Հեռավար կրթությունն ԱՊՀ կրթական տարածքում

2010-03-30

Մոսկվայի  տնտեսագիտության, վիճակագրության և տեղեկատվության համալսարանում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության բուհերի համակարգման և վերահսկման բաժնի պետ Ս.Մելիքյանը և  միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ Ս.Մկրտչյանը:

Նիստը նվիրված էր ԱՊՀ մասնակից պետություններում հեռավար /դիստանցիոն/ կրթության հիմնախնդիրներին: Նիստի օրակարգում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի մշտական հանձնաժողովի 2010 թվականի աշխատանքային պլանի հաստատման, հեռավար կրթության մոդելային օրենքի մշակման անհրաժեշտության, կազմակերպման գործընթացում լիցենզավորման պահանջների ճշգրտմանն ուղղված առաջարկությունների, զարգացմանն ուղղված երաշխավորությունների մշակման, ինչպես նաև այս բնագավառում փորձի փոխանակման նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող մարմնի ստեղծման հետ կապված հարցեր:
ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները նիստին ներկայացրել են այն գործընթացները, որոնք առկա են Հայաստանի Հանրապետությունում հեռավար կրթության զարգացման ուղղությամբ, մասնավորապես, ՀՀ կառավարության  հաստատած հեռավար կրթության կազմակերպման կարգը և այն հանձնարարականները, որոնք տրվել են ՀՀ ԿԳ նախարարությանը` համապատասխան ժամկետներում նախապատրաստելու մեթոդիկան և այն մասնագիտությունների ցանկը, որոնցով չի նախատեսվում կազմակերպել հեռավար կրթություն:
Նիստում առաջարկվել է ստեղծել ինտերնետային կայք /պորտալ/, որտեղ կներկայացվեն ԱՊՀ մասնակից պետություններում հեռավար կրթությանն առնչվող նյութեր և կկազմակերպվեն փաստաթղթերի քննարկումներ:
Կարևորվել է նաև ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի մշտական հանձնաժողովում ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ, ինչպես նաև բազային կազմակերպություն ունենալու հարցերը:
Մասնակիցների համար կազմակերպվել է սեմինար «Էլեկտրոնային կրթության բնագավառում ԱՊՀ երկրների կրթական համակարգերի ռազմավարության մշակում» թեմայով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։