Նախարարը հանդիպել է ՀԳՄ նախագահության անդամների հետ
2017-02-03
Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանդիպումը ՀԳՄ նախագահության անդամների հետ: Քննարկվել են «Գրականություն» և «Մայրենի լեզու» դասագրքերի հրատարակմանն առնչվող, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցեր: Լևոն Մկրտչյանը նշել է, որ առկա են մի քանի լուրջ ուղղություններ, որտեղ ստեղծագործական միությունների օգնության կարիքը հստակ զգացվում է. առաջիկայում ծրագրվում է վերականգնել Տերմինաբանական խորհուրդը, բացի այդ, օտար լեզուների հայեցակարգ է մշակվում: Անդրադառնալով դասագրքերի խնդրին` նախարարը հիշեցրել է, որ Խորհրդային Միությունում ևս Հայաստանը չի ունեցել դասագրքաստեղծ մշակույթ. հիմնականում Մոսկվայի համապատասխան ինստիտուտների թարգմանություններն են եղել, և այսօր կարիք կա համապատասխան կառույց ստեղծելու. «Կառավարության վերջին նիստում վարչապետի հանձնարարականը համընկավ մեր այս նախաձեռնության հետ, որով փորձելու ենք Կրթության ազգային ինստիտուտում ստեղծել դասագրքաստեղծ կենտրոն, որը ոչ թե դասագիրք պետք է գրի, այլ կազմի դասագրքերի բովանդակությունը: Դասագիրք գրելը մշակույթ է, և այդ կենտրոնում պետք է ունանանք մարդիկ, ովքեր վերապատրաստված լինեն: Այստեղ մեծ աջակցություն կարող է ցուցաբերել Գրողների միությունը: Բացի այդ, գուցե մագիստրոսական ծրագիր ներդնենք, որպեսզի մասնագետները կարողանան նկարագրել դասագիրք գրելու պայմանը` ինչպիսին պետք է լինի տվյալ տարիքային խմբի դասագիրքը, նրա բեռնվածությունը, նկարազարդվածությունը, որակը։ Սա լուրջ խնդիր է, և կփորձենք նաև մեր մտավորականության տարբեր շերտերին, ըստ ոլորտների, համախմբե: Սրանք այն ոլորտներն են, որտեղ, առանց խորհրդատվության, նախարարությունը չի կարող իր ուժերով հաջողության հասնել»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Քննարկանը ներկա ՀԳՄ անդամները նախարարին ուղղել են տարբեր հարցեր` դասագրքերի որակի, երեխաների համար հրատարակվող մանկապատանեկան մամուլի, Սփյուռքի դպրոցների և այլ խնդիրների վերաբերյալ: