էլեկտրոնային նոր վերլուծական գործիք

2016-11-23

Dasaran կրթական կենտրոնում տեղի է ունեցել հանրակրթության վիճակագրության «E-stat» էլեկտրոնային վերլուծական գործիքի ներկայացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ պետական կառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ ընդգծելով, որ կրթության և գիտության ոլորտում Եվրամիության հետ համագործակցությունը շատ կոնկրետ է և հստակ, չափելի արդյունքով: «Շնորհակալ եմ ԵՄ-ին՝ իր բաց պլատֆորմի համար, որի ընձեռած հնարավորություններից պետք է առաջիկայում լավագույնս օգտվել: Այդ առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կոնկրետ մարդկանց, քանի որ քաղաքականությունը որոշում են մարդիկ, իսկ որքանով են նրանք կարևորում կրթությունը և գիտությունը, դրանից շատ բան է կախված: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կընդլայնվի, և ԵՄ-ից կստանանք հերթական աջակցությունը՝ նախևառաջ էլեկտրոնային ուսուցման ուղղությամբ: Ներկայումս առկա են լուրջ վերափոխման կարիք ունեցող ցանց և աշխատանքների կազմակերպման հիմնախնդիրներ: Այս իմաստով Dasaran-ի գործունեությունը կարևոր է և այժմեական, քանի որ համակարգը որակ է ձեռք բերում՝ իր մոտիվացված անդամների շնորհիվ: Այսօր մեր երկրում ունենք 40 հազար ուսուցիչ, և այստեղ պետք է գտնել գործիքներ, որպեսզի յուրաքանչյուր ուսուցիչ իր աշխատանքն արժևորի և ունենա մոտիվացիա, իսկ այն լինում է՝ մասնագիտական, ֆինանսական և հայրենասիրական: Այս տարրերի ամփոփումը կարող է լուրջ արդյունք տալ: Օրինակ, Քվանտ վարժարանի փորձը, երբ դասախոսները, հասկանալով, որ որակը սկսվում է հանրակրթությունից, իրականացրին հանրակրթական ծրագիր, որի արդյունքն ակնհայտ է: Նույնը Թումոյի պարագայում՚ մարդկանց նախաձեռնություն, ովքեր ձևավորեցին 21-րդ դարի գործիք, որի նման աշխարհում դժվար է գտնել: Այս ծրագրի պարագայում ևս ունենք մոտիվացված և երիտասարդների կողմից կյանքի կոչված նախագիծ, որը ճանաչվել է աշխարհի լավագույն կենտրոններում: Հարվարդի համալսարանը հենց այնպես չի աջակցում ծրագրին, դա արդեն գնահատական է: Նման ծրագրերով այսօր մոտեցել ենք էլեկտրոնային կրթության ինկուբատորի ստեղծմանը: Պետք է ստեղծել համապատասխան հնարավորություններ, ստարթափերի լուրջ ծավալ, և այն մթնոլորտը, որ ունենք գործող մի քանի ինկուբատորների ուղղությամբ, մտցնել հանրակրթության ոլորտ: Շնորհակալություն Dasaran-ին, որ իրենց պարտադրանքով սովորեցրին մեր ուսուցիչներին՚ աշխատել բոլորովին նոր դաշտի մեջ: Սա նաև բազմակողմ համագործակցության լավ օրինակ է, հետևաբար պետությունը պարտավոր է բացել ճանապարհը, հնարավորինս թույլ տալ մարդկանց՚ ազատ և ստեղծագործ աշխատանքի մեջ լինել»,-նշել է նախարարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՚ ընդգծելով, որ այն ի նպաստ Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումների է: «Այս ծրագիրը կարևոր նշանակություն ունի ԵՄ-ի համար երկու ուղղությամբ՝ կրթության և զարգացման: Երիտասարդությունը Հայաստանի ապագայի կերտման գործում կարևոր դերակատարում ունի: Այս երկրում երիտասարդ տաղանդները շատ են, և կարևոր է նրանց կարողությունների զարգացումը հենց երկրի ներսում, որպեսզի հենց նրանք դառնան Հայաստանի զարգացման հեռանկարի կրողը: Մենք հավատում ենք, որ Հայաստանը մտնում է կրթական բարեփոխումների հեղափոխության դարաշրջան: Այսօր կարևոր է ՏՏ, թվային  համակարգերի կիրառումը, և շատ կրթական հաստատություններ փոխում են իրենց կառավարման ձևը: ԵՄ-ն կօգնի Հայաստանին՝ հաղթահարել կրթական բարեփոխումների և նոր մոդելների ձևավորման փուլը: Իհարկե, տնտեսական մարտահրավերները բարդացնում են հեռահար ծրագրերի իրականացումը, բայց Հայաստանը կարող է այդ բարեփոխումներն առաջ տանել, քանի որ հայ ժողովրդի մեջ կրթության գաղափարը խորքային է դրված: Այս երկիրն ունի լավ կրթական ավանդույթներ և նորամուծությունների տաղանդ»,-նշել է Պյոտր Սվիտալսկին՚ ընդգծելով, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել կրթական բարեփոխումներին ոչ միայն ավանդական ծրագրերով՝ էռազմուս, ՄԿՈւ ոլորտում, այլ նաև նորարարությունների, էլեկտրոնային գործիքների ներդրման պարագայում, որպեսզի նպաստի Հայաստանի զարգացմանը: Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել նախարարին՝ կառավարության հետ կրթության և գիտության ոլորտում բարձր մակարդակի համագործակցության համար:

Նշենք, որ  «E-stat» դիագնոստիկ գործիքը ստեղծվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ և «Dasaran» կրթական ծրագրի նախաձեռնությամբ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։