Կրթական նոր նախաձեռնություն` 21-րդ դարի մտածողությամբ

2016-12-06

ՀՀ  վարչապետի որոշմամբ նոյեմբերի 29-ին ստեղծվել է Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի անդրանիկ նիստն այսօր անցկացրել է  աշխատանքային խմբի ղեկավար` ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Քննարկմանը ներկա էին միջգերատեսչական խմբի անդամներ` ՀՀ մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների տեղակալները, ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի աշխատակազմերի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի քաղաքապետարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է  ծրագրի նախաձեռնության հեղինակ UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA և  Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

Ողջունելով մասնակիցներին`ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը  նշել է, որ Հայաստանի կրթական համակարգում արդեն  լուրջ ներդրում ունեցող   IDeA հիմնադրամն այժմ հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` նպատակ ունենալով  Դիլիջանում ստեղծել կրթական   նոր կլաստեր: Նախարարի խոսքով, իր  տեսակի մեջ կլաստերի այս գաղափարը դեռևս եզակի է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, քանի որ այն իր մեջ ներառելու է կրթության բոլոր աստիճանները, մշակութային ոլորտը, իսկ հետագայում արդեն նաև գիտության բաղադրիչը: «Այն լուրջ հնարավորություններ ունեցող նախաձեռնություն է, որը կարող է Դիլիջանում արմատապես իրավիճակ փոխել: Այս գաղափարը շատ մեծ է, հեռանկարային, ծավալուն և  տարիների աշխատանք պահանջող: Այն  մեր պետության համար առաջնահերթություն համարվող ծրագրերից մեկը կարող է լինել: Այժմ մեր խնդիրն է  աշխատանքների կազմակերպման առաջին փուլում գործընթացը ճիշտ  հունի վրա դնել, մշակել կոնկրետ մեթոդաբանություն, ապահովել իրավական  դաշտը, այնուհետև անցնել ծրագրի պիլոտային մասի կազմակերպմանը: Որպես կրթության  նախարար ես չափազանց  հետաքրքրված եմ այս նախաձեռնությամբ»,-նշել է Լևոն Մկրտչյանն ու հավելել, որ պետությունը, սահմանելով իր չափորոշիչները, պետք է բաց լինի կրթական  նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար: Երկրում  գործող գերազանցության կենտրոնները պետք է լոկալ  չգործեն, այլ նպաստեն  պետության ընդհանուր կրթական համակարգի զարգացմանը: «Ես ուրախ եմ, որ մեր բարերարները 21-րդ դարի մտածողության կրողն են և իրենք են ցուցաբերել այս նախաձեռնությունը, որը մեր կողմից մեծ աջակցություն կստանա»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Ներկայացնելով ծրագրի մանրամասները` UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ IDeA-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ  Հայաստանում իրենց կողմից իրականացվող բոլոր  կրթական ծրագրերը ծառայում են երկիրը կրթական կլաստեր դարձնելու նպատակին: «Այդ նպատակները շատ հավակնոտ են, և դրանց կարելի է հասնել միայն ջանքերը միավորելու դեպքում: Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք մեր բոլոր ծրագրերը իրականացնել մասնավոր կամ ինստիտուցիոնալ գործընկերների հետ միասին:»,-նշել է նա` տեղեկացնելով, որ արդեն այս ծրագրով որոշակի ներդրողների և բարերարների կողմից մեծ հետաքրքրություն կա:

Քննարկման արդյունքում որոշվել է  ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի  կրթական կլաստերի ստեղծման համար իրավական հիմքերը և  միջգերատեսչական  հանձնախմբին կներկայացնի համապատասխան եզրակացություն նախաձեռնություն կյանքի կոչելու համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։