«Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչները ստացել են հավաստագրեր

2016-12-28

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ «Այբ» դպրոցում տեղի է ունեցել «Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությունը: Ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին` իրենց ընտրած ճանապարհի և գործունեության համար: «Շատերը «Ազգային երգ ու պար» առարկան դիտում են որպես արվեստի առարկա, այնինչ դրա փիլիսոփայությունն ու իմաստը շատ ավելի խորն են: Այս առարկան աշակերտների մոտ դաստիարակում է հայի ոգի, քաղաքացիական կեցվածք և արդեն դարձել է ինքնության մի մաս: Տարիներ առաջ «Կարին» համույթը կարևոր առաքելություն սկսեց` ազգային պարերը վերադարձնելու կենցաղ: Հետևաբար առարկայի ներդրումը, այսօրվա արարողությունը այդ շարժման տրամաբանական շարունակությունն են: Երկար տարիներ դպրոցից ակնկալվել է միայն գիտելիքի փոխանցում, սակայն կրթության առավել կարևոր գործոն է նաև դաստիարակությունը: Գիտելիքը ձեռքբերովի է, արժեհամակարգը` մնայուն: Եվ այդ արժեհամակարգի ձևավորումը նաև ձեզ վրա է, հարգելի ուսուցիչներ, որը «Ազգային երգ ու պար» առարկայի միջոցով անգնահատելի է»,-մասնավորապես նշել է  Դավիթ Սահակյանը: 
Վերապատրաստված ուսուցիչներին հավաստագրեր է հանձնել ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Միջոցառման շրջանակում տեղի է ունենցել նաև «Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչների հաշվետու համերգ:
Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած:
Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում՝ թվով 113 հանրակրթական դպրոցներում:  


 
 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։