Գերմաներեն լեզվի դասավանդման հայեցակարգը հանդիպման առանցքում
2016-12-02
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որ կազմում էին Հայաստանում գործող գերմանական կրթամշակութային ծրագրերի և կառույցների ներկայացուցիչները:
Ողջունելով պատվիրակությանը` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում գերմանական ներկայությունը գրեթե բոլոր ուղղություններով շոշափելի արդյունք է արձանագրել: Թերևս տեղյակ եք, որ մեր նախարարությունը նախաձեռնել է Հայաստանում օտար լեզուների դասավանդման և զարգացման հայեցակարգի մշակման գործընթացը և այս համատեքստում մեզ համար շատ կարևոր և ողջունելի է Գերմանիայի դեսպանատան կողմից Հայաստանի ուսումնական հաստատություններում գերմաներեն լեզվի դասավանդման և զարգացման խնդրի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունն ու աջակցությունը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն իր գոհունակություն է հայտնել այս տարվա գարնանը ՀՀ ԿԳ նախարարի հետ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի և համագործակցության առնչությամբ: Նա հայտնել է գերմանական կողմի պատրաստակամությունը` Հայաստանի կրթական հաստատություններում գերմաներեն լեզվի դասավանդման զարգացման վերաբերյալ: Դեսպան Քիսլերը տեղեկացրել է, որ Հայաստանում գերմաներեն լեզվի դասավանդման և զարգացման խնդիրները քննարկման առարկա են դարձել նաև Գերմանիայում և որոշում է կայացվել համախմբել Հայաստանում գործող կրթամշակութային ծրագրերի և կառույցների ջանքերը այդ նպատակի իրականացման համար: Դեսպանն առաջարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի գերմաներեն լեզվի դասավանդման հիմնախնդիրները և կներկայացնի դրանց լուծման առաջարկներ:
Նախարար Լ. Մկրտչյանը ողջունել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը` համոզմունք հայտնելով, որ այն ոչ միայն կնպաստի գերմաներեն լեզվի դասավանդման զարգացմանը, այլ նաև շոշափելի արդյունքներ կգրանցի կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև գիտության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունների առավել ակտիվացման գործում: Նախարարը բարձր է գնահատել գերմանական կողմի առանձնահատուկ վերաբերմունքը կրթության ոլորտի համագործակցության հարցերին, ինչի վկայությունն է հանդիպման ներկայացուցչական կազմը:
Հանդիպմանը ներկա ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան պատասխանատուները, ԳԱՓԾ (Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի /DAAD/), Արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի, Գյոթեի ինստիտուտի, Գերմաներեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման կենտրոնի /ZFA),Գերմանիայի ժողովրդական ինստիտուտների միավորման հայաստանյան ներկայացուցիչները ներկայացրել են մեր երկրում իրականացվող ծրագրերը և դրանց զարգացմանն ուղղված հնարավոր ուղիները: