Մարզային օրագիր. այցելություն Արագածոտնի մարզ

2010-03-29

Նախարարության գերակա ուղղություններից մեկն աշխատանքն է մարզերի հետ. այս համատեքստում էլ շարունակվում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի այցելությունները ՀՀ մարզեր: Մարտի 27-ին նախարարն աշխատանքային այցով գտնվում էր ՀՀ Արագածոտնի մարզում` տեղում ծանոթանալու կրթական  հիմնախնդիրներին` նախադպրոցական կրթությունից մինչև բուհական կրթություն: Համաձայն օրակարգի` նախարարի առաջին հանդիպումը մարզպետարանում էր, որտեղ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին մարզի ղեկավարությունը, ուսումնական հաստատությունների ղեկավարներ:

Արագածոտնի մարզում գործում է 127 հանրակրթական ուսումնական հաստատություն, այդ թվում 122 հանրակրթական դպրոց` 3 ավագ, 79 միջնակարգ և 40 հիմնական դպրոցներ, 2 ավագ արհեստագործական ուսումնարան, 2 հատուկ և 1 մարզադպրոց, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների /եզդիաբնակ/ 20 դպրոց: Մարզում գործում է 3 արհեստագործական ուսումնարան, որտեղ ուսուցանվում են մարզի առանձնահատկություններին և պահանջներին համապատասխան մասնագիտություններ:
Բացելով խորհրդակցությունը` նախարարը նշեց, որ մարզն ունի մի շարք լուրջ առանձնահատկություններ, որոնք անհնար է հաշվի չառնել ուսումնական գործընթացի կազմակերպման, գնահատման և արդյունավետության վերջնական ցուցիչները դուրս բերելու ժամանակ: Նախևառաջ, Արագածոտնի մարզն այն բացառիկ մարզերից է, որտեղ բավականին շատ են թերկոմպլեկտավորված դպրոցները. սա ազդում է աշակերտ-ուսուցիչ հարաբերակցության վրա, որը հանրապետությունում ամենացածրն է այս տեսակետից`  7/1 հարաբերակցությամբ: Նախարարը նշեց, որ դրա հետևանքով լուրջ խնդիրներ են առաջացել` դպրոցների ֆինանսավորման հետ կապված: «Ներկայումս մշակվում է 2011-2013 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ուր հաշվի է առնվել նաև Արագածոտնի մարզպետարանի հայտը: Նախարարությունն ուրվագծել է մոտակա տարիների քաղաքականության հիմնական մոտեցումները, մասնավորապես, խոսքը վերաբերում է այն առաջարկին, որ լեռնային, բարձրլեռնային համայնքների դպրոցները և համայնքում միակը համարվող և մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցները պետք է ֆինանսավորվեն ավելի բարձր գործակցով: 2012-2013թթ.-ից փորձ կարվի կրկնապատկել այսօրվա գործակիցները` սահմանելով հավելյալ վարձատրության ավելի մեծ հնարավորություններ այդ դպրոցների համար»,-նշեց Ա. Աշոտյանը` հավելելով, որ ներկա ժողովրդագրական իրավիճակը չի շրջանցել նաև Արագածոտնի մարզը, և աշակերտների թվի նվազումը նույնպես իր հետևանքները թողել է դպրոցների պահպանման և գործունեության վրա: Նախարարը մեկ անգամ ևս հորդորեց` զերծ մնալ ուսուցիչների հնարավոր կրճատումներից: Նա առաջարկեց խնդիրը հարթել` եղած դասաժամերը բաժանելով ուսուցիչների միջև: Ա. Աշոտյանը նշեց, որ մոտակա տարիներին այս խնդրում լավատեսության համար հիմք կա. 2012 թվականին հանրապետության հանրակրթական դպրոցներում արդեն կունենանք լիարժեք 12 դասարան, որն էլ կավելացնի աշակերտների թիվը ևս 30 հազարով և թույլ կտա խուսափել ուսուցիչների հնարավոր կրճատումներից: Մարզի մյուս կարևոր առանձնահատկությունը ՀՀ-ում ամենախոշոր փոքրամասնության` շուրջ 20 եզդիաբնակ գյուղերում գործող դպրոցներն են: «Տեղական լեզուների պահպանման տեսակետից Հայաստանը ստանձնել է պարտավորություն: Եզդիերենը մտնում է պետության կողմից հովանավորվող և պաշտպանվող լեզուների ցանկի մեջ, և մենք պարտավոր ենք այդ լեզուն կրողների համար կազմակերպել համապատասխան կրթություն: Բնականաբար, տարեցտարի կատարելագործվում և ավելանում է մայրենի լեզվով դասագրքերի թիվը»,-նշեց նախարարը` հավելելով, որ որոշ եզդիաբնակ համայնքներում դժգոհություն կա` դասագրքերի որակի հետ կապված: Այս կապակցությամբ նախարարը պարզաբանեց, որ համայնքն է դասագիրքը ներկայացնում պետությանը, որը միայն ֆինանսավորում և տպագրում է այն: «Նախարարությունն այդ դասագրքերի փորձաքննությունն ապահովելու հնարավորություն չունի: Դժգոհության դեպքում պետք է գտնել մեխանիզմներ` համայնքի ուժերը օգտագործելով իրենց իսկ հեղինակած դասագրքի բարելավման համար»,-նշեց Ա. Աշոտյանը: Մյուս խնդիրը, որին անդրադարձավ նախարարը, վերաբերում էր Արագածոտնի մարզի դպրոցներից եկող դժգոհություններին և բողոքներին: «Ըստ մեր վիճակագրության, ինչպես նաև կրթության պետական տեսչության ուսումնասիրությունների, նախկինում բավականին մեծ թիվ էին կազմում մարզի դպրոցներում կատարվող կամայականությունները և ապօրինությունները: Որոշ տնօրենների կողմից սուբյեկտիվ գործոնը բավականին մեծ էր և կադրային, և կարգապահական, և ուսումնական հարցերում: Պետք է գոհունակությամբ նշել, որ վերջին շրջանում պատկերը փոխվել է. կոչ եմ անում մարզի ղեկավարությանը` նույն հետևողականությամբ աշխատել` դպրոցներում օրենքի խախտումներից, կամայականություններից, անձնական հաշվեհարդարների դրսևորումներից զերծ մնալու համար»,-նշեց նախարարը` ներկաներին տեղեկացնելով, որ դպրոցների տնօրենների ընտրության նոր մեխանիզմ է ներդրվելու, և հավանաբար ապրիլ-մայիս ամիսներին կսկսվի հավաստագրման առաջին գործընթացը: «Այս մեխանիզմը ներդրվել է` «լավ» և «վատ» տնօրեններին զանազանելու համար, թույլ չտալու, որ դպրոցներում աշխատեն մարդիկ, որոնք մանկավարժական, կազմակերպչական և այլ շնորհներ չունեն: Մեր դպրոցների մեծագույն խնդիրներից են ոչ միայն ֆինանսավորման սակավությունն ու շենքային պայմանները, այլ նաև կառավարման որակը: Հավասար պայմանների դեպքում «լավ» տնօրենը լավ դպրոցի երաշխիքն է և իմիջ ստեղծողը, «վատ» տնօրենը` վատ դպրոցի համբավ բերող անձ»,-ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով մարզի դպրոցների շենքային պայմաններին` նախարարը նշեց, որ միջնաժամկետ ծրագրում դպրոցաշինության հետ կապված առաջնահերթությունների մասով մարզը նույնպես պետք է գտնվի ուշադրության կենտրոնում: «Մարզադահլիճների բացակայությունը կամ սակավությունը համընդհանուր խնդիր է հանրապետությունում, առավել ևս Արագածոտնի մարզում ձմռան երկար տևողության պատճառով «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերը դրսում անգամ շատ հաճախ հնարավոր չէ անցկացնել: Ստեղծված իրավիճակում պետք է փորձել մարզն ավելի ակտիվ ներգրավել այն փորձնական ծրագրերի մեջ, որոնք առկա են ֆիզիկական կուլտուրայի ոլորտում, մասնավորապես, շախմատի, ֆուտբոլի, ինչպես նաև թենիսի դասավանդման համատեքստում, որի համար կարող են համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծվել»,-նշեց Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտին` նախարարը նշեց, որ վերոնշյալ ոլորտը մոտ տարիներին կտրուկ փոփոխությունների է ենթարկվելու: Համաշխարհային բանկի հետ իրականացվող երկրորդ վարկային ծրագրի շրջանակում շուրջ 140 համայնքում կստեղծվեն նախադպրոցական կրթության քիչ ծախսատար մոդելներ` հիմնականում դպրոցների բազայի հիման վրա: «Այս տարի ծրագիրը մեկնարկելու է չորս մարզում` Արագածոտն, Կոտայք, Արարատ, Արմավիր: Մարզի հաջողությունը կախված է այդ ոլորտում աշխատողների և վարչական կազմի նախաձեռնողականությունից, որովհետև ծրագրին պետք է ակտիվ մասնակցել, ներկայացնել հայտեր: Հավանաբար ապրիլին կհրապարակվեն մրցույթին մասնակցելու պայմանները, որոնցից մեկը 10 տոկոս համաֆինանսավորման նախապայմանն է և երկրորդ` շարունակականության երաշխիքը: Ծրագիրն իր հաջողությունն ու կենսունակությունն ապացուցել է նախորդ տարի Լոռու և Շիրակի 22 համայնքում: Ծրագրի միջոցով լուծվում է երեխաներին վաղ հասակից կրթության հավասար հնարավորությունների ստեղծման և դպրոցներում լրացուցիչ ուսումնական ծանրաբեռնվածության խնդիրը»,-նշեց Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով ավագ դպրոցների ծրագրին` նախարարը նշեց, որ բարեփոխումն այլընտրանք չունի, և այս տարի ևս 45 դպրոց կմիանան ավագ դպրոցների ցանցին: Ավագ դպրոցներ են գործելու միայն խոշոր բնակավայրերում. գյուղական բնակավայրերում ծրագիրը չի իրականացվելու, եթե մարզպետարանը և համայնքը  հայտ չներկայացնեն` գյուղի դպրոցներից մեկը դարձնել ավագ: Նախարարը նշեց, որ 2012-2013թթ.-ին առաջարկվել է ավագ դպրոցների ֆինանսավորման գործակիցն ավելացնել; Նախարարն անդրադարձավ նաև ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության առաջարկին և նշեց, որ նոր մեխանիզմներ են մշակվում տարրական դասարանների աշակերտներին անվճար սնունդ մատակարարելու, տեղի գյուղացիական կոլեկտիվների հետ համագործակցություն ապահովելու և արտադրանք մատակարարելու ուղղությամբ: Ծրագիրը նախատեսված է լեռնային, բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցների համար և ֆինանսավորվում է այն պայմանով, որ ամենօրյա սնունդն արտադրվի տեղի գյուղացու կամ միավորման կողմից, գնումը կատարի պետությունը և անվճար բաշխի երեխաներին: «Սննդի խնդիրը, այն էլ ճգնաժամի պայմաններում, ազդում է երեխայի առողջության և նրա կրթական հաջողությունների վրա»,-նշեց նախարարը:
Խորհրդակցության ընթացքում հնչեցին հարցեր, որոնք վերաբերում էին լեռնային գյուղերի դպրոցների վերանորոգման և ջեռուցման, նոր կառուցվող դպրոցների որակի, տարրական և հիմնական դպրոցների ուսուցիչների թվաքանակի, կադրայի հոսքերի ապահովման, ուսուցիչների տարակարգերի, հավելյալ ֆինանսավորման, երկրորդ օտար լեզվի և այլ խնդիրներին:
Խորհրդակցության ավարտից հետո նախարարն այցելեց Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոց, որն ընդգրկված էր ավագ դպրոցների ռազմավարական ծրագրի իրականացման նպատակով 2008-2009 ուստարում հանրապետության փորձնական 10 ավագ դպրոցների ցանկում: Ավագ դպրոցի հումանիտար, բնագիտական, ֆիզիկամաթեմատիկական, տնտեսագիտական և ընդհանուր հիմունքներով դասարաններում սովորում է 222 աշակերտ: Նախարարը շրջեց դասասենյակներում, զրուցեց ուսուցիչների և աշակերտների հետ, լսեց վերջիններիս տեսակետները և ակնկալիքները ավագ դպրոցների գործունեության վերաբերյալ:
Նախարարի հաջորդ այցը Ռյա Թազայի միջնակարգ դպրոց էր: Դպրոցի տնօրինությունը շնորհակալություն հայտնեց նախարարին` ազգային փոքրամասնությունների կրթական իրավունքների ապահովման և ուշադրության համար: Նախարարը զրուցեց Ռյա Թազայի դպրոցի աշակերտների և մանկավարժական կոլեկտիվի հետ, լսեց նրանց խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին մայրենի լեզվի դասագրքերին:
Այցի ընթացքում նախարարը հանդիպեց նաև Վարդաբլուր գյուղի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի կոլեկտիվին, ծանոթացավ լեռնային գյուղերի դպրոցների հիմնախնդիրներին: Մանկավարժների մտահոգությունները հիմնականում վերաբերում էին վերոնշյալ դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների, նպատակային գործուղումների, լաբորատոր սարքավորումների ձեռքբերման և համակարգչային լսարանների խնդիրներին:
Ա. Աշոտյանն այցելեց նաև Թալինի արհեստագործական ուսումնարան, որն ընդգրկված է Եվրոպական Միության «Բյուջետային աջակցություն» ծրագրում` որպես տարածաշրջանային բազմագործառութային կենտրոն, ուր ներդրվում են մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ մասնագիտություններ: Ուսումնարանում ավարտվել է ծրագրով նախատեսված վերանորոգման աշխատանքների առաջին փուլը, որը կշարունակվի նաև 2010 թվականի ընթացքում, իսկ նյութատեխնիկական բազայի հատկացումները կշարունակվեն նաև 2011 թվականին: Ծրագրի շրջանակում ուսումնարանին հատկացվել է դասասենյակային գույք, համակարգչային տեխնիկա, էլեկտրական սարքավորումներ, արհեստանոցային գույք: Նախարարը ծանոթացավ ուսումնարանի վերանորոգման աշխատանքներին, զրուցեց մանկավարժների և ուսանողների հետ: Անդրադառնալով ուսումնարանի գործունեությանը`  նախարարը նշեց, որ մարզը ուսումնարանի առջև պետք է դնի մարզի տնտեսական զարգացման հեռանկարին համահունչ կրթական ծառայությունների պատվեր` նախապես նախարարություն ներկայացնելով հայտ` տվյալ մասնագիտությամբ լիցենզիա ստանալու և համապատասխան կրթական ծրագիր իրականացնելու համար:
Նախարարի վերջին հանդիպումը Թալինի թիվ 1 մանկապարտեզի մանկավարժական խորհրդի հետ էր: Նախարարը տեղեկացրեց, որ մյուս տարի կմշակվեն նախադպրոցական կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմներ, որի արդյունքում համաֆինանսավորման միջոցով 5-6 տարեկանների ավագ խմբի պահպանման տեսանկյունից համայնքին հնարավոր կլինի որոշակի աջակցություն ապահովել: Անդրադարձ եղավ նաև նախադպրոցական միջին տարիքի խմբերի համար կրթական ծրագրի անհրաժեշտության և առհասարակ մանկապարտեզներում կրթական բաղադրիչի ապահովման խնդիրներին:
Ամփոփելով այցը` նախարար Ա. Աշոտյանը դրական գնահատեց այն և հույս հայտնեց, որ մյուս մարզեր նախատեսվող այցերը կլինեն նույնքան արդյունավետ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։