Եզրափակիչ փուլն առջևում է

2010-03-30

Արդեն երրորդ տարին անընդմեջ Հայաստանի Շախմատի Ֆեդերացիան, ՀՀ կրթության և գիտության նախարարության  հետ համատեղ, կազմակերպում է Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան` Հայ ընդհանուր բարեգործական միության հովանավորությամբ: 2009 թվականի աշնանը մեկնարկած օլիմպիադայի շրջանակում մարտի 25-ից ապրիլի 15-ը ընթանում է օլիմպիադայի  մարզային փուլը:

Հայաստանի Շախմատի ակադեմիայում այսօր տեղի ունեցավ օլիմպիադայի երևանյան եզրափակիչ փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Շնորհավորելով մրցաշարի հաղթողներին` նախարար Արմեն Աշոտյանը նշեց. «Շախմատը բացառիկ խաղ է ապագա հայ մտավորականի ձևավորման համար: Այն հնարավորություն է տալիս նաև երեխաներին իրենց օրինակով տեսնելու, թե ինչպես անձնական հաղթանակը կարող է տեղավորվել թիմային հաղթանակի մեջ, իսկ թիմային հաղթանակն էլ դառնալ անձնական հաղթանակ: Շախմատը կյանքը պլանավորելու, սխալներից խուսափելու, երկարաժամկետ  ռազմավարական մտածելակերպ ձևավորելու, ազնիվ մրցակցության և ինտելեկտով կյանքի ճանապարհը հարթելու լավագույն միջոցներից մեկն է: Հանրակրթական դպրոցներում շախմատը հետզհետե բացում է իր համար յուրահատուկ ճանապարհ, որով հարստացնում է թե մեր աշակերտների առօրյան, թե դառնում ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս»: Նախարարը ներկաներին տեղեկացրեց, որ Շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ ներկայումս մշակվում է փորձնական ծրագիր` շախմատը հանրակրթական դպրոցներում որպես առարկա ներդնելու ուղղությամբ: «Վստահ եմ, որ այսօր այս սեղանների շուրջ նստած են մարդիկ, որոնք հետագայում կդառնան մեր հանրապետության պարծանքը և թույլ կտան մի օր մեզ ասելու, որ այս երեխային մենք հիշում ենք այս դպրոցի թիմի կազմում»,-նշեց նախարարը` շնորհակալություն հայտնելով բոլոր այն գործընկերներին, որոնց շնորհիվ իրականություն դարձավ «այս գեղեցիկ տոնը»:
Երևանյան եզրափակիչ փուլի արդյունքում առաջին մրցանակակիրը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Երևանի 55 դպրոցը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Երևանի թիվ 190 և 135 դպրոցները: Հաղթողներն արժանանացան նաև պարգևների և պատվոգրերի:
Հանրապետական համադպրոցական 4-րդ օլիպիադայի եզրափակիչը, որի ընթացքում կմրցեն բոլոր մարզերի, Երևանի և Արցախի հաղթող թիմերը, տեղի կունենա մայիսին, Քաջարանում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։