Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացումը Սյունիքի մարզում

2016-12-06

Միջին մասնագիտական և արհեստագործական կրթության զարգացման, աշխատաշուկա-կրթություն կապերի ամրապնդման գործընթացում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը առաջնահերթ է դիտարկում միջազգային և սոցիալական գործընկերների մասնակցությամբ իրականացվող ծրագրերը:  Այդ համատեքստում «Կոնգրես» հյուրանոցում տեղի է  ունեցել «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել ՀՀ գյուղատնեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը,  ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը, Սյունիքի մարզի ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ  և գործատուների ներկայացուցիչներ:

Ողջունելով ծրագրի մեկնարկը՝  ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը նշել է, որ գյուղատնտեսությունը ՀՀ կառավարության կողմից  դիտվում է գերակա ոլորտ և ցանկացած ծրագիր, որը ուղղված է համակարգի զարգացմանը, այդ թվում  կադրերի մասնագիտական կատարելագործման հզորացմանը, նախարարության կողմից խրախուսվում է. «Մեզ համար կարևոր է հատկապես հեռավոր մարզերի  ուսումնական հաստատությունների  հզորությունների և կարողությունների զարգացումը՝ շեշտը  դնելով ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության վրա: Կոնկրետ այս ծրագրի համար թիրախային ընտրված են երեք հիմնական ուղղություններ՝ անասնաբուժություն, կաթի վերամշակում և ֆերմերների կարողությունների զարգացում, որոնք կարող են իրականացվել նաև ոչ ֆորմալ կրթության ձևաչափով՝ կարճաժամկետ դասընթացների միջոցով: Ընդ որում մեզ համար կարևոր է, որ այդ դասընթացները ծառայեն ոչ  միայն սովորողների, այլ նաև քոլեջների դասախոսների և տեղական ֆերմերային ընկերություններում ընդգրկված մասնագետների հմտությունների ու կարողությունների զարգացմանը, որն էլ իր հերթին խթան կհանդիսանա գործատու-կրթություն կապի ամրապնդման համար»,- իր խոսքում նշել է Ա. Աղբալյանը՝ հույս հայտնելով, որ քառամյա  ծրագրի ավարտին առկա փորձը կտարածվի նաև այլ մարզերում:

Ներկայացնելով ՄԿՈՒ ոլորտի բարափոխումների առաջիկա գործընթացը՝ նախարարի խորհրդականն ընդգծել է, որ 2006 թվականից ՄԿՈՒ համակարգում Եվրոմիության և միջազգային գործընկեր այլ կազմակերպությունների աջակցությամբ լայնածավալ փոփոխություններ են իրականացվել: ՄԿՈՒ ոլորտում ԵՄ աջակցությամբ 2017-2020 թվականներին մեկնարկում է նաև նոր ծրագիր, որը հիմնականում միտված է մարզերում գյուղատնտեսական մասնագիտությունների  զարգացմանը. «Նախատեսվում է ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, նյութատեխնիկական ժամանակակից բազայի համալրում և դասախոսների վերապատրաստում, ինչպես նաև  ագրոմասնագիտությունների առկա կրթական չափորոշիչների  վերանայում և նորերի ստեղծում»,- նշել է  ԿԳ նախարարի խորհրդականը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը՝ շեշտելով, որ   գյուղատնտեսության կայուն զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց  որակյալ մասնագետների և կրթական ծրագրերի իրագործման:

Նշենք, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում»    կրթական ծրագիրն  իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործալակություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ծրագիրը ֆինասավորվում է  Շվեյցարիայի եկեղեցու կողմից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։