ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2016-12-23

 


2016 թվականի մեկնարկին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է կրթության ոլորտի վերաբերյալ իր հայեցակարգային տեսլականը` ընդգծելով համակարգի հիմնական մարտահրավերների ուղղությամբ նախանշվող արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Կրթական ոլորտի կարևորագույն խնդիրների կարգավորման վեկտորը հիմնականում ուղղված էր հասարակությանը մտահոգող ավագ դպրոցների բեռնաթափմանը և մագիստրոսական կրթության որակի բարելավմանը: ՀՀ ԿԳՆ հաշվետվության սեղմ տարբերակում ներկայացված են վերոնշյալ հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ տարվա ընթացքում ձեռնարկված բարեփոխումները և համակարգի ձեռքբերումների համապարփակ պատկերը:

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով փոփոխություններ են կատարվել հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններում` բեռնաթափելով 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ուսումնական ծրագիրը` սովորողների ընտրությանը թողնելով  նախընտրելի 3 առարկաներ: Այս տարի առաջին անգամ 12-րդ դասարանի ավարտական քննությունները տեղի կունենան դեկտեմբերի վերջին, իսկ ընտրված 3 առարկաների միասնական քննությունները` հունիսին:

Մշակվել են հանրակրթության պետական կրթակարգը, առարկայական չափորոշիչները և ուսումնական ծրագրերի վերանայման հայեցակարգը: «Ազգային կրթակարգի» նախագիծն ավարտական փուլում է գտնվում:
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Արարատյան բակալավրիատի կրթության գերազանցու­թյան ազգային ծրագիրը», որի առաջին փուլը կմեկնարկի մարզային ավագ դպրոցներից:
ՀՀ կառավարություն է ներկայացվել «ՀՀ կրթության զարգացման 2017-2025թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որտեղ սահմանվել են կրթության զարգացման նպատակները, գերակայությունները և գործողությունների շրջանակը:
Գյուղական դպրոցների և էլեկտրոնային կրթության զարգացման շրջանակում կազմակերպվել են փորձնական տեսադասեր` մարզային դպրոցների մասնակցությամբ: Ընտրվել են հանրապետության 10 առաջատար դպրոցներ, որոնք պատրաստ են օժանդակել աջակցության կարիք ունեցող ուսհաստատություններին: Հեռավար և էլեկտրոնային կրթության համար ընտրվել է առավել արդյունավետ համարվող առարկայախումբը /«Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և օտար լեզուներ/:  
Մշակվել է հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույց՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով:
Ստեղծվել է Օտար լեզուների դասավանդման հայեցակարգի մշակման աշխատանքային խումբ`  անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի, գերմաներենի ենթախմբերով: Հայեցակարգի մշակման նպատակը հանրակրթական դպրոցների սովորողների օտար լեզուների տրիապետման մակարդակի բարձրացմանը նպաստելն է:
Ձևավորվել է Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է մշակել կոնկրետ մեթոդաբանություն և ապահովել իրավական  դաշտ`  իր  տեսակի մեջ եզակի կլաստերի ձևավորման համար: Այն իր մեջ ներառելու է կրթության բոլոր աստիճանները, մշակութային ոլորտը, իսկ հետագայում արդեն` նաև գիտության բաղադրիչը:
Հայաստանում ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը 2016թ. ավելացել է 78-ով. ներկայումս հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող 260 հանրակրթական  ուսումնական հաստատություն, որոնցում ընդգրկված է շուրջ 6700 երեխա:     
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Միկրոէլեկտրոնիկա» առարկաները ներդրվել են ևս 5 ավագ դպրոցում: Հանրակրթական մարզային դպրոցներում բացվել է 125 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
 Ատեստավորվել է շուրջ 7000 ուսուցիչ, առաջին աստիճանի տարակարգ է շնորհվել շուրջ 700 ուսուցչի, իսկ 2-րդ աստիճանի տարակարգ՝ շուրջ 20 ուսուցչի:
«Կրթության բարելավում» վարկային նոր ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում հիմնվել է շուրջ 30 նախակրթարան` շուրջ 600 երեխայի ընդգրկմամբ:
Անցկացվել են դպրոցականների հանրապետական օլիմպիադաներ հանրակրթական 16 առարկայից, որոնց մասնակցել է շուրջ 1460 սովորող, իսկ միջազգային օլիմպիադաներին Հայաս­տանը թիմային մասնակցություն է ունեցել «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Ինֆոր­մա­տի­կա», «Աստղագիտություն» «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից՝ շահելով 15 մեդալ`  1 ոսկի,  3 արծաթ և 11 բրոնզ:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում 2016 թվականին ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի բոլոր հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին տրամադրվել է դպրոցական նախաճաշ: Ծրագրում ընդգրկված է 23014 աշակերտ:
2016 թվականին ՀՀ կառավարության, Երեխաների սնուցման համաշխարհային հիմնադրամի և Բրազիլիայում գործող Սովի դեմ գերազանցության կենտրոնի համակազմակերպմամբ Հայաստանում անցկացվել է «Երեխաների սնուցման 18-րդ համաշխարհային ֆորումը»: Հայաստան էին ժամանել 65 երկրների մոտ 250 պատվիրակներ, այդ թվում` երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ֆորումի նպատակն էր ֆորումին մասնակից երկրների  կառավարություններին ներկայացնել  դպրոցական սնուցման տարբեր ծրագրերի կարևորությունը և դրանց ազդեցությունը կրթական, առողջապահական,  սոցիալական և այլ ոլորտների վրա:
Երևանում չինարենի խորացված դպրոցի կառուցման նպատակով կնքվել է  համաձայնագիր` «Չինաստանի աջակցությամբ Հայաստանում չինական դպրոցի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ»:
Վարկային ծրագրերի շրջանակներում ուսումնասիրված և ընտրված անհետաձգելի հիմնանորոգման կարիք ունեցող թվով 20 ավագ դպրոցներից 5-ում այս տարի  սկսվել են հիմնանորոգման աշխատանքներ: Պատրաստվել են նաև թվով 12 ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Պետբյուջեի միջոցներով հիմանորոգման աշխատանքներ են կատարվել 2 ավագ դպրոցում, 1 վարժարանում, 1 ուսումնարանում և 1 քոլեջում:

ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ավագ դպրոցի 12-րդ դասարանի ծրագիրը:

Մշակվել և սահմանված կարգով քննարկման է ներկայացվել  «Սովորողների ռազմահայրենասիրական հայեցակարգը»:

 Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացած դպրոցականների 16-րդ համաշխարհային Գիմնազիադային մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը: Հայ դպրոցականներն արժանացել են  5 ոսկե, 2 արծաթե և 8 բրոնզե մեդալների` թիմային հաշվարկով զբաղեցնելով 10–րդ հորիզոնականը:

ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Վերանայվել է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) մասնագիտությունների ցանկը` համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, Որակավորումների ազգային շրջանակին (ՈԱՇ) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագիտական դասակարգիչներին:

Պետական հավատարմագրում չունեցող ՄԿՈւ հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման  քննություններին մասնակցել է 68 շրջանավարտ, որոնցից 46-ը ստացել է պետական նմուշի դիպլոմ:

Առկա ուսուցման ձևով`  նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունվել է շուրջ 3850 ուսանող, միջին մասնագիտական կրթական ծրագրով` շուրջ 7700 ուսանող,  հեռակա ուսուցմամբ` շուրջ 250 ուսանող:
Մշակվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների պետական կրթական 12  չափորոշիչ, համապատասխան ուսումնական պլաններ ու մոդուլային ծրագրեր:
Հանրապետության մարզերի 7 արհեստագործական ուսումնարաններում հիմնվել են  «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:
Մեկնարկել է գյուղատնտեսության ոլորտում նոր՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերջնական տարբերակը մինչև ամսվա վերջ կներկայացվի ՀՀ կառավարություն: Նախագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ և միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաև՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ:

Կարևորելով ապրիլյան պատերազմի մասնակիցների ընտանիքների սոցիալական բեռի որոշակի թեթևացման անհրաժեշտությունը` ՀՀ բուհերի ռեկտորներին հանձնարարվել է ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար (նաև առաջին կուրսի առաջին կիսամյակում) կատարել ուսման վարձի առավելագույն զեղչ (առնվազն 50 տոկոս)` առանց հաշվի առնելու ուսանողի ՄՈԳ-ը:
Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարան հիմնադրամն անցել է որակի միջազգային հավատարմագրում` Ֆրանսիայի բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման (HCERES) և Իսպանիայի որակի գնահատման և հավատարմագրման ազգային գործակալության /AERES/ կողմից:
Կազմակերպվել են բակալավրի կրթական աստիճանի ամփոփիչ ատեստավորման քննություններ, որոնց արդյունքում ոչ պետական բուհերի նախորդ տարիների 189 շրջանավարտներից բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնել է 136-ը:
Պետության կողմից շարունակվել է սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման գործընթացը՝ 50-100%-ի չափով: 2016 թվականին բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում սովորող 1136 առաջին կուրսեցիների հատկացվել է ուսման վարձավճարի 50-100% չափով փոխհատուցում, որը կազմել է 280.764.700 դրամ: Հատկանշական է, որ 2014/2015 ուսումնական տարվա համեմատությամբ տեղի է ունեցել ուսման վարձի փոխհատուցման էական աճ գումարային տեսքով, եթե 2014/2015 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանում (2-րդից 4-րդ կուրս) փոխհատուցվել էր 1030 ուսանողի ուսման վարձը` 223.800.800 դրամի չափով, ապա 2015/2016 ուսումնական տարում, նույն կրթական աստիճանում ընդրկվել է 1379 ուսանող՝ 306.941.920 դրամ ուսման վարձի փոխհատուցման չափով: 2014/2015 ուսումնական տարում մագիստրոսի կրթական աստիճանում փոխհատուցվել է 40 ուսանողի ուսման վարձը, 2015/2016 ուսումնական տարում փոխհատուցվել է 52 ուսանողների ուսման վարձը:
2016-2017 ուստարվա օտարերկրյա պետությունների բուհերում միջազգային պայմանագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի համար հայտարարված մրցույթների արդյունքում Չինաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի,  Լեհաստանի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու   նպատակով գործուղվել է 46 ՀՀ քաղաքացի: Նույն` միջպետական  պայմանագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի  շրջանակում ՀՀ բուհեր այս տարի ընդունվել է 61 օտարերկրյա քաղաքացի:
2016թ. ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ է ընդունվել 23 երկրի 622 ազգությամբ ոչ հայ օտարերկրյա քաղաքացի:
 

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ

Հայաստանում իրականացվել է սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստում, որին մասնակցել է 65 ուսուցիչ` 17 երկրից:

«Սփյուռքի համար մանկավարժական և մասնագիտական կադրերի պատրաստումը համալսարաններում և ասպիրանտուրայում» ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել 24 երկրի 790 սփյուռքահայ, որոնցից 160-ը՝ սիրիահայեր:

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ, ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

Նախարարության համակարգում ընդգրկված ՊՈԱԿ-ների թափուր պաշտոնների համար կազմակերպվել են թվով 2 ռեկտորի և 39 քոլեջի, ուսումնարանի և դպրոցի տնօրենի մրցույթներ:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ քննությանը մասնակցելու համար դիմել է 773 հավակնորդ,  որոնցից 559-ին շնորհվել է հավաստագիր:
Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ քննությանը մասնակցել է 30 հավակնորդ, որոնց բոլորին շնորհվել է հավաստագիր:
Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրեր է գործուղվել 22 ուսուցիչ:


ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ

ՀՀ ԿԳ նախարարի հրամաններով նախադպրոցական կրթական ծրագրով լիցենզիա են ստացել 112, հանրակրթական կրթական ծրագրով՝ 22, նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրով` 2, բակալավրի` 1, մագիստրոսի` 2 ուսհաստատություններ: Գործունեության թույլտվություն է տրվել նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրով` 43, բարձրագույն կրթական ծրագրով` 17 մասնագիտությունների:
Կասեցվել են հանրակրթական ծրագրերի 4 լիցենզիաների գործողություններ և դադարեցվել են բակալավրի և մագիստրոսի  կրթական  ծրագրերով  3 լիցենզիաների գործողություններ:

ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Ստեղծվել է Կրթության ազգային ինստիտուտի կրթական ակադեմիան YouTube-ում՝  https://www.youtube.com/user/ruzaniko, որտեղ տեղադրված են 46 կրթական բովանդակությամբ տեսադասեր: Դրանք դիտվել են մոտ 79000 անգամ:
Մշակվել է «Սոցիալական ցանցերը որպես հեռավար ուսուցման գործիք» ծրագիրը, որի նպատակն է աջակցել  մանկավարժների սոցիալական մեդիայի և թվային գործիքների կիրառման զարգացմանը, ինչպես նաև ուսումնական և կառավարման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Այս ծրագրով հեռավար եղանակով վերապատրաստում է անցել ՀՀ մարզերի գյուղական դպրոցների 32 ուսուցիչ:
ԿՏԱԿ-ի կողմից իրականացվել են 1420 կրթական ուսումնական հաստատություններ ընդգրկող Հայաստանի կրթական ցանցի սպասարկման, կառավարման և ցանցային սարքավորումների պահպանման աշխատանքները։ Ուսումնական հաստատություններին տրամադրվել են պահուստային կապի միջոցներ (յուրաքանչյուր դպրոցին մեկական 3G մոդեմ):
Վայոց Ձորի մարզում «Մեկ երեխա–մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլի շրջանակներում մարզի բոլոր դպրոցների տարրական դասարաններում ապահովվել է անլար կապի ծածկույթ, իսկ առնվազն 5 Մբ/վրկ թողունակությամբ կապուղով դպրոցները միացվել են ՀԿՑ կենտրոնական հանգույցին։
Շահագործվել է «Հայկական կրթական միջավայր» պորտալը (http://www.armedu.am/), հարստացվել է բովանդակային պարունակությունը: Ստեղծվել են շուրջ 80 նոր թեմաներ (ընդամենը` 1130 թեմա), կատարվել են 1260 գրառումներ (ընդամենը`  15310 գրառում), գրանցվել են 300 օգտվողներ (ընդամենը`  4340 գրանցված օգտվող):
«Հեռավար ուսուցում» համակարգով (http://learning.armedu.am/) ուսուցիչների համար կազմակերպվել են «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով 4 դասընթացներ (մասնակցել է 91 ուսուցիչ, 51-ը ստացել են հավաստագրեր) և ուսումնական առարկաների 56 հեռավար դասընթացներ (ընդհանուր առմամբ «Հեռավար ուսուցում» համակարգում կազմակերպվել են շուրջ 140 դասընթացներ՝ գրանցված 1740 մասնակիցների համար):
«Պաշարների շտեմարան» կայքում (http://lib.armedu.am) ըստ դասակարգված բաժինների տեղադրվել է ավելի քան 2090 նոր ուսումնամեթոդական էլեկտրոնային պաշար (պաշարների ընդհանուր քանակը` 5732), գրանցվել են ավելի քան 1050 նոր օգատագործողներ (գրանցվածների ընդհանուր քանակը` 2367):
http://schoolsite.am կայքում ըստ մարզերի և ըստ կրթության կազմակերպման ձևի տեղադրվել են ուսումնական հաստատությունների կայքերի հղումները:

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ստորագրվել է «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագիրը: Ծրագիրը մեծ հնարավորություններ է ընձեռում հայ գիտնականներին` օգտվել ԵՄ գիտական դրամաշնորհներից, ընդգրկվել համատեղ գիտական ծրագրերում: Այդ համատեքստում Երևանում կայացել է հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպումը, որին մասնակցել են ԵՄ հանձնակատարներ Յոհաննես Հանը և Կարլոս Մոեդաշը, եվրոպական երկրների կրթության և գիտության նախարարներ:

Կայացել է «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» միջազգային գիտաժողովը:
Ֆինանսավորվել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի «AREAL» գծային արագացուցչի վրա իրականացվող 5 գիտական թեմա:
Տարվա ընթացքում կազմակերպվել են գիտական ծրագրերի ֆինանսավորման ավելի քան 20 ներպետական և միջազգային մրցույթներ:
Վերանայվել և վերահաստատվել է Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկը` հայաստանյան գիտական ներուժին համապատասխանեցվելու միտումով:
Ստեղծվել է ԲՈՀ-ի` թվով 62 մասնագիտական խորհուրդների ցանցը, ընդ որում 1-ին անգամ մասնագիտական խորհուրդ կգործի նաև Գյումրիում և Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

Հանձնվել է 465 գիտական աստիճանի վկայագիր /34 դոկտոր և 431  թեկնածու/:
Բեկանվել կամ կրկնական քննարկման է ուղարկվել 46 աշխատանք /6 դոկտոր և 39 թեկնածու/` արտագրության հայտնաբերման /16 դեպք/ և բացասական կարծիքների հիմնավորմամբ:
Հաստատվել և հանձնվել է 288 գիտական կոչման դիպլոմ /68 պրոֆեսոր և 220 դոցենտ/:

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապով ընդունվել է 180 ահազանգ, որից 111-ը` Երևանից, 69-ը` մարզերից: Բոլոր ահազանգերը համապատասխան ընթացք են ստացել ինչպես նախարարության հանրակրթության վարչության, այնպես էլ կրթության պետական տեսչության կողմից:

Գործարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքի նոր տարբերակը /www.edu.am/:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։