Փոխըմբռնման հուշագիր` հայ-իտալական գիտակրթական համագործակցության

2016-10-26

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Իտալիայի Հանրապետության կրթության, համալսարանների և հետազոտությունների նախարարության միջև այսօր ստորագրվել է կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Իտալիայի դեսպանին արդյունավետ համագործակցության համար` ընդգծելով, որ վերոնշյալ հուշագրով ևս մեկ անգամ ամրագրվում են կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղությունները: «Իտալիան այն երկրներից է, որի հետ ավանդաբար եղել են բազմաբովանդակ կրթական հարաբերություններ: Այս հուշագրով կարևորվում է համագործակցությունը հետազոտական ինստիտուտների և համալսարանների միջև, որը մեզ համար էական նշանակություն ունի, քանի որ այս տարի նախատեսվում է Երևանում բացել «Հորիզոն-2020» ծրագրի գրասենյակ: Այս ծրագրի միջոցով Հայաստանը ներգրավվելու է եվրոպական գիտական ծրագրերում, և այդ առումով Իտալիայի հետ հարաբերությունները շատ կարևոր են` միջհամալսարանական համագործակցության ոլորտում նոր կապեր ստեղծելու տեսանկյունից»,-նշել է նախարարը: Անդրադառնալով գիտական կառույցների միջև հնարավոր համագործակցությանը` Լևոն Մկրտչյանը մատնանշել է  Մատենադարանի օրինակը: «Ինչպես գիտեք, Մատենադարանն այն եզակի գիտական հաստատություններից է, որը լուրջ աշխատանք է տանում հին ձեռագրերի պահպանման տեսանկյունից: Այս ոլորտում Իտալիան համարվում է աշխարհի առաջատար երկրներից մեկը, և այս հուշագրի կնքումից հետո կարող  ենք առաջարկել Մատենադարանի տնօրինությանը` դիմել Իտալիայի լավագույն բուհերին` մագիստրոսական կամ ասպիրանտական ծրագրեր իրականացնելու համար: Արվեստի բուհերի մասով ևս Իտալիայի համալսարանները աշխարհի առաջնակարգ ուսհաստատություններն են համարվում, և այս ուղղությամբ կարելի է համագործակցությունը զարգացնել և նոր ծրագրեր իրականացնել»,-նշել է նախարարը:
Իտալիայի դեսպանը ևս իր շնորհակալությունն է հայտնել ՀՀ իշխանություններին` երկու երկրների միջև կրթության ոլորտում եղած արդյունավետ համագործակցությոան համար: «Կնքված հուշագիրը հիմք է, որի վրա կկառուցվի երկու երկրների միջև հետագա համագործակցությունը: Երկու կողմից էլ մեծ հետաքրքրություն կա` այն զարգացնելու տեսակետից: Համագործակցությունը բոլոր ոլորտներում, լինի տնտեսական, առևտրային և այլն, կարևոր է, սակայն հատկապես կրթության և մշակույթի ոլորտում այն որոշիչ դեր է խաղում` երկու ժողովուրդների մերձեցման տեսանկյունից»,-ընդգծել է դեսպանը:
Նշենք, որ համաձայն ստորագրված փաստաթղթի` կողմերը կխրախուսեն ուսանողների, հետազոտողների և պրոֆեսորների փոխանակումները` միմյանց կրթական և գիտական փորձառության փոխճանաչման և հաստատությունների հաջողված փորձի, ինչպես նաև երկու երկրների կրթական և գիտական կապերի ամրապնդման նպատակով: Ըստ հուշագրի` կողմերը կնպաստեն իրենց երկրների միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, ինչպես նաև հետազոտական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատմանն ու զարգացմանը, կօժանդակեն ու կխրախուսեն կրթական հաստատությունների միջև թվինինգ ծրագրերի իրականացումը: Բացի այդ, հուշագրով կողմերը կնպաստեն հետազոտողների և պրոֆեսորների միջև փորձի և հմտությունների փոխանակմանը և կօժանակեն դասընթացների, համատեղ սեմինարների, գիտաժողովների և ցուցահանդեսների կազմակերպմանը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակմանը` կրթության և գիտական հետազոտությունների ոլորտում և կխթանեն համատեղ նախագծերի մշակումն ու իրականացումը: 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։