Մշակվելու է հայեցակարգ` օտար լեզուների դասավանդման

2016-12-05

Նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Հատկանշելով, թե ինչ ակնկալիքներ կան կրթության բնագավառից, վարչապետը նշել է մի շարք հարցադրումներ, այդ թվում, որ Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի: Վարչապետի հանձնարարականի կատարման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել է Օտար լեզուների դասավանդման հայեցակարգ մշակելու աշխատանքային խումբ, որն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը: Բացելով նիստը` ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ օտար լեզուների դասավանդման հայեցակարգի մշակման նպատակով վերոնշյալ խմբի շրջանակներում կձևավորվեն նաև տարբեր լեզուների առանձին աշխատանքային խմբեր` մասնավորապես, անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի, գերմաներենի: Նախարարի խոսքով` պետք է հստակեցնել հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը` օտար լեզուների խորացված  ուսուցմամբ դպրոցների, չափորոշիչների հստակեցման, օտար լեզվի դասաժամերի հստակ բաշխման, ուսուցիչների վերապատրաստման ձևաչափի փոփոխության  և այլն: Ընդգծվել է օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջների հստակեցման և համապատասխան մեթոդաբանության մշակման խնդիրը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։