և ըստ այդմ, ինչպես ցանկացած անձի համար՝ սկսում է խիստ կարևորվել երկու սկզբունք՝ ազատությունը և պատասխանատվությունը: Օրինակ խորհրդային ժամանակներում, եթե նույնիսկ դիտարկենք մեր մանկության շրջանը, դպրոցական համակարգը շատ լավն էր մինչև չորրորդ դասարան, երբ երեխան ազատության մեջ էր, շատ հետաքրքիր սովորում էր, շատ հետաքրքիր միջոցառումներով և այլն: Դրանից հետո, քանի որ խորհրդային համակարգն ինքը տոտալիտար, բռնատիրական համակարգ էր, չորրորդ դասարանից երեխային «ջարդում» էր գիտելիքով:
Եթե հիշում եք, հինգերորդ դասարանից մտնում էին համաշխարհային պատմության, պատմությունների դասաժամերը, մտնում էր ֆիզիկան, քիմիան և այլն: Ինչո՞ւ, որովհետև երկրի առջև խնդիր դրված չէր պահպանելու անհատի ազատությունը և դեռևս չձևավորված տարիքային խմբի երեխային միանգամից մտցնում էր պատասխանատվության տակ: Արդյունքում՝ ինքը դառնում էր պատասխանատու կատարող, ինչ-որ գաղափարախոսական դաշտի մեջ աշխատող անձնավորություն, որը դուրս էր գալիս այդ համակարգից և գիտելիքն, իսկապես, նաև ճնշամիջոցի դեր էր խաղում: Պատահական չէ, որ Արևմուտքի շատ դպրոցներում, արդեն նույնիսկ մեր հարևան Վրաստանում, կրտսեր դպրոցը ձգվում է մինչև վեցերորդ դասարան, որովհետև, ի վերջո, կրտսեր դպրոցի ձևաչափն ազատությունն է:
Ես այսօր մտածում եմ, որ իսկապես կարիք կա, որպեսզի երեխաներին առաջին-երկրորդ դասարաններում հանենք դպրոցական նստարաններից, և այդ շրջանում համակարգն ավելի շատ մտնի խաղի ձևի մեջ, որպեսզի ազատությունից դեպի պատասխանատվություն ընթացքում երեխան ինքն իր անձնական ազատության դաշտում հասկանա, որ ինքն ինչ-որ բաներ նաև հասարակության, ընտանիքի համար պիտի կատարի, իսկ գիտելիքը՝ պետք է մտնի դանդաղ, հանգիստ: Մեր դպրոցում, օրինակ, մասնագիտական ծանր առարկաները՝ ֆիզիկա, քիմիա և այլն, սկսում են յոթերորդ դասարանից: Սա միջազգային սկզբունք է: Այստեղից գալիս է մինչև ավագ դպրոց, այսինքն վերջին երեք տարիները, և այդ տարիներին ազատության և պատասխանատվության սինթեզով ձևավորվում է քաղաքացին: Իսկ այստեղ արդեն պետք է աշխատանքի կողմնորոշում լինի: Երեխան պետք է կարողանա հստակեցնել իր սկզբունքները, պետք է ունենա քաղաքացիական կրթություն, դաստիարակություն և այլն:
Հանրակրթության մեջ սա է ձևաչափը, և եթե մենք ուզում ենք խոսել կրթակարգից, պետք է նախասկիզբ հիմքը ունենանք: Նույն կերպ, երբ խոսում ենք առարկայացանկերից, դրանք երկու հիմքի վրա են. մայրենի լեզվի, որից ածանցվում է հումանիտար հոսքը, և մաթեմատիկայի, որից ածանցվում է ամբողջ բնագիտական հոսքը: Մեր խնդիրներից մեկը հանրակրթության մեջ այն է, որ մենք գիտելիքը, շփոթել ենք հմտությունների հետ և հմտությունների մի ամբողջ շարք՝ իբրև առարկա, մուտք ենք արել հանրակրթական դպրոց:
Եթե խոսում ենք դպրոցի խնդիրներից, սա պետք է հասկանանք: Իսկ ինչո՞ւ ենք «շփոթել», որովհետև ժամանակին պետության կողմից ֆինանսավորվող լրացուցիչ կրթության ֆինանսավորումը դադարեցվել է, և ամբողջ այդ հմտությունների առարկայախմբերի լոբբինգը տեղափոխվել է դպրոց:
Արդյունքում ունենք 24 առարկա, որը շաբաթական տալիս ենք երեխաներին, իսկ եվրոպական միջին ստանդարտը՝ օրինակ 5-6-րդ դասարաններում, 14 առարկայից չի անցնում: Այդ տարիքի երեխայի համար 24 առարկան իր ֆիզիկականից մեծ ծանրաբեռնվածություն է: Դրա համար թվացյալ խոսքերը՝ ազատություն և պատասխանատվություն, կամ ասենք՝ մայրենի լեզու և մաթեմատիկա, գիտելիք և հմտություններ և այլն, սրանք շատ կարևոր են ապագա չափորոշիչները ձևավորելու համար:
-Լավ, իսկ մենք այսօր փոխում ե՞նք Ձեր ասած՝ պայմանականորեն ասենք, ազատության և պատասխանատվության խորհրդային համակարգը, թե՝ չենք փոխում: Այն համակարգը գուցե լավն էր, բայց լավն էր այդ համակարգի համար: Մենք այսօր ինչ-որ մի սիմբիոզ համակարգի մեջ ենք. ոչ փոխել ենք արմատապես, ոչ մնացել ենք ամբողջովին հնի վրա:
-Շատ ճիշտ դիտարկում եք անում: Հայաստանի անկախացման պարագայում մենք ունեցանք տրանսֆորմացիոն երկիր. երկիրը կառուցվում էր, իսկ երկրի կառուցումը տասնամյակների խնդիր է: Եվ այդ ընթացքում շատ կարևոր է փոքր ժողովուրդների համար, որպեսզի իրենք լինեն քաղաքակրթական մեծ դաշտում: Չի կարող փոքր ժողովուրդը, հատկապես, եթե հավակնում է լինել կրթական տարածք կամ գիտական տարածք, դուրս մնալ քաղաքակրթական կամ կրթական մեծ տարածքից: Առաջ մենք խորհրդային կրթական տարածքում էինք: Երբ այդ տարածքը փլուզվեց, մենք պետք է ունենայինք ինչ-որ չափորոշիչներ և սկսվեցին շատ բարդ գործընթացներ: Մեր գիտական, կրթական կապերը շատ ուժեղ էին նախկին խորհրդային տարածքի հետ, բայց երկիրը սկսել էր անկախության գործընթաց, և իբրև անկախ երկիր, ինքը պետք է մտներ քաղաքակրթական նոր դաշտի մեջ:
Մենք աստիճանաբար սկսեցինք տեղաշարժվել դեպի եվրոպական կրթակարգ, բայց միաժամանակ՝ լինելով այսպես ասած ռուսա-գերմանական կրթական համակարգի դպրոց, շատ կապված էինք այդ համակարգին թե՛ մեր մենթալիտետով, թե՛ մեր գործնական կապերով և այլն: Դրական ազդեց այն, որ Ռուսաստանը նույնպես կողմնորոշվեց դեպի եվրոպական կրթակարգ: Սա ինչ-որ չափով հեշտացրեց գործընթացը: Այսօր մենք կանգնած ենք մի խնդրի առջև, երբ պետք է կրթական չափորոշիչներից անցնենք կրթակարգին, իսկ կրթակարգն այն է, երբ որոշում ես, թե երկիրն ինչպիսի երկիր է իրեն պատկերացնում, և ըստ այդմ ձևավորում ես երկրիդ կրթական հրամայականը, որովհետև կրթակարգն ինքը գործիք է: Մենք այսօր մեզ ինչպիսի՞ երկիր ենք պատկերացնում: Եթե ծառայությունների, տուրիզմի երկիր և այլն՝ սա մի կրթակարգի պահանջ ունի, եթե ատոմակայան ունեցող, լազերային, միջուկային ֆիզիկա զարգացնող երկիր և այլն՝ սա նշանակում է, որ մեր կրթակարգում դպրոցից պետք է դրվեն բոլորովին այլ չափանիշներ:
Մենք հիմա հասել ենք այն փուլին, որ պետք է «տեղափոխվենք» ազգային կրթակարգ, ինչպես արել են իրենց քաղաքակրթությունը գիտակցած, իրենց արժեքը գիտակցող ազգերը և պետությունները: Այսինքն մեզ պետք է ոչ միայն գրագետ հասարակություն, այլ նաև բարձր գիտություն ունեցող հասարակություն, որովհետև երկիրն իր ուժերով պետք է ապահովի շատ դժվար տարածաշրջանում իր գոյատևությունը, իսկ սա ենթադրում է բոլորովին այլ չափորոշիչներ: Ուրեմն, մենք պետք է ունենանք ազգային առարկայախումբ, պետք է հստակ ունենանք օտար լեզուների առարկայախումբ, բնական գիտություններինը և այլն, և այստեղից բխեցնենք մեր հիմնական առարկայացանկը:
-Մենք արդեն քսանհինգ տարվա պետություն ենք: Որքանո՞վ ենք հստակեցրել այդ խնդիրը: Ինչ-որ ասում եք, շատ լավ է, բայց մենք կարծես միշտ միայն ասում ենք:
-Մի անգամ 2002-2003-ին կրթակարգի գաղափարին մոտեցանք, որը, ցավոք սրտի, իբրև կրթակարգ չհաստատվեց, այլ հաստատվեց որպես չափորոշիչ, և խնդիրը, որը կրթակարգով դրված էր, փորձեցին լուծել մայր օրենքից ոլորտային օրենքներ ածանցելով, բայց օրենքը չի կարող կրթակարգին փոխհատուցել: Կրթակարգը փիլիսոփայություն է և գաղափարախոսություն: Մինչ այսօր արվածի արդյունքում մենք ձևավորել ենք կառույցը, ստացել ենք եվրոպական չափանիշի կառույց: Այսօր դրված է այնտեղ բովանդակությունը տեղադրելու խնդիրը, իսկ բովանդակության ներարկման գործընթացում սկսվում է կրթության որակի ապահովման խնդիրը:
ժողովրդի մոտ կա՞ն դժգոհություններ կրթության որակից: Այո, կան: Իսկ ի՞նչն է խանգարում կրթության որակի ապահովմանը. հիմնականում սոցիալական խնդիրը: Այսինքն, եթե կրթության առջև դրվի միայն որակի խնդիր, ուրեմն պետք է օպտիմալացվի ուսուցչական պոտենցիալը, համալսարանական պոտենցիալը և այլն, բայց երկրում աշխատաշուկայի զարգացած չլինելը, սոցիալական խնդիրները ստիպում են կրթությանը մտնել մեծ ծանրության տակ: Եթե, օրինակ մեկ դրույքի համար ունենք ինչ-որ մի գումար սահմանված, և այդ դրույքը ստիպված բաժանում ենք երեք մասի, բնականաբար, լինում է որակի անկում, քանի որ այլ բան է, երբ ուսուցիչը ստանում է ասենք 40.000 դրամ, մեկ այլ բան է, երբ ստանում է 120.000 դրամ:
Վստահ եմ, որ կհաղթահարենք այս խնդիրները: Մեր կրթական համակարգում շատ լավ օրինակներ ունենք, և դրանք ստեղծված են ոչ թե կոնկրետ ներդրումների, կամ դրսից ներմուծված մոդելների շնորհիվ, այլ ստեղծված են ներսում: Օրինակ, ֆիզմաթ դպրոցների ցանցը, կամ «Քվանտը», որը ձևավորվել է հայ քաղաքացու մտահոգությունից: Տեսնելով որակի անկումը, մարդիկ համալսարանից «իջան» դպրոց, ստեղծեցին իրենց դպրոցը, որպեսզի այդ դպրոցը բարձրացնի որակը:
Մեր այս միջին մակարդակի կրթական համակարգը նաև պիկեր ունի՝ «Անանիա Շիրակացին», «ԱՅԲ» կենտրոնը, «Թումոն» և այլն:
-Եվ ունի բազմաթիվ շարքային, անդեմ դպրոցներ:
-Այո, ունի և անկումներ: Կա շատ վատ մթնոլորտ, կան ինքնուրույնությունը, դեմքը կորցրած դպրոցներ, ունի ուսուցիչների մի զանգված, որոնք չեն գիտակցում իրենց ով լինելը և այլն: Մենք պետք է աշխատենք այդ միջին մակարդակը պահպանելով՝ գերազանցության կենտրոնները մոտեցնել, իջեցնել դեպի միջին մակարդակի ձևաչափ՝ այն իմաստով, որ վերջիններս շոգեքարշի դեր կատարեն:
Մեր կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ մեր կրթական ժամացույցն աշխատում է: Գուցե շվեյցարականի նման չի աշխատում, բայց՝ աշխատում է, և սա մեզ նման փոքր ժողովրդի համար հաջողություն է:
-Դուք ասել եք, որ «մենք կարիք ունենք ստեղծելու մեր ազգային կրթության բարձրորակ բրենդը»: Կոնկրետ ինչպե՞ս կձևակերպեք այդ բրենդը:
-Իմ կարծիքով առաջին ձևակերպումը տվել է Խորենացին, որն ասում էր, թեև մենք փոքր ենք, բայց մեր երկրում էլ են կատարվում բաներ, որոնք հիշատակման արժանի են: Մենք պետք է զերծ մնանք երկու ծայրահեղությունից: Առաջինը՝ որպես փոքր ժողովուրդ, մենք միշտ ուզում ենք, որ մեզ անպայման չափեն ամենակատարյալի և ամենահզորի հետ: Լավ հատկություն է, իհարկե, բայց դա կարող է լինել ընթացիկ քաղաքականության երազանք, բայց ոչ ընթացիկ խնդիր: Եվ երկրորդը, մենք մեզ շատ ենք խարազանում: Խորենացու միտքը փայլուն է. այսինքն մենք պետք է հասկանանք, որ մենք հայ տեսակն ենք, այս տեսակն անհիշելի ժամանակներից ապրում է այս տարածքում, մենք ձևավորել ենք մեր քաղաքակրթությունը, ունենք շատ յուրահատուկ հատկություն, որ աշխարհի շատ քիչ ժողովուրդներ ունեն՝ կարողանում ենք տիեզերական ձևաչափերը դարձնել ազգային: Հելլենիզմի պարագայում ենք դա արել, արել ենք Քրիստոնեության պարագայում և այլն: Ուրեմն, մենք պետք է կարողանանք լավագույնը վերցնել, բայց այդ լավագույնը չպետք է կապկենք, որովհետև մեր տեսակն ուրիշ է, այլ պիտի կարողանանք դրա վրա ձևավորել մերը:
Մի պարզ սահմանում կա, որ կրթական համակարգը Հայաստանի Հանրապետությունում գործիք է՝ ապահովելու հայ տեսակի շարունակականությունը կամ լինելիությունը: Ես, օրինակ, ոչ մի կերպ չեմ ընդունում, որ մենք, ասենք օտար լեզուների դասավանդման որակի բարձրացումը հակադրում ենք հայոց լեզվի հետ: Մենք պիտի հասկանանք, որ անվերադարձ է հայոց ազգային պետությունը, չվախենանք անընդհատ, որ, օրինակ, հայերենը կկորցնենք, հայերենին վտանգ է սպառնում և այլն: Մենք չպետք է վախենանք տարբեր բաց պլատֆորմներով աշխատելուց, որովհետև՝ որպես ուժեղ քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ, մենք մրցունակ ենք: Վախենալ կարող են այն ժողովուրդները, որոնք նոր են պատմություն ստեղծում: Մեր քաղաքակրթական հենքը մեզ պետք է տա այդ ինքնավստահությունը:
-Իսկ եթե կրթական համակարգդ չի գիտակցո՞ւմ իր առաքելությունը: Ես, օրինակ այսօր չգիտեմ, մեր կրթական համակարգը գիտակցու՞մ է իր առաքելությունը, թե՝ չի գիտակցում: Ի՞նչ կորուստներ ենք ունենում այս դեպքում:
-Մենք այսօր ունենք այդ խնդիրը: Ցավոք սրտի, հասարակության մի զգալի զանգված, որը շերտավորված է, չի գիտակցում իր առաքելությունը նաև իբրև խավ, իբրև շերտ: Եվ, բնականաբար, երկրի մասսայական կառույցները, ինչպիսիք են կրթական համակարգը, բանակը, առողջապահական համակարգը և այլն, չեն կարող լինել ավելի լավը, կամ գիտակցել ավելին, քան ընդհանուր հասարակական ընկալումն է: Յուրաքանչյուր համալսարան պետք է գիտակցի իր առաքելությունը, այո՞: Եվրոպական հավատարմագրման համակարգում սա առաջին կետն է: Հիմա, եթե մանկավարժական համալսարանը մտցնում է կադաստրային գործ, սա նշանակում է, որ չի գիտակցում իր առաքելությունը, կամ, եթե ուսուցիչը մտնում է, ասենք երկրորդ- երրորդ դասարան և երեխայի մոտ դժգոհում է երկրից, իր վիճակից, իր կենցաղից, ուրեմն ինքը չի գիտակցում, թե ինչու է այդտեղ մտել: Այո, ժողովրդի վստահությունը սեփական ուժերի և իր կառույցների նկատմամբ մեծացնելու խնդիրը կա, իհարկե, և դա պետք է լինի օրենքի գերակայությունը, քաղաքացիական ազատությունները, դիմացինի իրավունքը հարգելը, դիմացինի այլ կերպ մտածելու իրավունք ունենալը հարգելը, բայց դերի, առաքելության գիտակցումը սրանից չպետք է փոխվի:
Մեր բացթողումն ու մեր թերությունն է, հավանաբար, որ, եթե դպրոցը չի գիտակցում իր առաքելությունը, եթե համալսարանը, որի հիմնադիրը պետությունն է, չի գիտակցում, չենք ստիպում, որ գիտակցի և այստեղ անելիք շատ ունենք:
-Այդ գիտակցման խնդիրը չի՞, որ համալսարան կա, որն ունի ստոմատոլոգիայի, միջազգային հարաբերությունների, լրագրության ֆակուլտետներ: Նորմալ է՞ սա: Կամ ասենք թատերական արվեստը, դեկորատիվ կիրառական արվեստը, կատարողական արվեստը կամ գործիքային կատարողականությունն ունեն մագիստրատուրա: Իսկ ընդհանրապես կարիք կա՞ այս մասնագիտությունները սովորել չորս տարի: Սա մանիպուլյատիվ չի՞:
-Բացարձակ համաձայն եմ, բայց ինչո՞ւմ է խնդիրը: Կա մի տիպի համալսարանական համակարգ, որն ամբողջությամբ «նստած է» պետական ֆինանսավորման վրա: Այն, ինչը խորհրդային միությունում էր, ինչն այսօր Ֆրանսիայում է և այլն: Մենք էլ ունեինք այդ համակարգը, բայց մենք ամբողջական պետական ֆինանսավորման այդ համակարգը կորցրեցինք, և այսօր մեր, այսպես ասած պետական բուհերին ֆինանսավորում ենք ոչ ավելի, քան 15-20 տոկոսի չափով: Ու չնայած, որ կա հասարակության կողմից վարձավճարների ձևաչափը, բայց համալսարաններում կառավարման մոդելը չի փոխվել: Իրենք նորից մտածում են, որ պետք է ստանան մի աղբյուրից ֆինանսավորում և այդ ֆինանսավորման մեջ կառավարեն:
Օրինակ, անգլոսաքսական բուհերն առաջնորդվում են սեփական ռեսուրսները մեծացնելու տրամաբանությամբ և ամեն ինչ անում են, որպեսզի ընտրեն եկամտի տարբեր աղբյուրներ: Ամերիկյան մեր համալսարանում վարձավճարները կազմում են ընդհանուր բյուջեի 30 տոկոսը: Սա բերում է դիվերսիֆիկացիայի և բուհի մենեջմենթը «չի կախվում» ուսանողի վճարից: Ինչու՞ է կրթության որակը մեզանում ցածր, որովհետև չորրորդ անգամ կարող ես ուսանողին թողել քննության: Եթե դուրս եկավ, բուհը կզրկվի վարձավճարից: Կամ ինչու՞ է այդպիսի մեծ անհամաչափություն՝ անասնաբույժից մինչև միջազգային հարաբերություններ նույն բուհում: Նույն պատճառով: Վերջինս ավելի է վճարունակություն ապահովում: Թե ինչո՞ւ, սա այլ հարց է: Մենք այսօր խնդիր ենք դնում, որ համալսարաններում մտածողությունը փոխվի, որ ձևավորեն իրենց անձեռնմխելի ֆոնդերը, հռչակեն քաղաքականություն, որով իրենք ուսանողական վարձավճարների գումարն իրենց ընդհանուր բլոկում պետք է իջեցնեն գոնե մինչև 50 տոկոսի, որպեսզի կարողանան որակի պահպանման համար ավելի հստակ քայլերի գնալ: Աշխարհի բոլոր բարձր որակ ունեցող ռեյթինգային բուհերում, շատ առաջավոր բուհերում ընդհանրապես վերահանձնում գոյություն չունի: Չկա այդ գաղափարը:
Ինչ վերաբերվում է մագիստրատուրային, Բոլոնիայի գործընթացն այդպիսի խնդիր չի դնում, չի պահանջում: Օրինակ, բժշկության, իրավագիտության, ազգային արվեստը, մշակույթը ներկայացնող ուղղությունների համար իրենք ասում են՝ դուք որոշեք, թե ինչ համակարգ եք ուզում: Ես էլ լավ չեմ պատկերացնում, թե ասենք ի՞նչ տարբերություն դաշնակահար բակալավրի և դաշնակահար մագիստրոսի միջև: Նույնը ձեր բնագավառում: Կամ, ասենք մանկավարժական կրթությունը: Աշխարհի շատ երկրներում, օրինակ, մանկավարժական կրթությունը 80 կրեդիտ է: Մարդը մասնագետ է դառնում բակալավրում, ավելացնում է 80 կրեդիտ և դառնում է մանկավարժ: Երբ ասում ենք, որ արմատական բուհական բարեփոխումներ պետք է անենք, հենց այս խնդիրներն են, որ պիտի կարողանանք լուծել:
-Ու քանի որ արմատականը պոպուլիստական չէ, այդ պատճառով էլ արմատական փոփոխություններ չենք անում, որպեսզի հասարակության մի որոշ շերտ դուրս չգա Ձեր դեմ: Անելու ե՞նք արմատական փոփոխություններ, թե՝ չենք անելու:
-Եթե զգում ենք, որ հարցը հասունացած է, և այդ հարցը չենք փորձում անկեղծ խոսելով, պարզաբանելով, մարդկանց շահերը հաշվի առնելով արագ լուծել, այդ լուծմանը գալիս ենք երկարատև, տանջալից և շատ վատ ձևաչափով: Մասնավոր բուհերն, օրինակ, այսօր կանգնած են լուրջ ճգնաժամի առջև, մեծ մասում 100-200 ուսանող կա: Ժամանակին կարելի էր քաղաքականությունն այնպես անել, որ խոշորացվեին այդ համալսարանները: Եվ դասախոսներն ավելի քիչ կկրճատվեին և ուսանողներն ավելի շատ կլինեին և այլն: 2018-ին, օրինակ, ուսանողների թիվը բնական աճի հաշվին իջնելու է, և համալսարանները կանգնելու են ավելի լուրջ խնդիրների առջև: Ավելի լավ է մենք լուծումներն ասենք, խնդիրները կարգավորելով գնանք, քան թողնենք, որ կյանքն ինքը դաժան կերպով սրբագրումներ կատարի:
Բարեփոխումներն ինքնանպատակ չպետք է լինեն: Ժողովուրդը կրթական բարեփոխումների ձևաչափից է վախենում և հոգնել, բայց, եթե ճիշտ բացատրենք, կարծում եմ խնդիր չի լինի: Օրինակ, համալսարանական կլաստերների խնդիրը: Ի վերջո, կարելի է չէ՞ Հայաստանը դիտարկել որպես մեկ կլաստեր: Մենք ամբողջ բուհական համակարգում՝ մասնավոր, թե պետական, եթե չեմ սխալում՝ ունենք մոտ 87.000 ուսանող, իսկ սա միջին եվրոպական համալսարանի թիվ է: Եթե մենք Հայաստանի ամբողջ համալսարանական համակարգը դիտարկենք իբրև մեկ միասնական ամբողջություն, լաբորատորիաները բացենք բոլորի համար, գրադարանները բացենք, կմնա, որ մենք ապահովենք մեկ շատ կարևոր սկզբունք. ուսանողների ազատ տեղաշարժի իրավունքը, որպեսզի ուսանողին հնարավորություն տանք ստանալու իր կրեդիտը: Մենք այսօր աշխատանքային խումբն ունենք, և մշակում ենք ցանցային համալսարանների տեսությունը, գաղափարախոսությունը և կլաստերները, իսկ կլաստերի մեջ կմտնի նաև բիզնեսը, գիտական հաստատությունը, պրակտիկա իրականացնելու տեղը և այլն, և այն կդառնա շատ ավելի ճկուն, հզոր միավորում: Կլաստերները կլինեն բովանդակային, ասենք՝ ինժեներա-տեխնիկական, բնագիտական, հումանիտար և այլն:
-Ինչու՞ առաջնահերթություն չենք տալիս միջին մասնագիտական կրթությանը: Ինչո՞ւ վաճառողի, մատուցողի, սպասարկման ոլորտի աշխատողի մասնագիտությունները չենք կարևորում: Ի վերջո, համալսարանն ավարտած վաճառողուհին մանեկենին սխալ է հագցնում : Ավելի լավ չէ՞ մանեկենին հագցնողի մասնագիտությունը սովորեցնենք:
-Ես Ձեզ հետ համաձայն եմ, որ միջին մասնագիտական կրթական համակարգը, որն, ի տարբերություն բուհականի, ամբողջությամբ կապված է աշխատաշուկայի հետ, կարիք ունի լուրջ զարգացման: Երկրի զարգացման հեռանկարներից ելնելով, երբ սահմանում ենք գերակայությունները, միջին մասնագիտական կրթությունն այդ գերակայությունների հետ համահունչ պետք է զարգացնենք: Մարզերի զարգացման հայեցակարգի հետ պետք է վերանայենք նաև մարզի կրթական համակարգը: Տեսեք, որ ոլորտը, որ սկսում է աշխատաշուկայում ձևավորվել, զարգանալ, օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, միջին մասնագիտական համակարգը, նույնիսկ բուհական համակարգն այդտեղ անմիջապես սկսում է աշխուժանալ: Աշխատաշուկայի ամբողջական ձևավորված չլինելն ուղիղ ազդում է միջին մասնագիտական կրթության դաշտի վրա:
-Ե՞րբ են փոխվելու մեր դպրոցների տնօրենուհիների սանրվածքները: Ինչու՞ ասենք «Այբ»-ի կամ «Դիլիջանի» տնօրենը տարբերվում է թիվ իքս հանրակրթական դպրոցի տնօրենից: Մի տեղում տնօրենը բոլորից մեկն է, մյուսում՝ բոլորից առաջինը:
-Ես հասկացա Ձեր հարցի բովանդակությունը, էությունը: Մենք ինչ-որ մի պահի սկսեցինք կորցնել տնօրենի, ուսուցչի հեղինակությունը հասարակության մեջ: Իհարկե, արդեն խոսեցինք այդ մասին, որ մի որոշակի շերտ կա, որն իր առաքելությունը չի գիտակցում, բայց ես վստահեցնում եմ, որ տեսնում ենք հենց այն տեսակին, որն ավելի շատ է երևում: Դուք երևացող տեսակին եք տեսնում, իսկ մնացածն իրենց գործին նվիրված մարդիկ են և ոչ Ձեր ասած սանրվածքներով: Մենք 1380 դպրոց ունենք, Երևանում դրանցից ընդամենը 200-ն են: Դուք հավանաբար նրանցից ոմանց եք տեսնում ամեն օր:
-Համոզված եմ, որ շատ լավ ու նախաձեռնողական դպրոցներ ու տնօրեններ ունենք: Ես մի քիչ այլ բովանդակության մեջ էի հարցադրումն անում, որովհետև դրան հարակից հարցերը շատ են և վստահ եմ, որ Դուք դա նկատեցիք ու նրբանկատորեն շրջանցում ենք: Մի փոքր էլ խոսենք դասագրքերի մասին: Դուք տեսել ե՞ք, ասենք եկեղեցու պատմության դասագիրքը: Երբ կարդում ես, միանգամից ուզում ես եկեղեցուցդ հրաժարվել:
-Դա մեր ամենաբարդ խնդիրն է: Մենք դասագիրք գրելու դպրոց չենք ունեցել, մասնագետներ չունենք: Խորհրդային տարիներին, գիտեք, Մոսկվայում էին գրվում դասագրքերը: Այո, երբ դասագրքերում դրեցինք ակադեմիականությունը, ծանրությունը սկսեց խանգարել: Ես մտածում եմ, որ կրթության ազգային ինստիտուտի բարեփոխման շրջանակում հատուկ մի կենտրոն ստեղծենք, ունենանք 10-15 մասնագետ, որոնք կվերապատրաստվեն Արևմուտքի, Ռուսաստանի դասագրքաստեղծ հայտնի կենտրոններում, և յուրաքանչյուր առարկայի ուղղությամբ կդնեն դասագրքին ներկայացվող պահանջները՝ հստակ հաշվի առնելով տվյալ տարիքի երեխայի ֆիզիկական հատկությունները, նկարների, հանձնարարությունների հարաբերակցությունը և այլն: Նրանք պետք է նկարագրեն դասագրքի պատկերը, որից հետո դասագիրք գրողները պետք է առաջնորդվեն այդ ձևաչափով: Եթե սա ունենանք, մենք կարող ենք ապագայում ստեղծել մագիստրանտական ծրագիր, որպեսզի երկրում զարգանա դասագրքաստեղծ գործը: Նոբելյան մրցանակի դափնեկիրներ կան, որ չեն կարողացել դասագիրք գրել, որովհետև այն կապ չունի գիտելիքի հետ: Դա մի ամբողջ մշակույթ է, որը մենք չենք ունեցել: Աշխարհում կա այդ մշակույթը: Եվրոպան յուրաքանչյուր առարկայի դասագրքից մի քանի դասագիրք ունի՝ բոլորն էլ թույլատրելի և դպրոցներն իրենք են ընտրում, թե որ դասագրքով դասավանդեն: Մենք առայժմ մի դասագրքի հնարավորություն ունենք: էլեկտրոնային դասագրքերի խնդիրը ևս պետք է լուծենք: Էլեկտրոնային համակարգը բազմաթիվ խնդիրների լուծում կարող է տալ՝ երեխայի ֆիզիկական գերծանրաբեռնվածության, շարժունակության և այլն:
Այստեղ ավարտեցինք զրույցը կրթության և գիտության նախարարի հետ:
Իհարկե, բազմաթիվ հարցեր մնացին: Ներդպրոցային կռապաշտությունից մինչև վերջին զանգի պետական-ազգային-համապետական տոն, հոգեխանգարմունքի մթնոլորտ, խորհրդային ուղերձներ, ստեղծարար ուսուցումից մինչև կրթության արտահանում, գիտական, տեխնոլոգիական զարգացում և այլն... Բայց, իսկապես, քսանհինգ տարվա հարցերը միայն Լևոն Մկրտչյանից պահանջելը ազնիվ չէր լինի, մանավան, որ հարցազրույցն էլ չէր լինի ընթերցել:
Մյուս հանդիպմանը...
Արայիկ Մանուկյան