Վանաձորում բացվել է ծրագրավորման դպրոց

2017-01-20

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Յանդեքս» ընկերության ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, «Յանդեքս.տաքսի» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, «Յանդեքսի» ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ինչպես նաև տեխնոլոգիական և գործարար համայնքի ներկայացուցիչներ, ծրագրավորման դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ: 
Շնորհավորելով Yandex ծրագրավորման կենտրոնի մուտքը Հայաստան՝  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  շնորհակալություն է հայտնել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին՚ Հայաստանի մարզերում նման ծրագրեր  իրականացնելու համար: «Այսպիսի կենտրոնները, ըստ էության, դառնում են կենցաղի մի մաս՝ կրթական գիտական, ինտելեկտուալ: Մեր գործընկեր Յանդեքս ընկերությունը, որը Ռուսաստանի Դաշնությունում տեղեկատվական տեխնոլոգիաների վերապատրաստման գործում մեծ ավանդ ունի, փորձում է ՌԴ-ից դուրս բացել իր առաջին կենտրոններից մեկը: Սա լավ նախադեպ է և նաև հնարավորություն՝ սովորող երեխաներին լրացուցիչ կրթությանը մոտեցնելու: Նմանատիպ կենտրոնները և նման նախաձեռնություններն օգնում են նաև աշակերտների մասնագիտական  կողմնորոշման հարցում: Առհասարակ, ավագ դպրոցում աշակերտը պետք է ստանա նոր որակ, ապագա քաղաքացին ունենա հստակ մասնագիտական կողմնորոշում, մտածի ապագայում աշխատաշուկայում իր տեղը գտնելու մասին: Բացի այդ, մենք պետք է արմատապես փոխենք «Ինֆորմատիկա» առարկայի չափորոշիչները, դասագրքերը, ինչպես նաև ձևն ու բովանդակությոունը: Ուստի, նմանատիպ ծրագրերը, օրինակ, ռոբոտաշինությունը, ինչպես նաև այսպիսի տեխնոկենտրոնները օգնում են որակապես նոր իրավիճակ ստեղծել»,- նշել է Լևոն Մկրտչյանը: Նրա խոսքով` նախարարության խնդիրն է աջակցել  նմանատիպ նախագծերի կայացմանը և արդյունքների ճանաչմանը:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող ծրագրավորման դպրոցը «Յանդեքս» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում: 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։