Ինձ համար առաջնահերթ են երեխաների դժգոհությունները. ԿԳ նախարար
2016-12-02
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին: Նախարարի գնահատմամբ՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են. «Եթե հարյուր երեխա նույն բանն են պնդում, ուրեմն ուսումնական հաստատությունում լուրջ խնդիր կա և այստեղ անելիք ունի և՛ կառավարման խորհուրդը, և՛ տնօրենը, և՛ պետական լիազոր մարմինը: Ինձ համար, որպես կրթության և գիտության նախարարի առաջնահերթ են երեխաների դժգոհությունները, որովհետև ես գիտեմ` ինչ է նշանակում կազմակերպել, ուսումնական հաստատությունում խմբեր ձևավորել, նաև հասկանում եմ՝ ինչ է նշանակում ընդհանուր դժգոհություն: Հնարավոր չէ, որ մի կոլեկտիվի բոլոր երեխաները միանգամից կազմակերպվեն և նույն բանի մասին սկսեն դժգոհել»,- նշել է նախարարը:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով` այս ուսումնական հաստատությունում խնդիրները կուտակվել են տարիներով. «Փաստը, որ վեց տարում մի քանի տնօրեն է փոխվել, նշանակում է, որ ինչ որ բան ճիշտ չէ, և մենք այստեղ խորքային լուծում պիտի տանք: Խոսքը մեր երեխաների մասին է. որքան էլ որ գործ ունենք ռազմական կրթահամալիրի հետ, պարտավոր ենք նրանց նկատմամբ ավելի ուշադիր լինել, ավելի նուրբ և ճիշտ վերաբերմունք դրսևորել: Կան մասնագիտական հարցեր, որոնք կրթահամալիրի կառավարման խորհուրդը պետք է քննարկի և լուծումներ առաջարկի»:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արդեն մի քանի օր է ուսումնասիրում է իրավիճակը, ԿԳՆ աշխատակիցներն անգամ հերթապահում են կրթահամալիրում:Կրթահամալիրի սաները դժգոհում են նորանշանակ տնօրենի ոչ մանկավարժական վերաբերմունքից, հաստատությունում տիրող անառողջ մթնոլորտից:
Հավելենք, որ ՀՀ ԿԳ նախարարի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվելու են ստեղծված իրավիճակի լուծմանն ուղղված հարցեր: Կառավարման խորհրդի նիստի վերաբերյալ կներկայացվի հավելյալ տեղեկատվություն: