Ստորագրվեց համագործակցության ծրագիր
2010-04-02
«Հիմնական կրթություն և երեխայի զարգացում Հայաստանի ազգային ծրագիր 2010-2015»-ի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև այսօր կնքվեց համագործակցության 2010-2011թվականների շարունակական աշխատանքային ծրագիրը:
Ծրագրի նպատակն է` բարձրացնել որակյալ կրթության հասանելությունը և շարունակականությունը բնակչության առավել խոցելի խմբերի համար: Ծրագիրը նախատեսում է կառավարության, հիմնական դոնորների և քաղաքացիական հասարակության հետ համատեղ, մինչև 2012 թվականն իրականացնել հետևյալ գործընթացները.
• օժանդակել նախադպրոցական կրթության զարգացման պետական ծրագրին, որն ուղղված է 70 խոցելի համայնքներում քիչ ծախսատար նախադպրոցական ծառայությունների ստեղծմանը,
• աջակցություն և վերահսկողություն իրականացնել ներառական կրթության ընդլայնման և զարգացման ուղղությունների փոփոխության ոլորտում, ինչպես նաև հատուկ կարիքներով երեխաների ծառայությունների որակի բարելավման հարցում,
• աջակցություն ցուցաբերել կրթական համակարգի ամրապնդմանը հանրապետական և տեղական մակարդակներում, ինչպես նաև դպրոցի կառավարման և ղեկավարման կարողությունների զարգացմանը,
• նպաստել դպրոցի ինքնագնահատմանն ու պլանավորմանը, տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու հնարավորություն ստեղծող տեղեկատվական համակարգի ամրապնդմանը և դպրոցի կառավարման հարցերում սովորողների, ինչպես նաև ընտանիքների և համայնքների մասնակցությանը,
• աջակցություն ցուցաբերել պետական կրթակարգում կյանքի հմտությունների զարգացմանը միտված ծրագրերի ներառմանը` կարևորելով առողջ ապրելակերպի, ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի կանխարգելումը և շրջակա միջավայրին առնչվող թեմաները:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների առկայության դեպքում կիրականցվեն նաև կրթական ծրագրերում արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցման և կառավարման ռազմավարության ինտեգրմանն ուղղված գործընթացներ:












