Հունագիտական և հայագիտական կենտրոններ` համալսարաններում

2016-10-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա-Նենսի Էվա Վրայլային:Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարար Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում Հունաստանի հետ մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն և այդ համատեքստում` կարևորել է համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը:
Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Էվա Վրայլան կարևորել է մեր երկու բարեկամ պետությունների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը:
Հանդիպման հիմնական առանցքում եղել է Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիրը, որի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել է այս տարվա մարտին Հունաստանում: Համաձայն ծրագրի, համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով, նախատեսվում է ակտիվացնել բարձրագույն և հետազոտական հաստատությունների միջև հետագա համագործակցությունը, իրականացնել կրթաթոշակների փոխանակում: Հայաստանում հունարեն լեզվի և մշակույթի, իսկ Հունաստանում հայոց լեզվի և մշակույթի տարածման ու զարգացման նպատակով նախատեսվում է համալսարաններում հիմնադրել համապատասխանաբար` հունագիտական և հայագիտական կենտրոններ: 
Կողմերի հավաստմամբ` ծրագրի իրականացումը նոր թափ կհաղորդի կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը: Միաժամանակ, պատրաստակամություն է արտահայտվել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ՀՀ Ազգային Ժողովի կողմից նշված փաստաթղթի վավերացումը, հնարավոր սեղմ ժամկետումներում, ապահովելու համար:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։