Հուշագիր` էլեկտրոնային կրթության զարգացմանը միտված

2016-11-04

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է «Dasaran» էլեկտրոնային կրթական հարթակի գործունեության զարգացում, նոր էլեկտրոնային գործիքների ներդնում: Ստորագրման արարողությունից հետո ՀՀ ԿԳ նախարարը կրթության ոլորտի զարգացման ուղղությամբ արդյունավետ գործունեության համար «Dasaran» կրթական ծրագրին պարգևատրել է ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»:

Կարևորելով համագործակցությունը ՝ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կրթության ոլորտում «Dasaran» էլեկտրոնային հարթակը կատարում է կարևոր աշխատանք, որն իր ձևաչափով և որակով համապատասխանում է միջազգային չափանիշներին. «Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի կրթական համակարգում ունենք տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ ձևավորված գործիք, որի վրա հիմնվելով կարող ենք զարգացնել էլեկտրոնային կրթության համակարգը»,- նշել Լ. Մկրտչյանը և հավելել, որ էլեկտրոնային հարթակի տվյալների բազան շատ լավ հիմք է՝ դպրոցների անձնագրավորման և զարգացման ծրագրերի կազմման համար:

Ստորագրված հուշագրի շրջանակում նախատասվում է էլեկտրոնային հարթակում նոր առցանց գործիքների ներդրմամբ «Սովորող-ծնող-դպրոց» անընդհատ կապը դարձնել արդյունավետ, որը կապահովի ծնողների առավել ակտիվ ներգրավվածությունը երեխաների կրթության գործընթացում: Կրթության ոլորտում առկա և մշակվելիք կրթական բովանդակություն պարունակող ծրագրերը հասանելի կդառնան էլեկտրոնային հարթակի միջոցով, ինչպես նաև կխրախուսի արտադպրոցական ծրագրերի իրականացումը: Կազմակերպվելու են նաև վերապատրաստման դասընթացներ ուսուցիչների համար: 

Ցանցի զարգացման համատեքստում նախատեսվում է նաև «Dasaran» կրթական հարթակի համահայկականացում՝ ներառելով Սփյուռքի համայնքների հայկական կրթօջախները, հնարավորություն տալով սփյուռքահայ դպրոցահասակ երեխաներին օգտվելու հարթակի կարողություններից: «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանի տեղեկացմամբ իրենք այս պահին փորձնական ծրագիր են իրականացնում Բոստոնի հայկական դպրոցներից մեկի հետ, որը միացել է էլեկտրոնային հարթակին. «2017 թվականից մենք փորձելու ենք ներգրավել նաև այլ դպրոցներ: Սփյուռքի բազմաթիվ դպրոցներ համակարգին միանալու ցանկություն են հայտնել, սակայն տեխնիկապես համակարգը դեռևս պատրաստ չէ ապահովելու բոլոր դպորցների համակցումը: Այժմ աշխատանքներ են տարվում սերվերային ցանցի հզորացման ուղղությամբ»,- նշել է Ս. Ալոյանը:

Անդրադառնալով ուսուցիչների կողմից հաճախ բարձրաձայնվող խնդրին, որ «Dasaran» կրթական հարթակում էլեկտրոնային մատյաններին ներդրումից հետո իրենք լրացուցիչ աշխատանք են կատարում՝ լրացնելով և՛ ավանդական թղթային մատյանները, և՛ նորաստեղծ էլեկտրոնայինը, ԿԳ նախարարը նշել է, որ խնդրի լուծման ուղղությամբ այժմ քննարկվում են տարբերակներ. «Մատյանները համարվում են պետական փաստաթղթեր և դրանք թղթային տեսքով արխիվացնելու իրավական պահանջ կա: Ուսուցիչների գործը հեշտացնելու համար մենք փորձում ենք ճանապարհ գտնել: Տարբերակներից մեկն այն է, որ կարող ենք որոշակի պարբերականությամբ էլեկտրոնային բովանդակությունն ուղղակի թղթի վրա տպել՝ համապատասխան կնիքով և մնացած պահանջներով դրանք դարձնել դասամատյան: Իրականացման ձևն ու ընթացակարգը պետք է քննարկենք, այդ խնդիրը մեր օրակարգում կա»:
Նշենք, որ «Dasaran» կրթական ծրագիրը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնած «Accelerate 2030» միջազգային մրցույթում ճանաչվել է աշխարհի 5 լավագույն նորարարական ծրագրերից մեկը՝ 176 երկրներից ներկայացված ծրագրերի շարքում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։