Հայաստանի կրթական քաղաքականությունը հիմնված է մարդասիրության, հանդուրժողականության, ներառականության և համամարդկային արժեքների վրա. Լ. Մկրտչյան

2017-01-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ կրթական համագործակցության ծրագրերը:

ԵՄ դեսպանը մտահոգություն է հայտնել Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարված մի գրառման վերաբերյալ, որի օգտատերը գրանցված է որպես ուսուցիչ: ԿԳ նախարարը նշել է, որ  հայ աղջկա և սևամորթ տղամարդու ընտանեկան լուսանկարի առնչությամբ  աղմուկ բարձրացրած գրառումը մտահոգել է նաև իրեն: Այդ կապակցությամբ նախարարն օրեր առաջ նամակով դիմել է Երևանի քաղաքապետին և առաջարկել ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ` տվյալ ուսուցչի մանկավարժական գործունեությունն ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կրթական քաղաքականությունը հիմնված է մարդասիրության, հանդուրժողականության, ներառականության և համամարդկային արժեքների վրա:«Ինձ այդ պատմությունը խորը մտահոգություն է պատճառել ոչ միայն այն պատճառով, որ գրառման հեղինակը ուսուցիչ է: Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, որտեղ սահմանադրորեն դատապարտվում են ռասսիզմը, այլատյացությունը, խտրականությունը: Հայ ժողովրդին բնորոշ է հանդուրժողականությունը, ինչով էլ պայմանավորված է հայկական սփյուռքի բնականոն ընթացքն աշխարհի բազմաթիվ երկրներում: Մենք պարտավոր ենք հարգել ուրիշներին, որպեսզի կարողանանք նույն հարգանքն ակնկալել նաև նրանցից»,-նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք ընթացիկ աշխատանքային հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։