Անդրանիկ նիստը վարեց նախարարը

2010-03-30

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ նախարարի հրամանով ձևավորված հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր նախարար Արմեն Աշոտյանը:  Ողջունելով նիստի մասնակիցներին` նախարարը նշեց, որ վերոնշյալ խորհուրդը ստեղծվել է քաղաքացիական հասարակության կառույցների առաջարկով, որոնք նախորդ տարի դիմել էին նախարարին` առաջարկելով համատեղ ուժերով ի հայտ բերել հատուկ հանրակրթական դպրոցներում առկա խնդիրները և գտնել դրանց լուծման ուղիները: 

«Յուրաքանչյուր երեխայի և յուրաքանչյուր դպրոցի խնդիրը պետք է լինի բոլորիս սեփականությունը, և ծագած յուրաքանչյուր հարց ու խնդիր պետք է լուծենք միասին: Մեր հարաբերությունները պետք է լինեն գործընկերային, և պետք է բացառել «ստուգող և ստուգվող» մոտեցումները»,- նշեց նախարարը և հավելեց, որ խորհրդի կազմում ընտրվել են բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրականացնում են կրթական ծրագրեր և աշխատանքներում ներգրավվելու հայտ են ներկայացրել:
Քննարկման արդյունքում որոշվեց 10-օրյա ժամկետում ընտրել խորհրդի նախագահ, տեղակալ և քարտուղար ու մեկամսյա ժամկետում հաստատել մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի կազմը:
Պայմանավորվածություն ձեռքբերվեց հասարակական խորհրդի անդամների վերաբերյալ տեղեկություններն ուղարկել մշտադիտարկման ենթակա բոլոր դպրոցներին, որպեսզի արդյունավետ  համագործակցության համար ստեղծվեն բոլոր հիմքերը:
Նիստի ավարտին նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ նախարարության աջակցությամբ հասարակական խորհրդի անդամների համար կկազմակերպվեն նաև վերապատրաստման համապատասխան դասընթացներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։