Կրթական համակարգը` տնտեսության հզորացման երաշխիք

2010-03-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունին: Շնորհավորելով դեսպանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նախարարը նշեց, որ կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն ունի խոր արմատներ և համոզմունք հայտնեց, որ նորանշանակ դեսպանի պաշտոնավարման օրոք այն ավելի կզարգանա:

Ա. Աշոտյանը նշեց, որ միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի բուհերում սովորելու համար հայ դիմորդների շրջանում նկատվել է մեծ ակտիվություն, և շնորհակալություն հայտնեց դեսպանատան ներկայացուցչի մասնակցության ապահովման համար: Նախարարը դեսպանին առաջարկեց հաջորդ տարի վերանայել Հայաստանին տրամադրվող կրթաթոշակների թիվը: «Չինական համալսարանները վերջին տարիներին մեծ թռիչք են արձանագրել. որոշ բուհեր համալրում են աշխարհի լավագույն համալսարանների ցանկը: Այս համատեքստում մենք ակնկալում ենք բարձրագույն կրթության ոլորտում չինական փորձի փոխանակում: Չինական լավագույն մոդելներից է կրթության և տնտեսության կապը. որակյալ կրթական համակարգը տնտեսության հզորացման երաշխիքն է»,-նշեց նախարարը` հավելելով, որ հայկական կողմն ակնկալում է համագործակցություն նաև գիտական ոլորտում, առավել ևս, որ հայ գիտական ներուժը հայտնի է նաև ՀՀ տարածքից դուրս, և առկա է հնարավոր համագործակցություն, մասնավորապես, աստղագիտության և աստղաֆիզիկայի բնագավառներում: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպանը նշեց, որ համակարծիք է նախարարի հետ. կրթությունը յուրաքանչյուր ազգի ապագան է: Կրթության նպատակը որակյալ մասնագետների պատրաստումն է, առանց որոնց անհնար է երկրի տնտեսության զարգացումը: Դեսպանը նախարարին տեղեկացրեց, որ Չինաստանի օտար լեզուների համալսարանում ուսուցանվում են շուրջ 100 լեզուներ, որոնց թվում բացակայում է հայերենը: Համապատասխան մասնագետի առկայության դեպքում դեսպանը պատրաստակամություն հայտնեց տվյալ բուհում իրականացնել նաև հայերեն լեզվի ուսուցում: Դեսպանը նաև նշեց, որ դիպլոմների փոխճանաչման վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրման անհրաժեշտություն է առաջացել: Նա հավաստիացրեց, որ չինական կողմը միշտ ողջունում է գիտական փորձի փոխանակմանը միտված քայլերի խթանումը:
Նախարարը նշեց, որ մի շարք երկրների բուհերում առկա է հայերենի ուսուցման փորձ, և եթե չինական կողմից նման շահագրգռվածություն լինի, նախարարությունը պատրաստ է համապատասխան մասնագետներ տրամադրել: Ա. Աշոտյանը ուսանողների շարժունության համատեքստում ներկայացրեց Հայաստանի փորձը և պատրաստակամություն հայտնեց աջակցել չին ուսանողների կրթությանը ՀՀ-ում այնպիսի մասնագիտություններով, որոնք կարող են մրցունակ լինել ՉԺՀ-ում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև գիտակրթական համագործակցության զարգացմանը վերաբերող այլ հարցեր:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։