Լևոն Մկրտչյանն ընդունել է ԵՆԲ փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը

2016-11-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիի գլխավորած պատվիրակությանը: 
Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանը  բարձր է գնահատել  կրթության ոլորտում ԵՆԲ-ի հետ համագործակցությունը: «Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր աշակերտի  որակյալ կրթությունն ապահովող ցանկացած նախաձեռնություն`  ուղղված ուսումնական հաստատությունների արդիականացմանը, դպրոցների ժամանակակից լաբորատորիաներով հագեցմանը, ինչպես նաև` շենքային պայմանների բարելավմանը»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Այդ համատեքստում նախարարը կարևորել է Եվրոպական ներդրումային  բանկի կողմից մեր երկրում  իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը:
Հյուրերի խնդրանքով ներկայացնելով կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների առաջնահերթությունները` նախարարը շեշտել է, որ ներկայում  հիմնական խնդիրը որակի ապահովումն է կրթության բոլոր աստիճաններում`  հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն: Լևոն Մկրտչյանի խոսքով` Բոլոնիայի գործընթացին  անդամակցող Հայաստանի կրթական համակարգի կառույցն ամբողջությամբ համապատասխանեցվել է եվրոպական չափանիշներին, այժմ ժամանակն է լուծումներ գտնել  բովանդակային խնդիրների կարգավորման համար: ԿԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել ԵՆԲ-ի հետ համագործակցության ծրագրեր իրականացնել կրթության ոլորտի տարբեր ուղղություններով: 
Յան Վապավուրին իր գոհունակությունն է հայտնել  ԵՆԲ-ի  կողմից Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի  վերաբերյալ: Նա նշել է, որ ԵՆԲ-ն բավարարված է արդեն հաստատված ծրագրերի իրականացման որակով:  Յան Վապավուրիի խոսքով, համատեղ արդյունավետ փորձն  ամուր հիմք է ստեղծում հետագա համագործակցությունը շարունակելու համար և խնդրել է ներկայացնել հետագա համագործակցության առաջնահերթությունները:
Հանդիպման ընթացքում Լևոն Մկրտչյանը և Յան Վապավուրին քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 
 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։