Լուծումներ` բովանդակային խնդիրների կարգավորման համար

2016-10-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լորենս Մերեդիթի ղեկավարած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին նախարարը նշել է, որ Եվրոպական Միությունը կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում և ուրախալի է, որ կրթության ոլորտում համագործակցության շրջանակը գնալով ընդլայնվում է:  «Կրթության համակարգում Եվրոպական Միության տրամադրած  դրամաշնորհները մշտապես  թիրախային,  բովանդակային և շատ օգտակար են եղել:  Եվրոպական Միության հետ հարաբերությունները մենք համադրել ենք դոնոր երկրների վարկային ծրագրերի համատեքստում: Շուրջ քսան տարի հանրակրթության ոլորտում  Համաշխարհային բանկը վարկային ծրագիր է իրականացնում, ուստի ԵՄ դրամաշնորհներն  ուղղորդվում էին  կրթության համակարգի այլ ուղղություներին, ինչպիսին է օրինակ` միջին մասնագիտական ոլորտը»,-նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել,-«Այսօր հիմնական խնդիրը որակի ապահովումն է կրթության բոլոր աստիճաններում`  հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն: ՀՀ կրթական համակարգը ներկայում անդամակցում է Բոլոնիայի գործընթացին և մենք եվրոպական կրթական տարածքի մաս ենք կազմում: Այս ընթացքում կրթական համակարգի կառույցն ամբողջությամբ համապատասխանեցվել է եվրոպական չափանիշներին և ժամանակն է լուծումներ գտնել  բովանդակային խնդիրների կարգավորման համար»: Այդ համատեքստում նախարարը կարևորել է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները: Նա ընդգծել է, որ փոքրաթիվ ուսանողներ ունեցող բուհերում որակի խնդիրն ակնհայտ է, ուստի  կարիք է  առաջացել ցանցային համալսարանների ձևավորմամբ առկա խնդիրներին լուծումներ տալու: Նախարարի խոսքերով`  բարձրագույն կրթության ոլորտում տիրող իրավիճակի կարգավորումը ենթադրում է բարեփոխումների  ամբողջական ծրագիր:

Պատվիրակության ղեկավար Մերեդիթն իր հերթին կարևորել է կրթության առանցքային նշանակությունը երկրի զարգացման գործում, նա մանրամասներ է ներկայացրել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում (ՄԿՈՒ) Եվրոպական Միության կողմից իրականացվելիք «Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատանքի համար» բյուջետային աջակցության ծրագրի վերաբերյալ:

Նշենք, որ վերոնշյալ ծրագրով նախատեսվում է հիմնականում գյուղատնտեսական և այդ ոլորտին առնչվող ՄԿՈՒ պետական կրթական չափորոշիչների և ուսումնական պլանների մշակում, մանկավարժների և ուսուցման վարպետների վերապատրաստում, մասնավոր հատվածի արդյունավետ ներգրավվածության ապահովում և այլն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։