Հուշագիր՝ ուսումնական և գիտական հեռավար միջոցառումների կազմակերպման վերաբերյալ
2016-12-12
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և «ԱՐՓԱ» (Ուսումնասիրություն, հետազոտություն և ծրագրավորում Հայաստանի համար) կազմակերպության նախագահ Հակոբ Փանոսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել ուսումնական և գիտական համատեղ ծրագրեր իրագործելու և մրցույթներ կազմակերպելու ուղղությամբ, նպաստել բուհերում հեռավար ուսուցման և վերապատրաստման արդյունավետ ծրագրերի ներդրմանը, հեռավար ուսումնական և գիտական բնույթի միջոցառումների կազմակերպմանը:
Խրախուսելով միջազգային և համահայկական գիտակրթական ներուժի ներգրավումը Հայաստանում՝ կողմերը կթողարկեն հրապարակային դասախոսությունների, սեմինարների, կոնֆերանսների, ուսումնական և գիտական բնույթի ձեռնարկներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով մայրենի լեզվի պահպանմանը և հայագիտության զարգացմանը: Մասնավորապես նախատեսվում է հայագետների միջև հաղորդակցական հարթակի ստեղծում, երիտասարդ հայագետների գիտական գործունեության մասին տեղեկությունների տարածում, երկկողմանի թարգմանությունների իրականացում, կոնֆերանսների և սեմինարների կազմակերպում, գիտելիքի գնահատում և վկայագրում: Կողմերը կփոխանակեն տեղեկություններ՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում նպատակներին համահունչ բարեփոխումների, իրականացվող ծրագրերի, ոլորտի իրավիճակային վերլուծությունների արդյունքների վերաբերյալ: Միաժամանակ համաձայն հուշագրի՝ քայլեր կձեռնարկեն ուսումնական գործընթացի կազմակերպման և տարբեր ոլորտներում գիտական հետազոտությունների անցկացման հետ կապված կարիքների գնահատման և հետագա բավարարման ուղղությամբ: